Արդեն երրորդ անգամ Երեւանում տեղի է ունենում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այս փաստն իսկապես շատ ողջունելի է, հատկապես այն բանից հետո, երբ երկու տարի առաջ` առաջին կինոփառատոնի օրերին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեզ ֆելինիներ եւ փարաջանովներ պետք չեն: Այդ դեպքում եկեք պարզենք, թե ի՞նչ կինո է պետք հայերին:
Ելնելով այն փաստից, որ ՀՀ իշխանությունների սիրելի հեռուստաալիքները հաճախ հնդկական կինո են ցուցադրում, կարելի է ենթադրել, որ մեր ազգին հենց դա է պետք: Բայց դա, կարծում եմ, ոչ թե բոլոր հայերի ցանկությունն է, այլ մանուկ հասակում իրենց «գեղի կլուբներում» միայն հնդկական կինո տեսած այսօրվա իշխանությունների նոստալգիկ պահանջն է: Նման ֆիլմերը Հայաստանի քաղաքական-տնտեսական շրջանակներում ավելի ակտուալ են այն պատճառով, որ իրենց անձնական կյանքի օրինակը շատ նման է հնդկական կինոյի սցենարին: Հիշո՞ւմ եք, ինչպես են հնդկական կինոյի հերոսները «Բրադյագայից» դառնում «Պարոն 420» (կամ, ասենք «Ջունգլիների արքա»): Դեռ 1970-80թթ. Երեւանում հնդկական կինո դիտելը «զապադլո» էր (թեեւ քիչ չէին թաքուն դիտողները, ինչպես նաեւ՝ թաքուն «ռաբիս» երաժշտություն լսողները): Այսօր պատկերը փոխվել է 180 աստիճանով` «զապադլո» են Ֆելինին, Փարաջանովը, Ալմոդովարը, Կուստուրիցան: Ի դեպ, մեր չինովնիկներին խորհուրդ կտայի դիտել Էմիր Կուստուրիցայի ֆիլմերը (հատկապես` «Անդերգրաունդը»): Չի բացառվում, որ իրենց շատ հարազատ դրվագներ գտնեն: Բայց ավելի լավ է թեմայից չշեղվենք:
Կինոարվեստի մյուս ժանրը, որը հոգեհարազատ է դարձել հայերի համար, իհարկե, սերիալներն են: Այստեղ եւս զարմանալու ոչինչ չկա: 5000-10.000 դրամ ընտրակաշառքով ընտրություն կատարող ազգը դժվար թե սերիալից բացի այլ բան հասկանա: Թեեւ, ի պատիվ «Հ1» եւ «Արմենիա» հեռուստաալիքների, կարող եմ ասել, որ վերջիններս գոնե որակյալ մի քանի սերիալներ ձեռք բերեցին (ինչպես՝ ռուսական, այնպես էլ՝ ամերիկյան արտադրության) եւ փորձում են ինչ-որ չափով ցրել համընդհանուր ապուշացման մթնոլորտը: Խոսքս միայն ֆիլմերի մասին է, որովհետեւ լուրերի մասով ապուշացումը գնալով համատարած խորանում է: Տեղական հեռուստաընկերությունների լուրերը նմանվել են ստալինյան ժամանակաշրջանի խորհրդային ֆիլմերին: Օրինակ, «Լենինը 1918 թվականին» կամ «Լենինը Ռազլիվում» ֆիլմը, եւ այլն: Հնդկական ֆիլմերից եւ սերիալներից բացի, հայերը շատ են սիրում նաեւ հոլիվուդյան «բոեւիկներ, ուժասներ, ժիզնեննի կինոներ» եւ, իհարկե, «պոռնո» ֆիլմեր: Բայց դա հասկանալի է, քանզի մեր «ժիզնը» դարձել է «բոեւվիկ, ուժաս եւ, իհարկե, պոռնո»:
Իհարկե, այս ամենը, ինչպեսեւ՝ մեր կյանքում ամեն ինչ, առավել ցայտուն երեւում է Հայաստանի քաղաքական դաշտում: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» այլեւս դարձավ սերիալ, որտեղ «ըՏչՈՑօպ ՑՏՋպ տսՈփցՑ», «Օրինաց երկրին» այնպես մոնտաժեցին, որ արդեն կարճամետրաժ կինոնկարի էլ չի ձգում, Արտաշես Գեղամյանին եւ Արշակ Սադոյանին ընդհանրապես ուղարկեցին «Գոսֆիլմաֆոնդի» արխիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի «Վեստսայդյան պատմությունը» «Դա վինչի» տեխնիկայով թարմացրեցին եւ արդեն նոր գույներով են ցուցադրում հեռուստադիտողին: ՀՅԴ-ն այնքան հին է, որ «Դա վինչին» էլ չի փրկում: Ու թեպետ իրենց կուսակից ընկեր Սոս Սարգսյանը դեռ 40 տարի առաջ խորհուրդ էր տալիս՝ «չխառնել սեփականը պետականի հետ», այնուամենայնիվ, նրանք չեն «թարգում» հասարակությանը վախեցնել՝ ՀՀ նախագահի սեփական թեկնածու առաջ քաշելու փաստով: Իսկ ՀՀԿ-ն այս տարի այնպիսի պրոդյուսեր ձեռք բերեց, որ մայիսին «Գարնան այնպիսի 17 ակնթարթ» նկարահանեց, որը կարող էր վերցնել բոլոր «Օսկար»-ները: Սակայն Հանրապետականներն անհասկանալի պատճառով «Լավագույն սպեցէֆեկտների» եւ «Լավագույն գրիմի» համար մրցանակները տվեցին իրենց կոալիցիոն գործընկերներին: Քանի որ հայաստանյան բոլոր բնագավառներում չեն դադարում գործել քավոր-սանիկական հարաբերությունները, ուրեմն կարելի է ենթադրել, որ երկար ժամանակ դեռ ակտուալ է լինելու «Կնքահայրը» կինոնկարը: Վերջին շրջանում ՀՀ նախագահի երրորդ ժամկետի մասին ակտիվացած խոսակցությունների շուրջ առայժմ միայն կարող եմ ասել, որ «Մոսկվան արցունքներին չի հավատում»: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավորներին, թեեւ «Պրոֆեսիոնալ» նրանց չենք կարող անվանել, այնուամենայնիվ, «Անհաջողակ» ասելն էլ սխալ կլինի:
Ժողովուրդն այս ամբողջ պատմության մեջ «Քամուց քշվածների» կարգավիճակում է: Բայց լավատես լինելով՝ ես գիտեմ, որ շատ շուտով հայ կինոսիրողը դաժան ռեալիզմից կտեղափոխվի հայկական «նյուռեալիզմի» շրջան, եւ մեր սափրագլուխ «Գլադիատորներն» իրենց կայսրերի հետ միասին «կթարգեն» իրենց «Հանիբալությունը», իսկ ժողովուրդը, ի վերջո, կհասկանա, որ «Կյանքը հիասքանչ է»: Ու թեեւ Մալյանն ու Դովլաթյանը, Փարաջանովն ու Քեոսայանը, ցավոք, արդեն մեզ հետ չեն, բայց հայերը կունենան լավ կինո: