ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին լուրերին, հայտարարել է, որ եթե իր «քաղաքական իդեալ» Տեր-Պետրոսյանն իր խորհուրդների կարիքը զգա, ապա ինքը, ինչպես միշտ, պատրաստ է խորհուրդներով օգտակար լինել նրան:
Իհարկե, դժվար է անգամ տեսականորեն պատկերացնել մի իրավիճակ, որ Տեր-Պետրոսյանը Հայրիկյանի խորհուրդների կարիքը զգա: Այդուհանդերձ,Հայրիկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տվել զգուշանալ, քանի որ նախագահի պաշտոնը ստանձնելու համար 2008 թվականին նա լուրջ խնդիրներ է ունենալու: «Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ փուլում (ճակատագրի բերումով, իր շնորհքով, ընկերների աջակցությամբ, Մոսկվայի օգնությամբ, դրա մասին չենք խոսում) եղել է մեր գլխավոր հրամանատարը: Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն գլխավոր հրամանատարի համար, ով «որոշակի ուժերի» ճնշման տակ երկիրն անտեր է թողել, շատ ծանր կլինի արդարանալը: Որովհետեւ եթե մեկն ուզում է դառնալ գլխավոր հրամանատար, բնականաբար իրեն պետք է ասեն, չէ՞` 1998 թվականին դու հայտարարեցիր, որ ինչ-որ ուժերի ճնշման տակ նահանջում եմ: Գլխավոր հրամանատարի համար դա ահավոր, անթույլատրելի քայլ է: Գլխավոր հրամանատարն այն բանի համար է, որ որոշակի ուժերի ճնշման տակ ոչ միայն չնահանջի, այլեւ անցնի հարձակման»,- ասել է Հայրիկյանը, որն այդ «որոշակի ուժերի» մոտ խորհրդական էր աշխատում: ԱԻՄ նախագահը երեկ մի քանի խորհուրդ էլ ընդհանուր ընդդիմությանն է տվել: Օրինակ, երեկ նա ընդդիմությանը կոչ է արել միավորվել եւ ընտրություններին մասնակցել մեկ թիմով: Հակառակ դեպքում` ըստ Հայրիկյանի, ամեն ինչ ձախողվելու է: Երեկ Հայրիկյանն առաջարկել է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, որոնք կհայտարարեն, որ իրենց նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, իրավական եւ սոցիալական պետության ստեղծումն է, միավորվել ու նախագահական ընտրություններում առաջադրել միասնական թեկնածու: Եթե նման մոդել ձեւավորվի, ապա ԱԻՄ առաջնորդը վստահեցնում է, որ երկու տարվա ընթացքում ինքն իր ծրագրային մոդելով երկիրը կդարձնի ժողովրդավարական: «Ինչ-որ չափով կփորձեմ համագործակցել ներկայումս գործող խորհրդարանի հետ: Եթե նրանք աշխատեն մեզ հետ, ապա մի երկու տարի կտեւի այդ աշխատանքը: Միասին կպատրաստենք սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթը, կարձակեմ պառլամենտը, նոր Սահմանադրությունը կընդունվի: Դրանից հետո` արդար ընտրություններ կազմակերպելուց հետո, կկազմակերպեմ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի ընտրությունները»,- իր մոդելն է ներկայացրել Հայրիկյանը: Իսկ դրանից հետո, ըստ նրա, պետք է հրաժարական տա նաեւ երկրի նախագահը:
Ըստ ԱԻՄ նախագահի, ԱԺ ընտրությունները շատ ավելի կարեւոր էին, քան նախագահի ընտրությունը, քանի որ Սահմանադրության փոփոխությունից հետո նախագահն էական դեր չունի: Հայրիկյանի ասելով, Ռոբերտ Քոչարյանը հենց դրա համար էլ ազգային կարեւորագույն փաստաթուղթը վերաձեւեց իր քմահաճույքով, ինչի համար էլ Քոչարյանն, ըստ նրա, պատժվելու է, բայց ոչ մարդկային պատժով: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը, ինչի մասին գրում է նաեւ արեւմտյան մամուլը, ապա, Հայրիկյանի հավաստմամբ, դրանք ընդամենն արձանագրում են իրականությունը: «Ձեր ասած ամերիկյան մասնագետները տգետ են, որ ասում են, թե նախագահական ընտրությունների ժամանակ պետք է բան փոխվի, եւ իշխանության տերը կդառնա Սերժ Սարգսյանը: Նա արդեն վաղուց դարձել է: Խոսքն այս պահին վերաբերում է նրան, որ մենք կարողանանք վերականգնել երկրում իշխանությունների տարանջատումը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Պարույր Հայրիկյանը: