Բնապահպանական խնդիրներին նվիրված հայաստանյան մամուլի հրապարակումներից հետո կենսական հիմնախնդրի նկատմամբ չեն փոխվում ո՛չ հասարակական, ո՛չ էլ երկրի կառավարության պահանջներն արտադրողներից:
Դրա արդյունքում շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ընկերությունների, որտեղ արտադրության ծավալները տարեցտարի ավելացվում են` մեծացնելով էկոլոգիական ռիսկերը, էկոհիմնախնդիրների նկատմամբ վերաբերմունքը խոստումներից այն կողմ չի անցնում: Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի բնապահպանական եռամյա` 2005-08 թթ. ծրագրի համաձայն` Ալավերդիում ընկերության կողմից թունավոր արտանետումների 70-80%-ն արդեն կորզված պետք է լինի: Նմանատիպ մի ծրագիր այս ընկերությունն ուներ դեռեւս վերագործարկման ժամանակ` տասը տարի առաջ: Տասը տարվա ընթացքում, սակայն, «Վալլեքսն» էկոլոգիական որեւէ ծրագիր չի իրականացրել:
Իսկ եռամյա ծրագրից առայսօր ոչինչ չի կատարվել: Օրերս ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամ Հարությունյանի` Թեղուտի հանքավայր այցի ժամանակ լրագրողներից մեկի հարցին «Վալլեքս» ընկերության գլխավոր տնօրեն Վ. Մեջլումյանը նյարդայնացած պատասխանել է, որ եթե առաջիկա մեկուկես տարվա ընթացքում եւս չհաջողվի կատարել նախատեսված բնապահպանական ծրագրերը, ապա ընկերությունը ստիպված կդադարեցնի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները: Ասել է, թե 636 աշխատողների գործազուրկ դարձնելուց հետո ընկերությունը, գերշահույթ ստանալու նպատակով, հանգիստ կզբաղվի խտանյութի արտադրությամբ եւ վաճառքով: Սա դեռ բոլորը չէ. ընկերությունը կարողանում է այսքանից հետո ծաղրել ալավերդցիներին: Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների քարոզչության օրերին Ալավերդու կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին փակցված «Վալլեքսի» քարոզչական պաստառները կրում էին «Պահպանենք բնությունը» խորագիրը, իսկ Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող նախկին մարզադահլիճի ճակատին փակցված մեծ բնանկարի վրա «Վալլեքսը» կոչ է անում ալավերդցիներին՝ ոչ միայն պահպանել բնությունը, այլեւ հարգել մեր երկիրը: Առանց հեգնանքի չի կարելի կարդալ Ալավերդիում բնապահպանական ներդրումներից տարիներ շարունակ խուսափող եւ Թեղուտ գյուղի պղնձահանքերի շահագործմամբ Լոռվա բնաշխարհի նկատմամբ սպանդ նախապատրաստող ընկերության կոչերը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանն իր վերագործարկման առաջին տարիներից սեւ պղնձի արտադրության ծավալները 5000 տոննայից վերջին տարիներին հասցրել է մինչեւ 12.000 տոննա, ինչի արդյունքում էլ քաղաքի էկոլոգիական վիճակը վատացել է: Ըստ պաշտոնական տվյալների` վերջին երկու տարիներին Ալավերդի քաղաքի մթնոլորտում ծծմբի երկօքսիդի տարեկան միջին պարունակությունը 11,4 անգամ գերազանցում է սահմանային նորման: Ընկերությունն առաջիկա տարիներին խոստանում է արտադրանքի ծավալների մեծացում` շարունակելով անտեսել հասարակական կարծիքն ու հասարակության տեղեկացվածության անհրաժեշտությունը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ:
Չնչին իսկ պահանջի դեպքում «Վալլեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ընկերության ընդամենը 9,26 տոկոսի բաժնետեր Վալերի Մեջլումյանը սպառնում է փակել գործարանը: Այսինքն` ալավերդցիները կա՛մ աշխատանք չեն ունենալու, կա՛մ էլ, ըստ պրն Մեջլումյանի, ունենալու են կյանքի գնով, որովհետեւ այդպես է պահանջում իր շահը: Իրականում Վ. Մեջլումյանը մտադիր չէ փակել գործարանը. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատող փաստաթղթում նախատեսվում է Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի համար Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա ստեղծել ուսումնարան, որտեղ կպատրաստվեն մասնագետներ կոմբինատի համար: Լոռեցիները հավատում են գործարանը փակելու սպառնալիքներին ու չեն հասկանում, որ իրենց վախն ու խեղճությունը «երկնային պարգեւ» են «Վալլեքսի» համար: Սեփականատիրոջ այս հայտարարությունն ամեն անգամ «սառը ցնցուղի պես» մի բան է գործարանի աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների համար: «Վալլեքս գրուպի», որի մեջ մտնում է նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը (ACP), 90.74%-ի բաժնետերը Լիխտենշտեյնում գրանցված «Vallex F. M. Establishment»-ն է: Դրա սեփականատերը նույնպես Վալերի Մեջլումյանն է: Վերջին շրջանում ընկերության բանվորները չեն թաքցնում Վ. Մեջլումյանի եւ առհասարակ «Վալլեքսի» նկատմամբ իրենց դժգոհությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են վարչական աշխատողների՝ խիստ բարձր եւ բանվորների` ցածր աշխատավարձերին: Նրանցից շատերը վրդովված են աշխատավարձերի բարձրացման մասին Վ. Մեջլումյանի տարիներ շարունակ կրկնվող սուտ հավաստիացումներից: Բանվորների մոտ վաղուց մարել է ընկերության նկատմամբ տիրոջ զգացումը: Դրա վկայություններից էր 2006 թ. «Վալլեքս գրուպի» մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Ավիասերվիս» ՓԲԸ-ի (Գագիկ Ծառուկյանի սեփականությունն է) միջեւ տարաձայնությունները մատակարարված խտանյութի մեջ ոսկու իրական բաղադրության պակասորդի շուրջ: Կան աշխատողներ, որոնք ընկերության ունեցվածքի նկատմամբ այդ ոտնձգության ականատեսն են եղել, բայց լռել են, եւ այսօր նեղ շրջանակներում նրանք ասում են, թե իրենց համար մեկ է՝ ով կթալանի իրենց` Վալերի Մեջլումյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը:
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ` շրջակա միջավայրին հասցվող գումարային վնասը կազմում է 2.07մլրդ դրամ: Սակայն այս փաստաթղթի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների կանխատեսումը» մասում բնակչության առողջության վրա սպասվելիք ազդեցության վերաբերյալ, հավանաբար ոչ պատահականորեն, որեւէ կանխատեսում չկա: Ավելին` փաստաթուղթը նշում է, թե Թեղուտի կլիմայական պայմանները՝ բարձր խոնավությունը (միջին տարեկան 69%), անտառածածկ տարածքը, ապահովում են հանքարդյունահանման աշխատանքների նվազագույն ազդեցություն մթնոլորտային օդի վրա:
Իսկ բաց հանքից արտանետվող անօրգանական փոշին, ազոտի եւ ածխածնի օքսիդները, ածխաջրածինները, պոչամբարներում ամբարված թունավոր նյութերը, ծառահատումը, պայթեցումները, որոնք, ըստ բնապահպանների, կհանգեցնեն անտառային զգայուն կենսացենոզի ձեւափոխմանը եւ մասամբ` ոչնչացմանը, չեն հուզում սեփականատեր Վալերի Մեջլումյանին: Թեղուտի, Շնողի եւ շրջակա մյուս համայնքների բնակչության վրա Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի գործունեության ազդեցության մասին լռում են նաեւ Բնապահպանության եւ Առողջապահության նախարարությունները:
www.hetq.am