«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին «Ազատության» հրապարակում կազմակերպված հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե իրենք 2008 թվականին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնության շուրջ, բացի ՀԺԿ-ից եւ «Հանրապետություն» կուսակցությունից, սկզբունքային համաձայնության են եկել նաեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության հետ: Ն.Փաշինյանը տեղեկացրել էր նաեւ, որ «Ազգային Միաբանության» հետ նման պայմանավորվածություն կայացել է կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում:
Իսկ այս «սկզբունքային համաձայնությունը», ըստ Նիկոլ Փաշինյանի, ձեռք է բերվել 3 հիմնական կետերի շուրջ. առաջին` անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական թեկնածու, որպեսզի այդ թեկնածուի շուրջ ծանրության բեւեռ ձեւավորվի: Երկրորդ` այս պայմանավորվածության համատեքստում պետք է ձեւավորել միասնական կաբինետ, որպեսզի այդ թեկնածուն մարդկանց ներկայացվի ոչ թե որպես միայն թեկնածու, այլ` թեկնածու` իր ծրագրով եւ միասնական թիմով: Եվ երրորդ` այս ուժերը պետք է կառուցողական համաձայնության գան` միասին այս նպատակներն իրագործելու համար:
Սա ինքնին նշանակում է, որ նախաձեռնության շուրջ համաձայնության եկած ուժերն առաջին հերթին համաձայնվել են վերը նշված երկու սկզբունքային հարցերի վերաբերյալ` միասնական թեկնածուի եւ միասնական կառավարության կաբինետի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ նշված ուժերի ղեկավարները ենթադրաբար պատրաստակամություն են հայտնել հրաժարվել իրենց նախագահական հավակնություններից: Ու քանի որ նույն հանրահավաքում հայտարարվել էր նաեւ, թե այս ուղղությամբ խորհրդակցությունները շարունակվելու են, եւ ամառային դադարի այս շրջանը փորձ է արվելու օգտագործել նշված հարցերի վերաբերյալ շոշափելի առաջընթաց արձանագրելու համար, ուստի ամառային դադարի այս շրջանում փորձեցինք նախ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանից պարզել` նա իսկապե՞ս միացել է 2008 թվականին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնությանը, այսինքն` սկզբունքային համաձայնության եկե՞լ է, քանի որ նրանից որեւէ մեկը մինչ օրս նման հայտարարություն չի լսել: Գեղամյանը հրաժարվեց հարցազրույց տալ` պատճառաբանելով, թե` ամառը ճիշտ սեզոն չէ մամուլում հարցազրույցով հանդես գալու համար: Ի պատասխան մեր խնդրանքին` գոնե պատասխանել վերը նշված հարցին, Ա. Գեղամյանը ասաց բառացիորեն հետեւյալը. «Մենք միացել ենք ազգին»: Իսկ հետո ավելացրեց. «Մեր կուսակցության օրակարգում դեռեւս նման հարց դրված չէ, եւ մինչեւ սեպտեմբեր մենք չենք կարող որեւէ բան ասել: Սեպտեմբերին տեղի է ունենալու մեր կուսակցության կոնֆերանսը, որին հրավիրում ենք նաեւ ձեզ: Այնտեղ դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»: Այսինքն` Գեղամյանի այս խոսքերից ակնհայտ է, որ ինքը նշված նախաձեռնությանը չի միացել: Իհարկե, ԱՄ նախագահը հարկ եղած դեպքում կարող է ասել, որ «Իմպիչմենտը» նույնպես «ազգի» մասնիկն է, բայց դա արդեն լուրջ չէ: Թեեւ, ինչպես ավելի ուշ պարզվեց, Գեղամյանն իր ասածներն արդեն հասցրել էր այդկերպ մեկնաբանել: Երեկ, երբ մենք Արտաշես Գեղամյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանից, վերջինս հրաժարվեց` խոստանալով դա անել միայն Ա. Գեղամյանի հետ զրուցելուց հետո: Իսկ Ա. Գեղամյանի հետ զրույցից հետո Փաշինյանն ասաց, թե ինքը վերահաստատում է այն, ինչ ասել է «Ազատության» հրապարակում: Այսինքն` Արտաշես Գեղամյանի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2008թ. նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտության շուրջ: Գեղամյանը Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ հուլիսի 3-ին արված հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, այսինքն` ԱՄ-ի՝ նախաձեռնությանը միանալը ուժի մեջ է: Մնում է միայն ենթադրել, թե ինչո՞ւ է Գեղամյանը թաքցնում, որ համաձայնվել է առաջիկա ընտրություններում նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնությանը: Գուցե ամառային սեզոնի պատճառո՞վ:
Ինչեւէ: Նույն հարցի շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ՀԺԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ բանակցություններ են ընթանում «Իմպիչմենտի» եւ «Հանրապետության» հետ այն մասին, որ պետք է միասնական թեկնածուով մասնակցել ընտրություններին: «Ավելի ստույգ` այժմ տեղի է ունենում դաշտի զննում, հանդիպումներ ու դիրքորոշումների ճշգրտում: ՀԺԿ-ն, «Իմպիչմենտն» ու «Հանրապետությունն» ավելի հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը: Մենք հայտարարել ենք, որ յուրաքանչյուրն այս նախաձեռնությանը միանալով՝ պետք է պատրաստ լինի նրան, որ ինքը չի լինելու այդ միասնական թեկնածուն»,- վստահեցնում էր ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը: Մեր հարցին, թե` իսկ ՀԺԿ-ն պատրա՞ստ է, որ այդ միասնական թեկնածուն կարող է չլինել Ստեփան Դեմիրճյանը, Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Այո, մենք արդեն հայտարարել ենք, որ գտնում ենք, որ այդ գաղափարը շատ կարեւոր է, քանի որ խոսքը ոչ թե նորմալ ընտրությունների, այլ` ռեժիմի անօրինականությունները կասեցնելու եւ օրինական իշխանություն ձեւավորելու մասին է: Մենք գտնում ենք, որ խունտայի դեմ պետք է գնալ միասնական թեկնածուով: Դրա մեջ որեւէ ողբերգություն կամ քո անձը նվաստացնող որեւէ բան չկա»: Ի դեպ, Ռ. Խաչատրյանը նաեւ հիշեցրեց ԱԺ ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի միջեւ ընթացող բանակցությունները, երբ քննարկվում էր ընտրություններին դաշինքով մասնակցելու եւ միասնական ցուցակ ներկայացնելու հարցը: Հենց այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին, թե Ս. Դեմիրճյանը չմիացավ այդ նախաձեռնությանը, քանի որ մյուս ընդդիմադիր ուժերը չեն համաձայնել նրա պայմաններին, որով նա պահանջում էր լինել ցուցակի առաջին տեղում, եւ որ 2008թ. նախագահական ընտրություններին հենց ինքն է լինելու ընդդիմության միասնական թեկնածուն: «Դրանք կեղծ մեղադրանքներ էին, եւ հակաքարոզչություն էր ՀԺԿ-ի եւ Ս. Դեմիրճյանի դեմ: Նա այն ժամանակ էլ էր կարեւորում միասնական թեկնածուով գնալու անհրաժեշտությունը եւ ասում էր, որ անհեթեթ կլիներ դաշինքով գնալ ու մի քանի միասնական թեկնածու ունենալ 2008թ. նախագահական ընտրություններին»,- հայտարարեց Ռ. Խաչատրյանը:
Ի դեպ, երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում ամենալուրջ փորձաքարը կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը՝ այլընտրանքի ապահովման տեսանկյունից: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ հավելել է, թե 2008թ. նախագահի միասնական կամ առանցքային թեկնածուի շուրջ առայժմ «սեղանի շուրջ քաղաքական գործիչների, լիդերների միջեւ բանակցություններ չեն ընթանում», բայց իրենք միշտ կողմնակից են լայն դաշտ ձեւավորելուն: Մի խոսքով` մինչեւ մյուս ընդդիմադիր ուժերը կորոշեն, թե ո՞վ է լինելու կամ լինելո՞ւ է արդյոք միասնական ընդդիմադիր թեկնածու, «Ժառանգությունն» արդեն ասում է, թե ով կարող է լինել այդ թեկնածուն: Սրանից կարելի է նաեւ ենթադրել, որ «Ժառանգությունը» չի միանալու ընդդիմության միասնական թեկնածու ունենալու նախաձեռնությանը: