Հուլիսի 4-6-ը Թուրքիայում տեղի է ունեցել Առեւտրաարդյունաբերական պալատների համաշխարհային 5-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին 118 երկրների 1600 ներկայացուցիչներ:
Կոնգրեսին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը. Թուրքիա էր մեկնել ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Գագիկ Վարդանյանը: Այդ կոնգրեսը տարբեր երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլեւ օգտակար է բիզնես-մշակույթի փորձ ձեռք բերելու, այդ երկրների շուկաների մասին տեղեկատվություն ստանալու, նոր շուկաներ գտնելու եւ նույնիսկ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Ըստ Գ. Վարդանյանի` իրենք այս առումով դատարկաձեռն չեն վերադարձել՝ ձեռք են բերել բազմաթիվ ծանոթություններ, տեղեկատվություն եւ հարկ եղած դեպքում՝ շուկաներ գտնելու հարցում կարող են ճիշտ կողմնորոշել հայաստանցի գործարարներին: Սակայն Հայաստանի պատվիրակությունն ավելի բարձր է գնահատում այն շփումները, որն ունեցել են թուրք գործընկերների հետ: Եվ ընդհանրապես Թուրքիայում խիստ ընդգծվել է մեր պատվիրակության ներկայությունը:
«Թուրքիայի Պալատների եւ ապրանքային բորսաների միության մասնաճյուղերի ղեկավարները մի պահ մեծ ոգեւորությամբ շրջապատել էին մեզ, եւ տվյալներ էինք փոխանակում: Նրանք պատեհ առիթը օգտագործում էին ներկայացնելու թուրք գործարարներին, համագործակցության պատրաստակամություն էին հայտնում,- ասում է պարոն Վարդանյանը: -Մեր նկատմամբ շատ ուշադիր էր նաեւ պալատի նախագահ Ռիֆաթ Հիսարջըլիկլըօղլուն: Զգացվում էր, որ քաղաքականությունից դուրս թուրք ժողովուրդը հայերի նկատմամբ շատ հանդուրժող է: Բացի այդ, մայիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպալատների անդամ երկրների հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները Ռիֆաթ Հիսարջըլիկլըօղլու գլխավորությամբ: Այստեղ էլ զգացինք, որ նրանք ցանկություն ունեն մեզ հետ ավելի ակտիվ շփվելու: Թեեւ չեմ բացառում, որ այդ ամենը դիտավորյալ էր կազմակերպված»:
Սակայն առաջին պահի անմիջական այդ շփումները հետո փոխվել են անհանդուրժող կեցվածքի, երբ թուրքական մամուլն անդրադարձել է հայկական պատվիրակության այցին: Գ. Վարդանյանը չի բացառում, որ թուրքական պալատի ներկայացուցիչների եւ հատկապես լրատվամիջոցների վրա քաղաքական ճնշում են գործադրել: Վերջին ժամանակներս ակտիվացել են ցեղասպանության, Հրանտ Դինքի, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ հարցերի քննարկումները: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկուստեք գործարար հարաբերությունների հաստատման մասին կարճատեւ քննարկում է եղել նաեւ Հայաստանի պատվիրակության եւ թուրք գործընկերների միջեւ: Սակայն հաջորդ իսկ օրը թուրքական «Հյուրիեթ» եւ «Միլիեթ» թերթերը բավականին բացասական են արտահայտվել Հայաստանի պատվիրակության այցի եւ սահմանի բացման մասին: «Նրանք օկուպացված ազերի հողերից թող դուրս գան, թող ետ վերցնեն ցեղասպանության մասին օրինագիծը… Անհրաժեշտ է իմանան, որ Թուրքիայի հետ հաշտվելը ավելի շատ Հայաստանի համար է շահավետ»,- «Հյուրիեթին» ասել է Ռիֆաթ Հիսարջըլիկլըօղլուն:
«Սահմանի բացումը շահավետ է երկու կողմերի համար,- ասում է Գ. Վարդանյանը: -Թուրքիան արեւելքում արդյունաբերություն չունի, իսկ Հայաստանում շինարարության ոլորտն է աճում: Մենք կարող ենք երկարատեւ համագործակցություն սկսել: Բացի այդ, Թբիլիսիի կոնգրեսին մասնակցելու գնալիս վրաց-հայկական մաքսային սահմանն էին հատում թուրքական բեռնափոխադրող մեքենաները: Հայաստան հասնելու համար նրանք բավական երկար ու դժվար ճանապարհ էին կտրել, մինչդեռ կարող էին միանգամից Մարգարայի մաքսակետով մտնել: Նույնիսկ այս պայմաններում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարար որոշակի հարաբերություններ կան: 2006թ. Թուրքիայից ներմուծվել է մոտ 95 մլն դոլարի, արտահանվել է 2,3 մլն դոլարի ապրանք: Սահմանի բացման դեպքում շրջանառությունն առնվազն կկրկնապատկվի»:
Գ. Վարդանյանը լուրջ չի ընդունում այն մեկնաբանությունները, թե սահմանի բացման դեպքում թուրքական էժան ապրանքը կհեղեղի Հայաստանի փոքրիկ շուկան եւ կխեղդի տեղական արտադրողին: Հակառակը, նա գտնում է, որ այդ դեպքում կշահի ոչ միայն հայ սպառողը, այլեւ արտադրողը: Թուրքական ապրանքների ներմուծումը հայ արտադրողին կստիպի մրցակցության մեջ մտնել, ավելի բարձր որակ ապահովել եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ցածրացնել գները: Բացի այդ, Հայաստանն էլ կարող է կտրուկ ավելացնել արտահանումը: Հայաստանը կարող է Թուրքիա արտահանել ցեմենտ եւ քար: Թուրքիան հատկապես ցեմենտի կարիք ունի: Իսկ Հայաստանից ցեմենտ ներկրելը Թուրքիայի համար ձեռնտու է, որովհետեւ մեր երկրները սահմանակից են: Ցեմենտի դեպքում տեղափոխման օպտիմալ շրջանակը 300 կմ հեռավորությունն է: Սակայն մի հարցում թուրքական իշխանությունները թերեւս ճիշտ են՝ սահմանի բացումն ավելի շատ Հայաստանին է անհրաժեշտ: Նախ՝ Հայաստանն այդպիսով կունենա արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու երկրորդ ճանապարհ: Հետո՝ Թուրքիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները հայ արտադրողին կստիպեն մրցակցության մեջ մտնել եւ ավելի բարձր որակ ապահովել, հայ ներմուծողներին, հատկապես մոնոպոլիստ ներմուծողներին էլ կստիպի ավելի «ողջամիտ» գներ սահմանել: Գաղտնիք չէ, որ մեր գործարարները ներմուծումից գերշահույթներ են ստանում, ապրանքը Հայաստան հասցնելուց հետո նրանք մի քանի անգամ բարձրացնում են դրա գինը: Իսկ այդպես վարվում են այն դեպքում, երբ ապահովված են լինում մրցակիցներից: Եթե սահմանները բացվեն, եւ գործարար հարաբերություններն ակտիվանան, մեր արտոնյալ մոնոպոլիստները ստիպված կլինեն հրաժարվել իրենց գերշահույթի մի մասից։