Հնդկական կինոմշակույթը շատերիս ծանոթ է պարերի, երգերի եւ սիրո թեմաներով կրկնվող սյուժեների տեսքով: Սակայն այն, ինչ ներկայացվեց այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, դեմ էր հնդկական կինոյի պրիմիտիվության ստերեոտիպին։ Հնդիկ ռեժիսոր Ռամչանդրա Փի Էնը, ով կինոփառատոնի շրջանակներում ժամանել էր Հայաստան, իր «Ջնջվող ծեսեր» կինոնկարով հնդկական կինոինդուստրիան ներկայացրեց այլ տեսանկյունից։ Այստեղ չկան կորած զավակներ, իրար սիրահարված քույրեր եւ եղբայրներ, ու ամենակարեւորը՝ ֆիլմը մյուզիքլ չէ, այլ հնդկական կյանքից մի դրվագ է։
«Դու պետք է պրոբլեմ ունենաս ֆիլմ նկարահանելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց հնդիկ ռեժիսոր Ռամչանդրան՝ ավելացնելով, որ թեպետ իր ֆիլմում ինքը խոսում է մարդկանց աղքատության մասին, սակայն հնդկական կյանքի խնդիրը սա չէ միայն։ «Հնդկաստանում մարդիկ ապրում են ծեսերով։ Օրինակ, կարող են ծախսել իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հուղարկավորություն եւ հետհուղարկավորության ծեսեր անելու համար։ Երբեմն դա կարող է հասնել ծայրահեղությունների, փողի պակասը կարող է լուրջ սթրեսի, անգամ մահվան պատճառ դառնալ, ինչը եւ տեղի ունեցավ իմ «Ջնջվող ծեսեր» ֆիլմի հերոսների հետ։ Սակայն իմ արվեստի միջոցով ես փորձում եմ ցույց տալ, որ սրանք անցյալով ապրող մարդիկ են, ովքեր չեն ցանկանում ապրել ներկայով եւ կտրված են այսօրվա կյանքից։ Սա հնդկական իրականությունն է, մարդիկ ապրում են ծեսերով, որոնք երբեմն կործանում են նրանց»,- ասում է Ռամչանդրան։ Առաջին անգամ Հայաստան ժամանած այս ռեժիսորը, ով Հայաստանի մասին իմացել է միայն ինտերնետի միջոցով, կարծում է, որ ավանդապահության առումով հայկական եւ հնդկական մշակույթների միջեւ ինչ-որ նմանություն կա։ «Թեպետ Հնդկաստանի կինոինդուստրիայում ընդունված է, որ պետք է ներկայացվի միայն հնդկական կյանքն, ու հերոսները պետք է լինեն միայն հնդիկներ, ես կցանկանայի մտածել նաեւ այն ուղղությամբ, որ մի ֆիլմ ստեղծվի հայ-հնդկական համատեղ ուժերով»,- ասում է Ռամչանդրան։
Ռեժիսորի «Ջնջվող ծեսեր» կինոնկարը 2006թ. Նյու Դելիի «Osean Cinefan» կինոփառատոնին արժանացել է լավագույն հնդկական կինոնկար մրցանակին։ Չնայած մրցանակին՝ նմանատիպ ֆիլմերն անգամ Հնդկաստանում մեծ արձագանք չեն ունենում։ Ըստ Ռամչանդրայի՝ մարդիկ նախընտրում են երգ, պար, հուզիչ տեսարաններ, որովհետեւ դրանք հեշտ են ընկալվում եւ մտածելու տեղիք չեն տալիս, այլ կերպ ասած՝ «ուղեղը չեն ծանրաբեռնում»։ Այս ֆիլմերը ստեղծվում են «Բոլիվուդ» կինոարտադրությունում, որը բավական հզոր ինդուստրիա է եւ մեծ փողեր է ծախսում նմանատիպ ժապավեններ նկարահանելու եւ հետագայում դրանք միջազգային կինովարձույթներին վաճառելու համար։ Ռամչանդրան բավական հայտնի ռեժիսոր է Հնդկաստանում եւ ունի իր երկրպագուների շրջանակը։ Նա ասում է, որ իր նման ռեժիսորները Հնդկաստանում քիչ են։ Գլոբալ խնդիր ներկայացնող ֆիլմերը կինոընկերությանը շահույթ չեն բերում, եւ շատերը ստիպված են ֆիլմ ստեղծելու համար իրենց ուժերով գումարներ հայթայթել։ Աշխարհին այդ ֆիլմերն անծանոթ են մնում գումարի պակասի պատճառով։ «Այս փոքրիկ փառատոները նրանով են լավ, որ հնարավորություն են ստեղծում ասել, որ հնդկական կինոն միայն երգը չէ»,- ասում է Ռամչանդրան։ Ի դեպ, Հնդկաստանում այսօր մեծ թափով զարգանում է նաեւ պոռնոգրաֆիան։ «Պոռնոգրաֆիան զարգանում է ստվերում, սակայն ես չեմ հավատում, որ դա այնքան հզոր է, որքան ամերիկյանը։ Եվ հետո, հնդկական եւ ոչ մի հեռուստաալիք երբեք պոռնո չի հեռարձակի… Սեւ շուկան գործում է թերեւս միայն արտահանման համար»,- ասում է Ռամչանդրան։