«Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայտնությունը դարձավ ու միանգամից մի քանի անվանակարգերում հաղթող ճանաչվեց: Այն հայտնություն էր նաեւ հայ հանդիսատեսի համար, որը կոնֆորմիզմի սովորելով` սկսել էր մոռանալ, որ պարտվածի ու հարմարվողի հոգեբանությամբ ապրելը բնավ էլ միակ ապրելակերպը չէ: Կար պատմություն, որը հերոսական է եղել, իսկ մեր կողքին ապրող մարդիկ ճակատագրի թելադրանքով՝ հերոս են դարձել: Կար պատերազմ, հիմա ամեն բան խաղաղ է, սակայն հիմա ավելի շատ հարցեր ու խնդիրներ կան, քան տարիներ առաջ, երբ Ղարաբաղյան հողի համար մարդիկ պայքար էին մղում ու պատրաստ էին զոհվել այդ պայքարում:
Ֆիլմը, որի կենտրոնում մարդկային ճակատագրերն են, երկու ժամանակահատված է իրար միահյուսում` Ղարաբաղյան պատերազմն ու խաղաղ օրերը: Ֆիլմի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը պատերազմի տարիներին աշխատել է որպես ռուսական լրատվամիջոցների օպերատոր եւ հազվագյուտ արխիվային նյութեր է հավաքել: «Ես չէի մտածում, որ ֆիլմ եմ նկարահանում, ուղղակի սեփական արխիվն էի ստեղծում եւ երկար տարիներ չէի ուզում նկարահանված ժապավեններին վերադառնալ ու նորից անցյալին նայել»,- ասում է Վ.Հովհաննիսյանը:
Հեղինակը պատմում է, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծագել է իր որդու «Հայրիկ, դու զինվո՞ր ես եղել» հարցից: Այդ հարցը լրագրող-օպերատոր (նաեւ որոշ ժամանակ ռազմագերիի կարգավիճակում հայտնված) Վարդանի համար անսպասելի էր, քանի որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին զինվոր էին դառնում շատերը: Շատերը նույնիսկ չէին մտածում, թե ինչո՞ւ են գնում պատերազմելու, եւ ի՞նչ է իրենց սպասում: Այդ հարցերը երկրորդական էին, քանի որ կար հողն ու ընտանիքը պաշտպանելու խնդիր եւ, եթե հարկավոր էր հրացան վերցնել ու ռազմի դաշտ դուրս գալ, նրանք դա անում էին: Հաճախ զինվորական համազգեստ էին հագնում ամենախաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ` ուսուցիչները, փոստատարները, գրողները: Այլ կերպ լինել չէր կարող, պատերազմի դուրս գալը նրանց համար ներքին պահանջ էր, որը նույնքան բնական էր, որքան` շնչելը:
Չորս տարվա ընթացքում նկարահանված նյութերից հեղինակն իր ֆիլմում օգտագործել է միայն հինգ օրվա կադրերը` պատկերելով ռազմաճակատից ոչ հեռու տեղակայված ջոկատի մի քանի անդամների կյանքը: Ֆիլմի հերոսները, որոնց Վարդանը «համահեղինակներ» է անվանում, խրամատներից իրենց նկարահանող տեսախցիկի հետ զրուցում են, խոսում են ընկերների, ընտանիքի, զոհվածների, այն լուսավոր կյանքի մասին, որը սպասում է պատերազմի ավարտից հետո: Տեսախցիկը նրանց սպասելիքների ու մտքերի լուռ արձանագրողն է դառնում: «Մենք գիտենք միայն պատերազմում զոհվածների ու գեներալ դարձած զինվորի մասին, բայց ողջ մնացած համեստ ու սովորական զինվորների մասին ոչինչ չգիտենք: Ես ուզում եմ, որ մենք չմոռանանք այն մարդկանց մասին, որոնք պատերազմ են գնացել, իսկ հիմա ապրում են իրենց գյուղերում, եւ իրենց ոչ ոք չի հիշում»,- ասում է ֆիլմի հեղինակը: Ֆելոն, Քաջիկը, Ճուտը, Անահիտը պատերազմ էին գնացել` հանուն խաղաղ կյանքի: Իսկ երբ պատերազմն ավարտվեց, պարզվեց, որ մեր կյանքում ավելի շատ հարցեր ու խնդիրներ են ծագել, քան պատասխաններ են ստացվել:
Զինվոր-եղբայրներ են եղել
Վ. Հովհաննիսյանը պատերազմի ավարտից 12 տարի անց որոշել է գնալ ու գտնել իր տեսանյութի հերոսներին` հասկանալու համար, թե ինչպե՞ս են ապրում խաղաղ կյանքին վերադարձած այդ համեստ զինվորները: Հերոսներին տարբեր իրավիճակներում ու ժամանակահատվածներում զուգահեռ ներկայացնելը դարձավ «Մարդկային պատմություններ…» ֆիլմի հաջողության գաղտնիքը: Անցյալը վերհիշելով ու ներկայի հետ ծանոթանալով, հասկանում ես, որ մարդիկ շատ են փոխվել, նրանցից շատերը պատրանքներն են կորցրել: Պարզվում է, որ 12 տարվա խաղաղ կյանքը նրանց ներքին խաղաղություն չի բերել: Ճուտը հայտնվել է բանտում, Քաջիկը` հոգեբուժարանում, Ֆելոն կորցրել է իր կյանքի իմաստը` ընտանիքը, եւ գրեթե չի շփվում երեխաների հետ: Տասներկու տարի առաջ հենց երեխաներին էին ուղղված Ֆելոյի ժպիտն ու հույսը, երեխաներն էին նրան ուժ տալիս: Հիմա բոլորի ուժերը սպառվել են, իսկ երազանքները` կորցրել իմաստը: «Մարդկային պատմությունները…» խրոնիկա է, որտեղ չկա խաղ, փոխարենը, ամեն բան իսկական է: «Պատերազմում մենք ավելի երջանիկ էինք, քան հիմա: Մենք գիտեինք` որտեղ է մեր տեղը, իսկ հիմա չգիտենք»,- ասում է ֆիլմի հերոսներից մեկը: Երեկվա հերոսները այսօր շփոթված ու իրենց տեղը կորցրած մարդիկ են, որոնք ուզում են հաղթողի պես ապրել, բայց իրենց պարտվող են զգում: Պատերազմում կար «եղբայրություն» հասկացողությունը, որը ուժ էր տալիս, իսկ հետո «մենք» բառը փոխարինվեց «ես» բառով, եւ մարդիկ չկարողացան հասկանալ` թե հանուն ինչի՞ են հիմա ապրում, երբ ծավալվում է ոչ թե հողի, այլ`«ես»-երի պայքարը: Այսօրվա իրականությունը պատերազմ տեսած մարդկանց ծուղակն է գցել, բոլորի նման՝ նրանք չեն ձգտում սեփական խանութը կամ որեւէ այլ կրպակ բացել, այլ` պարզապես ապրում են: Ընկերներով հավաքվում են, «մի կտոր հաց են ուտում», խոսում իրենց զոհված եղբայրների մասին, գնում են ձկնորսության: Ապագայով ապրել այլեւս չեն կարողանում. ներկան թույլ չի տալիս: Ֆիլմն ավարտվում է երեխայի ծնունդով, Ճուտոն որդի է ունենում, եւ ֆիլմի հեղինակը դրանում միակ լուսավոր կետն է տեսնում:
Շատ հետաքրքիր է հերոսներից մեկի` Քաջիկի պատմությունը: Նա չի խելագարվել, սակայն հոգեբուժարանում է հայտնվել: Պատերազմից հետո հայրենի գյուղ վերադառնալով, նա հայտնաբերել է, որ ջրատար խողովակը սեփականաշնորհվել է, եւ իր ընտանիքը զրկվել է ջրից: Խողովակի տերը, որը հարեւան գյուղում է ապրում, նրան ասել է. «Քեզ ջուր չեմ տա, իմն է: Ով քեզ պատերազմի է ուղարկել, թող նա էլ քեզ ջուր տա»: Քաջիկը գնացել է տուն, մի քանի օր մտածել է, հասկացել է, որ ինքնակամ պայքարի դուրս գալով ռազմի դաշտ, ինքնուրույն որոշում պիտի կայացնի: Եվ կայացրել է… Վերցրել է թնդանոթն ու կրակահերթ բացել` հարեւան գյուղի տների տանիքները փշրելով: Ո՞վ ասաց, որ պատերազմն ավարտվել է, պատերազմն ավելի է սրվել, ավելի խորամանկ ու անհուսալի է դարձել: Քաջիկին դատում են, համարում են ագրեսիվ եւ հոգեբուժարանում են տեղավորում: Ո՞վ է ճիշտ այդ իրավիճակում, միայն Աստված գիտի, սակայն վստահ ենք, որ երբեմն բոլորս էլ նման թնդանոթի անհրաժեշտություն ենք զգում: Զգում ենք իրականն ու շինծուն իրարից տարբերելու, իրերն իրենց անուններով կոչելու կարիքը, ուզում ենք, որ մեր երեխաներն իմանան, որ ամեն ինչը չէ, որ պետք է հաշվենկատ ու արագ հարստանալու համար անել:
«Ես չեմ կարող ասել տղայիս` մի գնա բանակ: Բայց չեմ կարող ասել նաեւ` գնա բանակ: Դա նրա որոշումը պետք է լինի, բայց նա պետք է իմանա` հանուն ինչի՞ է ծառայելու: Ես ուզում էի ցույց տալ, որ եթե Ֆելոն, Արմենակը, Քաջիկը պատերազմի չգնային, մենք հիմա ոչ թե խողավակաշարեր ու փառատոներ, այլեւ` մեր քաղաքը չէինք ունենա»,- նշում է ֆիլմի հեղինակ Վ. Հովհաննիսյանը, ով ասում է, որ այս ֆիլմը չեն սիրում դիտել հարուստները: Ֆիլմը նրանց նյարդայնացնում է, հիշեցնում է այն մարդկանց մասին, որոնց գոյության մասին նրանք գերադասում են մոռանալ: Կինոգետ Միքայել Ստամբոլցյանը` այս ֆիլմը ներկայացնելով «Ոսկե ծիրանին»՝ ասաց. «Մենք պետք է լուրջ խնդիրների մասին խոսենք, եւ ես ուրախ եմ, որ այդ խոսակցությունները ֆիլմերն են բացում»: Նա խոստացավ, որ բացի փառատոնային ճամփորդություններից, «Մարդկային պատմությունները…» կցուցադրվեն նաեւ հայկական դպրոցներում եւ մարզերում, որպեսզի այդ ֆիլմով բացված խոսակցությունը շարունակվի: Ֆիլմն արդեն իսկ մի քանի փառատոների է մասնակցել, որոնցից ամենանշանակալին ամերիկյան «Տրայբեկա» փառատոնն է: Ռոբերտ դե Նիրոյի կողմից հիմնադրված այդ փառատոնում ֆիլմի հեղինակը համարվել է 2007թ. լավագույն վավերագրողը:
Ուշագրավ է, որ «Մարդկային պատմություններում…» ադրբեջանցիների դեմ ուղղված ոչ մի բառ կամ կադր չկա, չկան նաեւ ռազմի արյունոտ տեսարաններ ու բոցաշունչ հայրենասիրական խոսքեր, սակայն ֆիլմն իսկական, մաքուր ու ամբողջական հայրենասիրության մասին է: Մեր օրերում այդ բառը վաղուց արդեն դատարկ բան է դարձել ու լոզունգի է վերածվել: Իսկ երիտասարդ սերունդը սովորաբար լոզունգների չի հավատում, հավատում է միայն իրական մարդկանց կյանքին եւ ուզում է նմանվել այսօրվա հերոսներին, որոնք խողովակներ են սեփականաշնորհում, մեքենա են վարում առանց երթեւեկության կանոնները հարգելու եւ օր օրի ուտել-խմելու «օբյեկտներ» են բացում: Տասնութամյա երիտասարդները նույնիսկ չգիտեն, որ Ֆելոյի կամ ռազմաճակատում բուժքույր աշխատած ու տասնյակ զինվորների կյանք փրկած Անահիտի նման մարդիկ են եղել: Եվ, որ այդ մարդիկ հիմա էլ կան: