Որպես կանոն՝ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվում են միջոցառումների բացման եւ փակման արարողությունները, քանի որ դրանք նախանշում եւ եզրափակում են իրադարձությունը։ Այդ օրերին միշտ ավելի մեծ թվով հանդիսատես է լինում, քան բուն միջոցառման ժամանակ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ազդարարվեց բացման արարողությունը վարող, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի թեթեւ ձեռքով, որպես «կինոյի փառքի տոն», իսկ փակվեց՝ որպես տոնի զավեշտալի պարոդիա։ «Ոսկե ծիրանի» փակումն ու մրցանակների շնորհումը տարակուսանք է առաջացնում, թվում էր, որ ոչ ոք չգիտի՝ թե ինչ պիտի անի եւ ասի։ Իսկ իրավիճակի լիազոր տերը՝ հանդիսության վարողը, փորձում էր բեմում միաժամանակ հա՛մ դերասան, հա՛մ ռեժիսոր, հա՛մ էլ սցենարի հեղինակ լինել։ Արդյունքում փակման արարողությունը շատ տխուր ստացվեց։ Տխրությունը ոչ թե անձրեւոտ եղանակի, այլեւ՝ այն խառնաշփոթի պատճառով էր, որը տիրում էր կազմակերպիչների, հանդիսությունը վարողի եւ ժյուրիի չհամակարգված աշխատանքի միջեւ։ Սխալ էին նշվում հաղթող ռեժիսորների ազգանուններն ու ֆիլմերի անվանումները, ոմանք ներկայացվում էին հայերեն տարբերակով, ոմանք էլ՝ ֆրանսերեն կամ իտալերեն, ամբողջովին չէր նշվում ժյուրիի անդամների կազմը։ Խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ, սիրելի դերասան Վլադիմիր Մսրյանը նույնիսկ չգիտեր, թե քանի մրցանակ է շնորհելու, եւ շատ զարմացավ, երբ կողքին կանգնած մարդիկ հուշեցին, որ այդ ժյուրին նաեւ խրախուսական մրցանակ է շնորհել, որի մասին նա տեղյակ չէր։ «Աղաղակողները» ֆիլմը դարձավ «Ճչացողները», իսկ էկումենիկ ժյուրին «քրիստոնեական» անվանվեց։ Անձրեւ էր մաղում, արտասահմանցի հյուրերին ցելոֆանե անձրեւանոցներ բաժանեցին (որոնք, ինչպես եւ սպասվում էր, ոչ բոլորին հասան) ու այդ պատճառով որոշվեց սահմանափակել ելույթների ծավալը։ Արդյունքում գլխավոր հերոսը՝ հանդիսության վարողը, անսահմանափակ իրավունքներ ստացավ։ Վիգեն Չալդրանյանը տարբեր ֆիլմերի մասին իր անձնական կարծիքն էր հայտնում, պատմում, թե ինչպես է համոզել ժյուրիի անդամներին՝ իրենց ձայնը տալ իր հավանած ֆիլմին, ավելին, պահը բաց չէր թողնում կինոյի պատմության մասին փոքր դասախոսություններ կարդալու համար։ Նա աշխույժ էր եւ անմար, չէր մտահոգվում, որ թրջվում է։ Վերջում նա բեմ հրավիրեց երեխաներին՝ մրցանակային ծառից ժապավեն քաղելու համար եւ էքսպրոմտ ոճի բեմականացում իրականացրեց՝ նշելով, թե ով` որտեղ պետք է կանգնի ու ինչ անի։ Նույնիսկ խնդրեց հանդիսատեսին իր հետ երգել. «Անձրեւ, անձրեւ մի արի, ես գնում եմ ծիրանի»։ Երկինքը լսեց նրա երգը ու զսպեց անձրեւը։ Մարդիկ հանեցին անձրեւանոցներն ու շնորհակալ ժպտացին վարողին՝ ընդունելով, որ ամենատպավորիչն այդ արարողության մեջ հրավառությունն էր։ Բայց դա էլ, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է։
Հասուն ու կայացած փառատոն համարվելու հայտ ներկայացրած «Ոսկե ծիրանը» տապալեց իր մրցանակաբաշխությունը՝ նույնիսկ էնտուզիազմով լի վարողը չկարողացավ այն փրկել։ Հանդիսատեսի շարքերում ծիծաղ էր բռնկվում ամեն անգամ, երբ պաթետիկ խոսքերը սառչում ու կախվում էին օդում։ Գուցե մյուս անգամ վարող ընտրելիս, փառատոնը կանգ կառնի ոչ այդքան հայտնի ու վառ անձնավորության թեկնածության վրա։ Այդ դեպքում ավելի հասկանալի կլինի, թե ինչն ենք ուզում գնահատել՝ կինո՞ն, թե՞ կինոյի մասին բոցավառ խոսքերը։