Ղարաբաղում եկել է վճռորոշ պահը: Հուլիսի 19-ին ընտրելու իրավունք ունեցող ղարաբաղցիները կընտրեն երկրի նոր նախագահ: Թե 5 թեկնածուներից ո՞ւմ նախապատվությունը կտա ընտրողների մեծ մասը` ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Քարոզարշավի վերջին օրը Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում նախագահի բոլոր թեկնածուներին հնարավորություն ընձեռվեց հանդես գալ քարոզչական խոսքով: Ամենասենսացիոնը, թերեւս, նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանի խոսքն էր: Ի դեպ, այս թեկնածուն քարոզարշավի ժամանակ շատ պասիվ էր` ոչ հեռուստատեսությամբ էր ելույթ ունենում, եւ ոչ էլ հանդիպում էր ընտրողների հետ, սակայն շատ վստահ է, որ հենց ինքն է դառնալու երկրի նախագահը: «Բոլոր պատգամավորներից միայն ես եմ դեմ քվեարկել Սահմանադրության ընդունմանը,- ասաց Արմեն Աբգարյանը` հեռուստաելույթի ընթացքում: -Ես հանդես եմ գալիս Ղարաբաղի եւ Հայաստանի շուտափույթ միացման օգտին: Մենք պետք է մեկ նախագահ ունենանք: Ես հավակնում եմ այդ պաշտոնին միայն մի նպատակով` Ղարաբաղը միացնել Հայաստանին եւ հանգիստ հրաժարական տալ: Ես դեմ եմ տարածքները թշնամուն հանձնելուն, որոնք ազատագրվել են մեր տղաների արյամբ»: Ա. Աբգարյանը քննադատել է իր մրցակիցներին, բացի Բակո Սահակյանից, որը նախկինում եղել է Արմեն Աբգարյանի տեղակալը, իսկ Ա. Աբգարյանը թիկունքի գծով գլխավոր հրամանատարի տեղակալն էր: Թեկնածուն իրեն անվանեց իսկական ընդդիմություն:
Իսկ Վանյա Ավանեսյանը դարձյալ խոսեց սոցիալական խնդիրների մասին` նշելով, որ պետք է սոցիալական արդարություն ստեղծել:
Կոմկուսի ղեկավարը նշեց, որ եթե նա չընտրվի էլ, ապա նախընտրական շրջանը լավ առիթ էր` հիշեցնելու այն մասին, որ Կոմկուսը կա եւ կլինի:
Մասիս Մայիլյանն իր խոսքում պարզապես շնորհակալություն հայտնեց ընտրողներին, որոնք հավատացել են իրեն եւ ջերմ են ընդունել, թեեւ որոշ տեղերում հանդիպումները խոչընդոտվում էին:
Բակո Սահակյանն ընտրողներին կոչ արեց գնալ ընտրությունների եւ շնորհակալություն հայտնեց քաղաքական այն ուժերին, որոնք նրան սատարել են որպես միասնական թեկնածու:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, ըստ ընտրացուցակների, Ղարաբաղում ընտրողների թիվը կազմում է 91.166:
Հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն 100-ից ավելի միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելության նպատակով Ղարաբաղ են այցելել դիտորդներ` ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Սերբիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ տարբեր պետություններից եւ Հայաստանից: Ընտրությունները լուսաբանելու նպատակով Ղարաբաղ են այցելել նաեւ տարբեր երկրների լրագրողներ: