Ընդդիմադիր առանձին ուժեր որոշակի դադարից հետո կրկին հայտարարում են, որ այս իշխանությունների դեմ պայքարելու միակ զենքն ընդդիմության միասնականությունն է: Դրանից հետո, որպես կանոն, հայտարարում են, որ իրենք իրենց համոզման մեջ սպիտակ ագռավ չեն. լիքը համախոհ ուժեր ունեն, որոնց հետ, արդեն մի քանի շաբաթ կամ ամիս է` բանակցություններ են վարում զուտ տակտիկական քայլեր մշակելու շուրջ: Սա, ինչպես հայտնի է, մեր ընդդիմության «մշտականն է»:
Ընդդիմությունը նման հայտարարություններով հանդես եկավ նաեւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ տակտիկական հարցերը քննարկելիս նրանք նույնիսկ մտածել էին, որ անհրաժեշտ է իրենց շուրջ խորհրդավոր տպավորություն ստեղծել, ուստի իրենց հանդիպումներն անցկացնում էին մեկ` Երեւանում, մեկ` Աշտարակի խճուղու վրա գտնվող ռեստորաններից մեկում: Հենց այդ խորհրդավորության պայմաններում էլ նրանք քննարկում էին խորհրդարանական ընտրություններին միասնական թիմով ու մեկ ցուցակով մասնակցելու մասին հարցի տակտիկական կողմերը: Այդ բանակցությունների հիմնական ակտիվիստներ համարվող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, «Հանրապետության» եւ ՀԺԿ նախագահներ Արամ Զ.Սարգսյանի ու Ստեփան Դեմիրճյանի պլանները, սակայն, ձախողվեցին, որովհետեւ այդպես էլ նրանց չհաջողվեց իրար մեջ լուծել ցուցակի առաջին տեղի հարցը, որովհետեւ, ըստ նրանց, դրանով նաեւ որոշվելու էր, թե ով է լինելու 2008թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն: Եվ հենց այս «տակտիկական» հատվածի վրա էլ նրանց քննարկումները դադարեցին, ու ամեն մեկը որոշեց իր առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին:
Ի դեպ, մինչ այդ նման միասնականության փորձ արդեն մեկ անգամ արել էին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նախաձեռնելով Հայաստանի Քաղաքացիական շարժումը։ Նրանք նույնիսկ համաժողով արեցին ու հակառակ սպասումներին` ոչ մի թթու խոսք չասացին իշխանությունների հասցեին: Միայն խոսեցին անտարբերության վիրուսի եւ փոշիացած հասարակության մասին: Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը վստահեցնում էր, որ այնպիսի փոշիացած հասարակությամբ, ինչպիսին մերն է, որեւէ բան անել հնարավոր չէ։ Ուստի նա այդ համաժողովի ժամանակ առաջարկեց հանրության հետ կնքել մի պայմանագիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կնշի, թե ինչպիսին է ուզում տեսնել իր երկիրը։ «Մենք, որպես սկիզբ, հասարակությամբ պետք է կարողանանք կազմակերպել մի փաստաթուղթ, թե ինչպիսին ենք ուզում տեսնել պետությունը: Իմ առաջարկությունն է՝ ստեղծել հասարակական պայմանագիր, որը կստորագրեն միլիոն, երկու միլիոն, երեք միլիոն մարդ, որպեսզի մենք գնանք դիմացինի հետ պայքարելու ընդհանուր դրոշով ու կազմակերպված ձեւով։ Մեր նպատակն է՝ համախմբել ամբողջ հասարակությանը մի քանի պարզ սկզբունքների շուրջ, որը հնարավորություն եւ դաշտ կստեղծի, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն սկսի իրականացնել իր ծրագրերը»,- ասել էր Վ.Մանուկյանը: Բայց այդպես էլ փոշիացած հասարակության հետ ոչ ոք պայմանագիր չկնքեց ու փաստաթուղթ չկազմեց, որովհետեւ այդ առաջարկն ու Քաղաքացիական շարժումը հենց տեղում էլ մեռան: Հիմա քանի մոտենում է 2008 թվականի փետրվար ամիսը, այնքան ավելանում են ընդդիմադիրների նույնաբովանդակ հայտարարությունները: Արդեն մեկ-երկու կուսակցությունների նախագահներ հայտարարել են նախագահական ընտրություններին իրենց թեկնածություններն առաջադրելու մասին: Մի քանի ուժեր էլ հայտարարել են, որ իրենք կողմ են միասնական թեկնածուով մասնակցելու գաղափարին: Ու եթե այսպես շարունակվի` մինչեւ ընտրություններ հաստատ ոչ թե 2-3, այլ` 5-6 ընդդիմադիր թեկնածու կունենանք: Ա. Կարապետյանն, ինչպես հայտնի է, դեռ ԱԺ ընտրություններից հետո միանգամից հայտարարեց, որ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը: Նույնն արեցին նաեւ Վազգեն Մանուկյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս երեք թեկնածուները գոնե մինչ օրս հակառակի մասին չեն հայտարարել, կամ գոնե նրանց այսօրվա տրամադրվածություններից կարելի է չկասկածել, որ նրանք հանուն հանցավոր ռեժիմին տապալելու չեն համաձայնելու չառաջադրվել ու պաշտպանել ինչ-որ միասնական թեկնածուի: Արդեն հայտնի է նաեւ, որ ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնությանը շոշափելի առաջընթաց արձանագրելու համար, օգտագործելու են նաեւ ամառային այս սեզոնը: Խոսքն «Իմպիչմենտի», «Հանրապետության», ՀԺԿ-ի եւ «Ազգային Միաբանության» մասին է: Նման առանձին բլոկ էլ փորձում են ձեւավորել ԱԺՄ-ն ու նրանից տարիներ առաջ պոկված Սադոյանի ԱԺԴ-ն ու Շ. Քոչարյանի ԱԺԿ-ն: Այսինքն` արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ 2008թ. լինելու է ոչ թե ընդդիմության միասնական մեկ թեկնածու, այլ` ամենաքիչը 4-5 թեկնածու: Արամ Կարապետյանը, Ր.Հովհաննիսյանը (համենայնդեպս, «Ժառանգության» անդամ Ս. Սաֆարյանը օրերս հայտարարել էր, որ հենց նա կարող է դառնալ իշխանությունների փորձաքար միասնական թեկնածուն), Արթուր Բաղդասարյանն առայժմ միասնական թեկնածուի շուրջ ընթացող որեւէ բանակցային գործընթացի չեն մասնակցում: Նույն նպատակի շուրջ առանձին-առանձին բանակցող Վ.Մանուկյանի ու «Իմպիչմենտի» գլխավորությամբ անցկացվող մյուս թիմի բանակցություններից էլ, եթե չձախողվի, եւս 2 թեկնածու ի հայտ կգա: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ միասնական թեկնածու չի լինելու:
ԱԺԿ նախագահ Շ.Քոչարյանն էլ է կարծում, որ 2008թ. ընդդիմադիր նախագահացուների պակաս չի լինելու, բայց, ըստ նրա, այս դեպքում էլ` նրանց քանակը դեռեւս չի նշանակում, թե որակ է լինելու: «Շա՜տ են լինելու թեկնածուները: Բայց քանակը որակ չէ: Դեռեւս որակի ձեւավորման գործընթաց չի երեւում: Այնինչ` կարեւորը որակն է, եթե որակ չկա, միասնական թեկնածու ունենալն այնքան էլ կարեւոր չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Շ. Քոչարյանը: Հարցին, թե նրանք, ովքեր այսօր արդեն առաջադրվելու ցանկություն են հայտնել` որակ չունե՞ն, ԱԺԿ նախագահը պատասխանեց. «Խնդիրը նրանում չէ, որ այդ մարդիկ արժանի չեն, այլ խնդիրը նրանում է, որ վաղուց անհրաժեշտ է վերագնահատել, վերլուծել նախորդ սխալները, որպեսզի ապագայում դրանք այլեւս չկրկնվեն: Ցավոք, այդպիսի միտում չկա»: Ըստ Շ. Քոչարյանի, եթե այսօր ընդդիմությունը վերլուծել ու հասկացել է, որ առանց միասնական թեկնածուի հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների, բավարար չէ. «Խնդիրը շատ ավելի խորքային է, եւ ամենեւին էլ թվաբանությունը չէ»:
Հ.Գ. Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել էինք, որ Վազգեն Մանուկյանը կարող է դառնալ նաեւ ՀՅԴ-«Ժառանգություն»-«Դաշինք» կուսակցությունների միասնական թեկնածուն: Եվ եթե այդ ձեւաչափը կայանա, ապա հնարավոր կլինի ընդդիմության թեկնածուների թիվը մեկով կրճատել: