Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 10-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի ու Բեռնար Ֆասյեի հետ: Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումից հետո սա նմանօրինակ առաջին հանդիպումն է:
Արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը, նշված համանախագահներից բացի, մասնակցել են նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Էլիզաբեթ Ռուդը: Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպման արդյունքներին: Քննարկվել են նաեւ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շրջանակում հետագա անելիքները: Հանդիպմանը չի մասնակցել ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալն է, եւ այդ օրերին Վաշինգտոնում էր, որտեղ անվտանգության հարցերով ԱՄՆ-Ադրբեջան խորհրդակցություններ էին ընթանում: Հիշեցնենք, որ այդ խորհրդակցությունները պետք է տեղի ունենային ավելի վաղ: Սակայն, այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնի զեկույցում իբր փոխեց` «Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները՝ ԼՂ-ն ու հարակից յոթ շրջանները» («փոփոխությունն» այն էր, որ ավելացվեց, որ հայ պաշտոնյաները չեն ընդունում, որ հայկական կողմն «օկուպացրել է» բուն Ղարաբաղը), ադրբեջանական կողմն ի նշան բողոքի` հետաձգեց խորհրդակցությունները: Եվ երբ Պետդեպը վերականգնեց զեկույցի նշված հատվածի նախկին ձեւակերպումը, ադրբեջանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել հետաձգված խորհրդակցություններին: Իսկ օրերս կայացած այդ խորհրդակցությունների հիմնական թեմաներից են եղել ԼՂ հարցն ու Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանի հետ համատեղ օգտագործելու Պուտինի առաջարկը: Խորհրդակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական եւ ռազմական գործերով օգնականի պաշտոնակատար Սթիվեն Մալը հայտարարել է, թե Գաբալայի կայանը համատեղ օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն այլընտրանք չէ Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու՝ ԱՄՆ-ի ծրագրերին: «Մեզ համար անընդունելի է, որ Գաբալան այլընտրանք դառնա այն ծրագրերին, որոնց մենք հետամուտ ենք մեր չեխ եւ լեհ դաշնակիցների հետ միասին: Այդ համակարգերի տեղադրումն անհրաժեշտ է Եվրոպայում մեր շահերի անվտանգության համար: Այդ երկու երկրներն էլ համաձայն են, ամբողջ ՆԱՏՕ-ն համաձայն է: Ուստի չենք կարծում, թե Գաբալայի վերաբերյալ առաջարկը փոխարինում է դրան»,- ըստ «Ֆրանսպրեսի», ընդգծել է Մալը: ԱՄՆ-Ադրբեջան խորհրդակցությունների ընթացքում, ինչպես նշեցինք, տարածաշրջանային անվտանգության համատեքստում քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Խորհրդակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը միշտ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել այս հայտարարությունը: Սակայն նա ասել է, թե «քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե սկզբունքներից ո՞րն է առաջնային՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: «Այդ կապակցությամբ չկա ո՛չ համընդհանուր բանաձեւ, ո՛չ միջազգային մակարդակով ընդունված մոտեցում»,- հավելել է Մ. Բրայզան: Նա նշել է նաեւ, թե «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում հասել ենք այն կետին, երբ լուրջ եւ բարդ որոշումները պետք է ընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»: Բրայզան բարձր է գնահատել հունիսի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի գիտության ու մշակույթի գործիչների խմբի՝ Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կատարած մեկօրյա այցը: «Այդ այցն իրադարձությունների կարեւոր զարգացում դարձավ: Դա ճեղքում չէ, սակայն խոսքը վստահության ամրապնդման ուղղությամբ խոշոր եւ լուրջ միջոցառումների մասին է»,- ասել է նա: Միաժամանակ նախօրեին հայտարարություն է տարածել ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) Նախարարների կոմիտեն, որով դատապարտել է հուլիսի 19-ին ԼՂ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունները: ՎՈւԱՄ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարել են, թե նախագահական ընտրությունները Ղարաբաղում պետք է «ապօրինի» համարվեն եւ «չեն կարող որեւէ օրինական ուժ ունենալ»: Նախարարների կոմիտեն, ափսոսանք հայտնելով «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» ընտրությունների անցկացման կապակցությամբ, պնդել է, թե «նման «ընտրությունները կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը եւ միջազգային իրավունքի սկզբունքները»: «Օրինական ընտրություններ այստեղ կարող են անցկացվել միայն Ադրբեջանի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական համակարգին Լեռնային Ղարաբաղի ինտեգրումից հետո, այն բանից հետո, երբ փախստականները կվերադառնան իրենց մշտական բնակության վայրերը, կվերականգնվեն տրանսպորտային կապերը եւ կերաշխավորվի ադրբեջանցի եւ հայ համայնքների խաղաղ գոյակցությունը»,- ասված է ՎՈւԱՄ Նախարարների կոմիտեի հայտարարությունում, որը տարածել է Ադրբեջանի Արտգործնախարարությունը: ՎՈւԱՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել «ապօրինի ակտը» եւ սատարել հակամարտության խաղաղ կարգավորման հետագա ջանքերը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով»: