– Կրթությունը Հայաստանում այսօր հավասարեցվում է եվրոպական կրթական ստանդարտներին։ Երեւանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանը, որտեղ հենց եվրոպական մշակույթ եւ լեզու է դասավանդվում, հեշտությա՞մբ է ենթարկվում այս տրասֆորմացիային։
– Մենք ոչ միայն դժվարություն չունեցանք, այլեւ մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք եւ ոչ միայն մենք, այլեւ ամբողջական եվրոպական տարածքը։ Պայմանավորվածություն կա կառուցել կրթությունը նույն հիմքերի վրա։ Եվ կան փաստաթղթեր, որոնք թարգմանվել են նաեւ հայերենով, որպեսզի լեզվական կրթությունը լինի միասնական ամբողջ Եվրոպայում։ Պետք է այնպես լինի, որ ձեր ստացած թվանշանը պարզ լինի եւ՛ Պորտուգալիայում, եւ՛ Հունգարիայում։ Այսինքն՝ դա ենթադրում է հաղորդակցման ունակություններ։ Այս ամենը պետք է փոխանցվի նաեւ հանրակրթական դպրոցների վրա։ Սակայն կառուցվածքային առումով խնդիր ունեցանք, որովհետեւ մենք ժառանգել ենք Խորհրդային Միության կառուցվածքը, որը գերմանական մոդելի վրա էր հիմնված։ Այդ խնդիրը միայն մերը չէ, եվրոպական գերմանախոս երկրներն էլ դա ունեն, եւ ոչ բոլորն են դա հաղթահարում, այն դեպքում, երբ նրանք ունեն հսկայական ֆինանսավորում եւ ներուժ։ Սակայն, քանի որ մենք չունենք լեզվական բարիեր, ավելի հեշտ ենք հաղթահարում դժվարությունները։ Ուստի որոշեցինք միանգամից անցում կատարել եւ անդունդը ոչ թե երկու թռիչքով անցնել, այլ ուժ հավաքել եւ մեկ թռիչքով հաղթահարել։
– Ձեր բուհում այսօր ուսումնական երեք համակարգ է միանգամից գործում՝ 5-ամյա, 4-ամյա եւ 4-ամյա կրեդիտային։ Բուհը, փաստորեն, տալիս է 3 տիպի դիպլոմ։ Սա հետագայում շրջանավարտների համար պրոբլեմ չի՞ դառնա։ Եվ ընդհանրապես, կրեդիտային համակարգն իրեն արդարացնում է։
– Շատ բարդ է այսպես աշխատել։ Այս տարի կավարտվի 5-ամյա կրթությունը։ 4-ամյա ոչ կրեդիտայինը բակալավրի կոչում է տալիս եւ եւս երկու տարի՝ մագիստրոս դառնալու համար։ Այժմ բուհում երկու կուրս էլ սովորում է լրիվ կրեդիտային համակարգում։ Դիպլոմի տարբերությունն ամենեւին խնդիր չէ։ Տեսեք, եթե երեխան 5 թվանշան է ստացել, ապա կողքին գրվում է նաեւ, թե կրեդիտային համակարգով դա ինչ գնահատականին է հավասարեցվում՝ 90-100 միավորների շրջանում։ Միավորների դեպքում բոլոր գնահատականներն ավելի հիմնավորված են դառնում. 5-ը կարող է լինեն եւ՛ 95, եւ՛ 100, եւ՛ 90։ Հատկապես հիմա, երբ ռոտացիայի միջոցով, անվճար տեղերն են ամեն տարի որոշվում, ամեն մի միավորը կարեւորվում է։ Քննությունների միջոցով հնարավոր չի դառնում որոշել, թե որ ուսանողն է վճարովիից տեղափոխվում անվճար, հատկապես, երբ 5 ստացողները կարող են լինել տարբեր որակի։ Իսկ երբ նրանք տարվա ընթացքում հավաքում են կրեդիտները (հաճախելիության, պրակտիկ աշխատանքների, միջանկյալ քննությունների հաշվին.- Ա.Մ.), ապա այստեղ ամեն ինչ հստակ որոշվում է։ Մեկ առավելություն էլ նշեմ, հիմա առաջին կուրսի հաճախելիությունը դարձել է ֆանտաստիկ։
– Բուհական կաշառակերությունն այսօր լուրջ խնդիր է։ Ձեր բուհում ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ։
– Տեսեք, կրեդիտային համակարգի դեպքում այդ հարցն էլ է լուծվում, այսինքն՝ եթե ուսանողը տարվա ընթացքում իր հավաքած միավորներով տատանվում է 2-3 գնահատականի միջեւ, ապա տարբերակ չկա, որ նա տարվա վերջում 5 ստանա։ Ամբողջ տարվա ընթացքը հսկվում է, բոլորը տեղյակ են, թե տարվա ընթացքում կոնկրետ ուսանողն ինչ առաջադիմություն է ունենում։ Առավելագույնս նրան կարող են ձգել 3-ի։ Փաստորեն, այս համակարգը բավական թափանցիկ է նաեւ։ Ինչ վերաբերում է կաշառակերություն ասածին, ապա դա մեզ համար կողմնակի երեւույթ է, որը ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան։ Կրեդիտային համակարգի ներդնումը ոչ թե կաշառակերության դեմ պայքարի ձեւ է, այլ ուսումնական գործընթացի ավելի ողջամիտ կազմակերպում։ Գիտեք, ես ինքս ամեն օր էլեկտրոնային փոստով ստանում եմ որեւէ արտասահմանյան բուհի դիպլոմ գնելու առաջարկ։ Դուք ասում եք՝ կաշառակերության դեմ պայքար։ Եթե ուսանողը չի ցանկանում սովորել, թող մեզ մոտ էլ նման բան ստեղծվի, եւ ովքեր չեն ուզում սովորել, թող վճարեն ու դիպլոմ ձեռք բերեն։ Պարզապես այդ ժամանակ բոլորն էլ կիմանան, թե ինչ գին ունի այդ դիպլոմը։ Եվ այդ ժամանակ ինքը՝ բուհը, կսկսի մտածել իր հեղինակության մասին։
– Հաջորդ տարի օտար լեզվի քննություններն անցկացվելու են կենտրոնացված համակարգով, ինչպես նաեւ՝ վերանալու է օտար լեզվի բանավոր քննությունը։ Ըստ ձեզ՝ դա չի՞ վնասի որակյալ դիմորդներ ընդունելու վրա։
– Մի տեսակ արհեստական բան կա այս ամենի մեջ, որովհետեւ այս վերջին տարիներին շատ բան է փոխվել, առաջացել են առանց տարկետման տեղեր, եւ գրեթե բոլորն էլ բուհ ընդունվում են։ Անգլերենից բացի, որոշ տեղեր կան, որ, օրինակ, անցած տարի չենք էլ լրացրել (այս տարի նույնպես գերմաներեն եւ ֆրանսերեն ֆակուլտետներում տեղերն ավելի շատ էին, քան հայտերը.- Ա.Մ.)։ Այս տարի վերջին անգամ է, այսպես ասած, մեծ մրցույթ լինելու։ Եթե հաշվի առնենք, որ մյուս տարվանից դեմոգրաֆիական անկում է լինելու, ես կողմ եմ, որ քննությունները պարզեցվեն։ Բուհի համար այնքան էլ կարեւոր չէ՝ ում է ընդունում։ Մենք փորձն ունենք. շատ թույլ դիմորդը հետագայում փայլուն է սովորում եւ հակառակը։
– Օտար լեզուներին այսօր շատերն են բավական լավ տիրապետում՝ առանց ձեր բուհն ավարտելու։ Այսօր միայն լեզվին տիրապետելը կարո՞ղ է մասնագիտություն դիտվել։ Հատկապես, որ հետագայում քչերն են լեզվաբան դառնում։ Ֆունկցիոնալ փոփոխությունների ժամանակը չի՞ եկել։
– Մեր ազգը միշտ էլ բազմալեզու է եղել։ Պատմությունից էլ եթե հիշենք՝ Տիգրան Մեծի բանակում հրամանները տրվում էին 20 լեզվով։ Գոյատեւելու եւ զարգանալու գաղափարը միշտ եղել է բազմալեզվության մեջ։ Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա տարբերվում է երկու կարգի լեզվական կրթություն։ Մի դեպքում՝ պատրաստում ենք լեզվաբանների, որոնք պարտավոր են իմանալ՝ ինչ բան է քերականությունը, հնչյունաբանությունը, եւ որոնք պետք է հետո ուրիշներին դասավանդեն, մյուս կողմից՝ սովորեցնում ենք հաղորդակցվել անգլերենի միջոցով։ Հիմա բուհում այնպես է դրված, որ լեզվաբանները պարտավոր են 3 լեզու իմանալ։ Այս պահին մենք մասնագետներ ենք հրավիրել Իտալիայից, Կորեայից, Բուլղարիայից, Լեհաստանից ու զարգացնում ենք այս բլոկը։ Արդեն 3 տարի է՝ մենք միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետում լեզվական հիմքի վրա պատրաստում ենք ոլորտին տիրապետող մասնագետներ։ Օրինակ՝ օտար լեզու եւ միջազգային ժուռնալիստիկա, հոգեբանություն, երկրագիտություն, քաղաքագիտություն եւ այլն։ Օրինակ՝ ռուսական ֆակուլտետն այս տարի տրոհեցինք 4 մասի՝ մանկավարժներ, բանասերներ, լեզվաբաններ եւ թարգմանիչներ։ Այսինքն՝ առաջ բոլորը նույն կրթությունն էին ստանում եւ, եթե անգլերեն լավ չգիտեր՝ ստիպված «երեք» էինք դնում ու գրում՝ «անգլերենի մասնագետ»։ Հիմա այդպես չէ, ուսանողը լավ թարգմանություններ է անում, ուրեմն՝ թարգմանիչ է գրվում դիպլոմում։ Ամեն տարի մենք ունենք փոփոխություններ, ու դա բնական է։ Պետք է միշտ թարմանալ եւ ժամանակին համահունչ լինել։