Նախագահական ընտրություններից ութ ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում գերիշխում են երկու միմյանց հակադիր եւ հավասարապես ծայրահեղ դիրքորոշում։ Ըստ դրանցից մեկի, ՀՀ հաջորդ նախագահն այլընտրանք չունի, իսկ ըստ մյուսի՝ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու ոչ մի շանս չունի։ Ըստ էության, երկու տեսակետներն էլ սխալ են։ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու բավականին մեծ շանսեր ունի, բայց դրանք առայժմ ընդամենը շանսեր են։ Ի վերջո, եթե նույնիսկ ընդունենք, որ խորհրդարանական ընտրությունները «մաքուր» են եղել, միեւնույն է՝ փաստն այն է, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ն 32 տոկոս է ստացել։ Իսկ 32 տոկոսով նախագահ չեն դառնում։
Սոցիոլոգիական հետազոտություններն այս դեպքում մեծ հաշվով անիմաստ են։ Նախ՝ որովհետեւ Հայաստանում նման հարցումները, որպես կանոն, օբյեկտիվ չեն, եւ երկրորդ՝ մարդիկ իրենք չեն վստահում հարցումն անցկացնողներին ու շատ հաճախ պարզապես խաբում են։ Ուրեմն ինչպե՞ս պարզել՝ շանս ունի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ։ Այստեղ նույնիսկ ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդիրը չենք քննարկի, որովհետեւ խնդիրը մեծ հաշվով անձերը չեն։ Հարցը բավականին հստակ է։ Եթե Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ, ուրեմն Հայաստանում առաջիկա առնվազն հինգ տարիներին գրեթե ոչինչ չի փոխվում (կադրային վերադասավորումներ ու մանր-մունր փոփոխություններ, իհարկե, կլինեն, բայց դա էական չէ)։ Իսկ եթե նախագահ է դառնում ուրիշ մեկը, բոլոր ոլորտներում կտրուկ փոփոխություններ են լինում (այդ փոփոխություններն, ի դեպ, կարող են լինել եւ՛ դեպի լավը, եւ՛ դեպի վատը. նայած, թե ով կընտրվի)։ Հետեւաբար, ընտրություն կատարելուց առաջ պետք է կարողանանք պատասխանել առնվազն երկու հարցի. 1. Պե՞տք են արդյոք Հայաստանին փոփոխություններ, 2. Ի՞նչ կլինի, եթե այդ փոփոխությունները տեղի չունենան։
Հիմա քննարկենք ըստ ոլորտների։ Առաջինը՝ բնականաբար, ղարաբաղյան հարցն է։ Այս պահին մեր հասարակությանն այդ հարցն առանձնապես չի հուզում, հետեւաբար «պե՞տք են արդյոք փոփոխություններ» հարցը շատ տեղին է։ Իսկապես, իսկ ինչո՞ւ պիտի որեւէ բան փոխենք, եթե միջազգային ճնշումներն առայժմ «դատարկ խոսքերից» այն կողմ չեն անցնում, իսկ Հայաստանն էլ, ինչպես Օսկանյանն է ասում, դեռ մի հարյուր տարի կզարգանա շրջափակման պայմաններում։ Ուրեմն միանգամից երկրորդ հարցին անցնենք. ի՞նչ կլինի, եթե ղարաբաղյան հարցում անցած տասը տարիների քաղաքականությունը չփոխենք։ Տեսականորեն այստեղ հնարավոր է երեք տարբերակ։ Կամ աշխարհն ինչ-որ հրաշքով փոխում է դիրքորոշումը եւ Կոսովոյի օրինակով ճանաչում ԼՂՀ անկախությունը, կամ Ադրբեջանն ի վերջո ձանձրանում է, ձեռքը թափ տալիս եւ մոռանում Ղարաբաղն ու հարակից տարածքները, կամ պատերազմը վերսկսվում է։ «Կոսովոյի տարբերակի» հավանականությունը, մեր մեջ ասած, չնչին է։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ դրան հասնելու ճանապարհին, եթե հիշում եք, ՆԱՏՕ-ն «մի թեթեւ» ռմբակոծել է Սերբիան։ Իսկ Բաքուն ռմբակոծելու որեւէ ցանկություն, չգիտես ինչու, Արեւմուտքն առայժմ չի ցուցաբերում։ Գրեթե անհավանական է նաեւ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կձանձրանա ու ձեռքը թափ կտա։ Մնում է միայն պատերազմի տարբերակը։ Պատերազմից, ի դեպ, չարժե խուսափել ցանկացած գնով։ Պարզապես պետք է հասկանալ, որ այսօրվա քաղաքականության ամենահավանական «վերջնակետը» հենց դա է։
Անցնենք տնտեսությանը։ Պե՞տք են արդյոք այս ոլորտում փոփոխություններ։ Այո, անպայման պետք են։ Պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է տնտեսությունը դուրս բերել ստվերից, եւ այլն։ Այս ամենն, ի դեպ, գրված է նաեւ ՀՀԿ ծրագրում, բայց փաստն այն է, որ անցած տասը տարիներին այս ոլորտներում այսօրվա իշխանությունները ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն արել։ Հետեւաբար, իշխանությունների «շարունակականության ապահովման» դեպքում մեծ է հավանականությունը, որ ոչինչ չի փոխվի։ Կամ կփոխվի այնպես, ինչպես հիմա է փոխվում։ Այսինքն՝ խոշոր բիզնեսը կմնա ստվերում, իսկ փոքր ու միջին բիզնեսը կենթարկվի «հարկային վարչարարության բարելավման» (տնտեսագիտական դասագրքերում այս երեւույթի համար ավելի հաճախ «պետական ռեկետ» բառակապակցությունն են օգտագործում)։ Ուրեմն անցնենք երկրորդ հարցին. ի՞նչ կլինի, եթե տնտեսության ոլորտում ոչինչ չփոխվի (այսինքն՝ առկա միտումները պահպանվեն)։ Դրամը կշարունակի արժեւորվել, արտահանման ծավալներն էլ ավելի կնվազեն, ներմուծման ծավալներն էլ ավելի կմեծանան, տեղական արդյունաբերությունը վերջնականապես կվերանա, Հայաստանը կդառնա աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը (Երեւանն արդեն աշխարհի 20 ամենաթանկ քաղաքների ցանկում է) եւ այդպես շարունակ։ Դա, իհարկե, միանգամից չի լինի։ Հայաստանի ընդերքում դեռեւս օգտակար հանածոներ կան, դրսից էլ շարունակում են փող ուղարկել։ Այնպես որ, մտածելու ժամանակ դեռ կա։ Դանակը դեռ ոսկորին չի հասել, հետեւաբար՝ դեռեւս կարելի է հիանալ երկնիշ տնտեսական աճով ու ներկայումս իրականացվող քաղաքականությունը թողնել նույնը։
Այսպես թե այնպես, խնդիրներն առկա են։ Եվ ավելի ճիշտ կլինի, եթե հասարակությունն անձերի վրա «կենտրոնանալու» փոխարեն փորձի հասկանալ՝ Հայաստանին կոսմետի՞կ փոփոխություններ են պետք, թե՞ արմատական։ Ըստ այդմ էլ պարզ կդառնա՝ Սերժ Սարգսյանն այլընտրանք ունի՞, թե՞ ոչ։