Ամենակարող սոխը

15/07/2007

Սոխի բուժիչ հատկությունները հայտնի են վաղուց։ Սոխի պարունակած ֆիտոցիդները ոչնչացնում են նեխիչ, հիվանդահարույց մանրէները։ Սոխը հիանալի միջոց է լնդախտի դեմ։ Սոխի հյութն օգնում է հազին։ Պետք է սոխը մանր կտրտել, լցնել ամանի մեջ, վրան շաքարավազ լցնել, թողնել որոշ ժամանակ եւ ստացված հյութը խմել օրը 4-5 անգամ։

Սոխի հյութը լավ միջոց է խորխի դեմ։ Կարելի է քերիչով անցկացրած սոխը խառնել մեղրի հետ, կամ 500 գ մանր կտրատած սոխի, 50 գ մեղրի, 400 գ շաքարավազի վրա լցնել 1 լ ջուր եւ 1-1,5 ժամ եփել մարմանդ կրակի վրա։ Ստացված զանգվածը թողնել սառչի, լցնել բանկաների մեջ, ամուր փակել եւ խմել 1 ճաշի գդալ, օրը 4-6 անգամ։

Պետք է հաշվի առնել նաեւ, որ սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը։ Այս իսկ պատճառով սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցի, լյարդի, երիկամների հիվանդության դեպքում։

Բերանն ախտահանելու համար բավական է 2-3 րոպե սոխ ծամել։

Սոխը շատ օգտակար է հարբուխի ժամանակ։ Պետք է սոխը կտրել եւ շնչել մեկ մի քթանցքով, մեկ՝ մյուս։