Փուլային տարբերակով

15/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ փաստացիորեն «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դեմ ուղղված օրինագծերը, որոնք տապալվեցին ԱԺ արտահերթ նիստում, կառավարությունն այլեւս խորհրդարան չի ներկայացնելու: Խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի վերաբերյալ է, որոնց ընդունումը կառավարությունը համարել էր հրատապ. այդ նպատակով նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել: Եթե հաշվի առնենք, որ «Ազատության» հեռարձակման դադարեցումը իշխանությունների համար շարունակում է հրատապ մնալ, ապա կարելի է ենթադրել, որ այդ խնդիրն այլ ճանապարհով լուծելու քաղաքական որոշում է կայացվել. այն է` Հանրային Հեռուստառադիոընկերության խորհուրդը համաձայնություն չի տալիս Հանրային ռադիոյի` «Ազատության» հետ պայմանագիր կնքելու առաջարկին, եւ Հանրայինն ուղղակի չի կնքում այդ պայմանագիրը: Այսինքն` «Ազատությունը» փակելու են ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով. առաջին փուլում լրանում է պայմանագրի ժամկետը, երկրորդ փուլում ձեւ են անում, թե բանակցում են, երրորդ փուլում ասում են՝ չստացվեց: Ի դեպ, երեկ Տիգրան Թորոսյանն ասել է, որ հանգստանալու է Հայաստանում: Հավանաբար՝ նաեւ «Ազատություն» ռադիոկայանից:

Հուլիսի 4-ին նախատեսված ՀՀԿ արտահերթ համագումարի հետաձգումը որեւէ արտառոց պատճառ չունի: Այս մասին երեկ «Regnum»-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Նա նշել է, թե ՀՀԿ-ն աշնանը համագումարի միջոցով պետք է առաջադրեր նախագահի իր թեկնածուին, մոտենում էր հերթական համագումարի ժամանակը, եղել են հարցեր, որոնք լրացուցիչ ճշգրտման կարիք են ունեցել, եւ այս ամենի արդյունքում էլ որոշվել է հետաձգել ՀՀԿ-ի արտահերթ համագումարն ու աշնանն անցկացնել հերթական համագումար: Իսկ նրանց, ովքեր այսքանից հետո ՀՀԿ համագումարի հետաձգումը բացատրում են ինչ-որ արտառոց պատճառներով, Աժ խոսնակը հիշեցնում է մութ սենյակի ու սեւ կատուների մասին չինական հայտնի ասացվածքը: Սակայն չինացիների ու

Տ. Թորոսյանի ասուլիսի կապն այսքանով չի ավարտվում: Պարզվում է՝ Հայաստանի ԱԺ խոսնակը չինական բանահյուսությանը բավականին լավ ծանոթ է (կամ էլ վերջերս է ավարտել չինական ասացվածքների ժողովածուի ընթերցումը): Համենայնդեպս, նա երեկ մեկ այլ հարցի կապակցությամբ հղում է արել չինական մի այլ ասացվածքի: Չինական երկրորդ պատմությունը, որը երեկ պատմել է Տիգրան Թորոսյանը, վերաբերվել է «Ազատություն» ռադիոկայանին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կապ կա «Ազատություն» ռ/կ-ի գործունեությունը ՀՀ տարածքում սահմանափակող օրինագծերի՝ ԱԺ-ում տապալվելու եւ չինական բանահյուսության գլուխգործոցներից մեկի միջեւ: Իսկ կապ, պարզվում է՝ կա: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հանգամանքը, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Պետտուրքի մասին» օրենքների նախագծերի քվեարկությանն ակտիվ մասնակցություն չունեցան, ինչն էլ դարձավ այդ օրինագծերի տապալման պատճառ, Տ. Թորոսյանը պատմել է չինական մի այլ պատմություն: Իսկ պատմությունը 12 մտերիմ ընկերների մասին էր, ովքեր որոշում են ինչ-որ ժամանակով բաժանվել, հետո նորից հավաքվել: Այս 12 ընկերները բաժանվելիս որոշում են, որ հավաքվելիս ամեն մեկը մի բաժակ բրնձի օղի կբերի իր հետ, կլցնեն ընդհանուր կուժի մեջ, եւ պատմելով իրարից առանձին անցկացրած ժամանակի մասին, կխմեն բերած օղին: Երբ բոլորը հավաքվում են, պատմում անցածը եւ սկսում են խմել օղին, զարմանքով հայտնաբերում են, որ կուժի միջինը ջուր է: Ահա այդժամ էլ բացահայտվում է գաղտնիքը՝ ամեն մեկը մտածել է, որ ինքը կարող է օղու փոխարեն ջուր տանել ու լցնել կուժը, եւ դա չի երեւա տասնմեկ բաժակ օղու մեջ, սակայն այդպես են մտածել բոլոր 12 ընկերները, եւ արդյունքը եղել է ջուրը: Առակը զինչ կցուցանե. պետք չէ հույսը դնել ուրիշի վրա, եւ եթե կնքվել են կոալիցիոն գործակցության եւ գործընկերության հուշագրեր, ապա պետք է հարգել այդ պայմանավորվածությունները (խոսքն ուղղված էր ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին): Բայց թե որքանով է արդարացված ինտելեկտուալ մակարդակով, մեղմ ասած, առանձնապես աչքի չընկնող խորհրդարանի պատգամավորներին չինական առակների միջոցով բան հասկացնել, Տ. Թորոսյանը չի ասել: Սակայն նա նշել է, որ կառավարությունը երկրորդ անգամ վերոնշյալ տապալված օրինագծերն ԱԺ չի բերի: Իսկ ինչո՞ւ չի բերի (չէ՞ որ հարցը հրատապ էր համարվել եւ հատուկ դրա համար ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել): ԱԺ խոսնակն առաջարկել է այդ հարցով դիմել կառավարությանը: Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահի ընտրությանը՝ ԱԺ խոսնակն ասել է, թե միանգամայն հասկանալի է, որ միջազգային կառույցները չեն ճանաչում ԼՂ նախագահի ընտրությունը եւ հայտարարում են այդ մասին: Միաժամանակ նա այդ հայտարարությունները համարում է հերթապահ, որոնք հնչում են չճանաչված պետություններում ընտրությունների ժամանակ, նշելով, թե այդ հայտարարության հեղինակ կազմակերպությունների ներկայացուցիչներն այդուամենայնիվ հանդիպում են հենց ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանություններին: Տ. Թորոսյանը նկատում է, որ այդ պարագայում հարց է առաջանում. եթե չեք ճանաչում ԼՂ ժողովրդի ընտրությունը, ապա ինչո՞ւ եք հանդիպում այդ ժողովրդի ընտրությամբ ձեւավորված իշխանության հետ: Երեկ Տ. Թորոսյանը պաշտպանել է ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ում՝ Արցախի մասին վերջին հայտարարություններն այնքան էլ հաճելի չէ լսել հայերի համար: ԱԺ խոսնակը երեկ կոչ է արել հայհոյախառն արտահայտություններով չարտահայտվել նման հայտարարությունների դեմ, եւ հավելել, թե երբ Դեւիսն էր Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ զեկուցողը, նրա պատրաստած բանաձեւի մեջ տեղ գտան դրույթներ, որոնք տեղ չունեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ որեւէ այլ փաստաթղթում: Այդ դրույթներից մեկն այն է, որ ԼՂ-ն կարող է անկախանալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով, մյուսն էլ այն է, որ ԵԽ անդամ երկիրը չի կարող իր կազմ ընդունել ԵԽ անդամ երկրից անջատված միավորին: Տ. Թորոսյանը սրանք շատ կարեւոր է համարում: Նա գտնում է նաեւ, որ Եվրակառույցներում Հայաստանի պատվիրակության աշխատանքն ավելի արդյունավետ է, քան Ադրբեջանինը: Խոսքն այն կառույցների մասին է, որոնք խորհրդարանական ոլորտից են: Իսկ ահա ոչ խորհրդարանական ոլորտների մասին խոսելիս ԱԺ խոսնակը մի «մինի-բոչկա» է գլորել ՀՀ Արտգործնախարարության վրա: ԱԺ ՀՀԿ-ական խոսնակը երեկ ասել է, թե եթե Արտգործնախարարությունը կարողանար ԵԽ-ին եւ Նախարարների կոմիտեին համոզել, որ ԼՂ ընտրության հանդեպ չարժե կոշտ դիրքորոշում ունենալ, ապա այդ կառույցները գուցե անցանկալի հայտարարություններ չէին անի: Այս ամենի հետ մեկտեղ՝ Տ. Թորոսյանն ասել է, թե դա գործնականում անիրատեսական նպատակ է: Այսինքն՝ ԱԺ խոսնակն ԱԳ-ին մեղադրում է, որ այն չի կարողացել անել այսինչ բանն, ու ավելացնում է, թե դա անելն անիրատեսական է: Տեսնես այս կապակցությամբ չինացիները մի հարմար խոսք չունե՞ն:

Հ.Գ. Տիգրան Թորոսյանը երեկ հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է Սերժ Սարգսյանի լուրջ մրցակից: Ըստ «Ա1+»-ի, Թորոսյանն ասել է, որ եթե Տեր-Պետրոսյանը հայտարարի իր առաջադրվելու մասին, այդ ժամանակ նոր իմաստ կունենան մեկնաբանությունները: «Մի բան որ անհայտ է, ի՞նչ մեկնաբանություն պետք է լինի»,- ասել է Տ. Թորոսյանը: