Ինչպես հայտնի է, Հայաստանում օտարերկրյա կապիտալով հիմնադրված ընկերությունները գործունեության առաջին երկու տարիներին ազատվում են շահութահարկից։ Նման քաղաքականության նպատակը, հասկանալի է, Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար հրապուրիչ դարձնելն է։ Եվ պատկերացրեք՝ Վիճպետվարչությունն իսկապես ամեն տարի օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրում։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանում գործող, «օտարերկրյա կապիտալով» հիմնադրված եւ շահութահարկից ազատված ընկերությունների մեծ մասը պատկանում է հենց հայաստանցի գործարարներին եւ իրականում որեւէ կապ չունի «արտասահմանյան կապիտալի հետ»։ Ընդ որում, այս ընկերությունների սեփականատերերը հիմնականում պատգամավորներ են եւ ժամանակ առ ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի անհրաժեշտության մասին։ Իսկ ընդմիջումների ժամանակ երեւի հաշվում են, թե քանի միլիարդի վնաս են հասցրել պետությանը։ Հաշվում են ու հիանում սեփական ճարպկությամբ։
Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) անցյալ ամիս հրապարակել է շահութահարկի արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրում ունեցող ընկերությունների ցանկը: Այդ ընկերությունների մեծ մասը բոլորիս հայտնի են եւ պատկանում են շատ հայտնի մարդկանց՝ ԱԺ պատգամավորների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Նախ տեղեկացնենք, որ Հայաստանում օտարերկրյա կապիտալով հիմնադրված ընկերությունները գործունեության առաջին երկու տարիներին 100 տոկոսով ազատվում են շահութահարկից: Իսկ գործունեության հետագա մի քանի տարիներին էլ վճարում են շահութահարկի դրույքաչափի ընդամենը 50 տոկոսը:
Այսինքն` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի ընձեռած այս արտոնությունները, ըստ էության, դարձել են շահութահարկից խուսափելու օրինական ճանապարհ: Բանն այն է, որ այդ օրենքից հետո շատ գործարարներ իրենց բիզնեսը ձեւակերպում են որպես օտարերկրյա ներդրում եւ դրանով խուսափում են շահութահարկ վճարելուց: Նրանք արտասահմանյան երկրներում գտնում են որեւէ սուբյեկտի եւ իրենց բիզնեսը ձեւակերպում նրա անունով: Ձեռքի հետ էլ այդ ճանապարհով «ավելացնում» են Հայաստանում կատարվող իբրեւ թե օտարերկրյա ներդրումները: Իսկ երբ ավարտվում է այդ ընկերությունների՝ շահութահարկ վճարելու արտոնությունից օգտվելու ժամանակը, հայ սեփականատերերը փակում են այն եւ մեկ այլ «օտարերկրյա» ընկերություն են բացում, բիզնեսը տեղափոխում են արդեն այլ պետություն եւ երկարացնում են իրենց արտոնությունների ժամկետները: Եվ ահա Հարկային պետական ծառայությունը օտարերկրյա ներդրում ունեցող 73 ընկերություն է հաշվել Հայաստանում: Ընդ որում, դրանցից 25-ը 2005 եւ 2006 թվականներին ընդհանրապես շահութահարկ չեն վճարել, իսկ մնացածը վճարել են ընդամենը 50 տոկոսի չափով: Այսպիսով, ՀՊԾ-ի հրապարակած ցանկի շահութահարկից ընդհանրապես ազատված առաջին ընկերությունը ծխախոտ ներկրող «Պարես Արմենիան» է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Հաջորդը «Կոտայք գարեջրի գործարանն» է, երրորդը՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Արմենիա Թրեյդինգ» ընկերությունը: Ավելին, այս երրորդ ընկերությունը ոչ միայն շահութահարկ չի վճարել, այլ ընդհանրապես այս տարի պակասեցրել է վճարած մյուս հարկերի չափը: Եթե 2006թ. առաջին եռամսյակում «Միկան» վճարել է 655 մլն դրամ, ապա այս տարվա հունվար-մարտ ամիսներին վճարել է ընդամենը 283 մլն դրամ: Մ. Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Միկա ցեմենտը» օգտվում է շահութահարկի 50 տոկոս արտոնությունից: Այս ընկերությունը ոչ միայն Հայաստանի հիմնական ցեմենտ արտադրողն է, այլ իր արտադրանքը արտահանում է նաեւ Վրաստան: Ընդ որում, անցած մի քանի տարիներին շինարարության բումին զուգահեռ ցեմենտի գինը հասել է աստղաբաշխական չափերի: Իսկ մի երկու ամիս առաջ էլ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ գործարանը չարաշահում է իր գերիշխող դիրքը եւ ցեմենտի համար անհիմն բարձր գներ է սահմանում: Շահութահարկից 100 տոկոսով ազատված մյուս ընկերությունները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարավազ ներկրող «Ֆլիտֆուդ» եւ «Սալեքս գրուփ» ընկերություններն են: Հիշեցնենք, որ Ս. Ալեքսանյանը սկզբում բացել էր «Ֆլիտֆուդը», բայց անցյալ տարի, երբ դրա հարկային արտոնությունների ժամկետն արդեն ավարտին հասավ, բացեց «Սալեքս գրուփը» եւ բիզնեսի մեծ մասը տեղափոխեց այս ընկերություն: Ասում են` որպեսզի Ս. Ալեքսանյանն իր բիզնեսը օտարերկրյա ներդրում դարձնի, այն ձեւակերպել է մի նեգրի (սեւամորթի) անունով: Շահութահարկի 100 տոկոս արտոնություն ունի նաեւ էլիտար շենքեր կառուցող «Գրիար» ընկերությունը: Շինարար-մասնագետների գնահատմամբ՝ էլիտար բնակարանաշինությունը 200-300 տոկոս շահութաբերություն ունի: Չճշտված լուրերի համաձայն` «Գրիար» ընկերությունը մասամբ է օտարերկրյա, եւ հիմնական բաժնետերը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինն է՝ Նինա Բատուրինան: Շահութահարկ չեն վճարում նաեւ Ախթալայի լեռնահարստացման եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները:
Բավական շատ ու տպավորիչ են շահութահարկի արտոնությունից կիսով չափ օգտվող ընկերությունները: Դրանք են` ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլը», Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ Տոբակոն», «Գրանդ քենդին» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»: Ընդ որում, արժե հիշել, որ «Գրանդ տոբակոն», բացի շահութահարկ չվճարելուց, «Միկա Արմենիա Թրեյդինգի» պես պակասեցրել է մյուս հարկատեսակների գծով իր վճարումները: Այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 200 մլն դրամի չափով քիչ հարկ է վճարել: Դե, հասկանալի է, ծախսեր էին պետք՝ պարոն Վարդանյանի երկու որդիները մայիսին դարձան ԱԺ պատգամավորներ: Շահութահարկի 50 տոկոս արտոնությունից օգտվում են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ», «Մուլտի գրուպ կոնցեռն» եւ «Մուլտի ռեստ հաուզ» ընկերությունները:
Շահութահարկի 50 տոկոս արտոնությունից օգտվում են նաեւ օտարերկրյա այնպիսի ընկերություններ, որոնք գործում են հանրային ծառայությունների ոլորտում եւ մոնոպոլիստ են, ինչպես` «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «ԱրմենՏելը»: Բազմիցս է խոսվել, որ այս ընկերությունները, հատկապես՝ վերջին երկուսը, Հայաստանում զբաղված են գերշահույթ ստանալով եւ իրենց ոլորտներում բավարար չափի ներդրումներ չեն կատարում: Թե՛ էներգամատակարարման, թե՛ հեռահաղորդակցության ոլորտներում խափանումները սովորական երեւույթ են: Բացի այդ, Հայաստանում բավականաչափ թանկ են համարվում եւ՛ էլեկտրաէներգիայի, եւ՛ հեռախոսակապի սակագները: Բերենք ընդամենը մեկ օրինակ. 2005թ., երբ Հայաստանի բջջային շուկա մուտք գործեց երկրորդ օպերատորը, «ԱրմենՏելն» իր րոպեավճարը կտրուկ իջեցրեց: Այսինքն` ստեղծվեց մրցակցություն, որի արդյունքում երկու օպերատորներն էլ իջեցրին բջջային կապի սակագները: Նույնիսկ առկա սակագները համարվում են գերշահույթ ապահովող: Պատկերացրեք, թե «ԱրմենՏելը» մինչեւ 2005 թվականը բջջային կապի 1 րոպեից որքա՞ն շահույթ է ապահովել: Ճիշտ է, այս ընկերություններն օգտվում են օրենքով իրենց ընձեռված հնարավորությունից, բայց դրանից տուժում է Հայաստանի պետական բյուջեն: Դեռեւս ճշգրտված հաշվարկ չկա, թե այդ արտոնությունը հօգուտ սեփականատերերի որքան գումար է խլում պետական բյուջեից, բայց որոշ գնահատականների համաձայն՝ դա կարող է հասնել մինչեւ 100 մլրդ դրամի: Հարկային ծառայության պաշտոնյաները վերջին տարիներին հաճախ էին դժգոհում շահութահարկի ընձեռած արտոնություններից, խոսում դրա կրճատման կամ իսպառ վերացման մասին, սակայն խոսքը գործ դարձնելու համար թերեւս անհրաժեշտ էր իշխանության ավելի բարձր օղակների թույլտվությունը: Չէ՞ որ հարկային արտոնություններից օգտվում են Միխայիլ Բաղդասարովը, Սամվել Ալեքսանյանը, Հրանտ Վարդանյանը եւ այդ կարգի այլ «գործիչներ»: