Մութ գործարքներ «Նաիրիտի» շուրջ

15/07/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ նախկին պահեստապետ Հրանուշ Մելոյանը 2006թ. հունիսի 20-ին դիմել է Շենգավիթ համայնքի դատախազություն՝ հայտնելով, որ 2004-2005թթ. գործարանի հիմնական միջոցների գույքագրման ժամանակ հայտնաբերվել են զգալի չարաշահումներ:

Շենգավիթ համայնքի դատախազությունը քաղաքացի Մելոյանին հայտնել է, որ «Նաիրիտ գործարանում» պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափով յուրացման գործի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հրանուշ Մելոյանը պատմում է, որ 26 տարի աշխատել է «Նաիրիտում», որպես նյութական պատասխանատու: 2005թ. գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հրաժարվել է նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել, ինչի արդյունքում էլ Մելոյանը զրկվել է աշխատանքից: «Որպես պահեստապետ՝ ես հրաժարվեցի ենթարկվել տնօրենի հրահանգներին: Ռ. Սաղաթելյանը մատակարարի միջոցով ապրանքը կրկին վերավաճառում էր գործարանին: Կամ փաստաթղթերով ապրանք էր մուտք արվում պահեստ, սակայն իրականում ապրանքը չկար: «Նաիրիտ գործարանից» 3 պահեստապետ է այս գործով փախել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սաղաթելյանը պահեստապետերին նախ ուղարկում էր Ամերիկա եւ հետո իրավապահներին տեղեկացնում, թե գործարանի պահեստներում առկա է ապրանքանյութական արժեքների զգալի պակաս»,- պատմում է Հրանուշ Մելոյանը: Եվ, իրոք, Սաղաթելյանի` ՀՀ ոստիկանապետին եւ Ոստիկանության Շենգավիթի բաժնին ուղղված նամակներում ասվում է, որ գործարանի պահեստներում առկա են մոտ 50մլն դրամի չարաշահումներ եւ, որ հայտնի չէ պահեստապետերի գտնվելու վայրը: Շենգավիթի դատախազությունն ուսումնասիրությամբ պարզել է, որ «Նաիրիտում» անցկացրած գույքագրման արդյունքում 30 ստորաբաժանումներում հայտնաբերվել է 777 հիմնական միջոց-սարքավորումների պակասորդ` մոտ 13մլն դրամ սկզբնական արժեքով: Ինչպես նաեւ 57 ստորաբաժանումներում հայտնաբերվել է 1163 հիմնական միջոցների ավելցուկ: Ահա այս քրեական գործն, արդեն մեկ տարի է, փոշոտվում է Շենգավիթի դատախազության դարակներում: Այս չարաշահումները հայտնաբերվել են դեռեւս 2003թ.` գործարանում «Հայկապբանկի» կողմից կատարած աուդիտի արդյունքում: Հետաքրքիրն այն է, որ այս մասին դատախազությանը դիմել են ոչ թե «Նաիրիտի» հերթափոխվող սեփականատերերը, այլ աշխատանքից ազատված պահեստապետը: Բնական է, որ գործարանի տնօրինության համար մեծ գլխացավանք կարող են դառնալ Դատախազության ստուգումները: Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտ գործարանի» ներկայիս տնօրինությունն էլ է ամեն ինչ անում, որպեսզի այս գործը սառեցվի Դատախազությունում: Պարզ է, չէ՞, որ Դատախազությունն իր ստուգումների ժամանակ կընդլայնի իր գործունեությունը եւ կբացահայտի գործարանում կատարված նորանոր չարաշահումները:

Մի դատավարության պատմություն

2004թ. Ազգային անվտանգության Քննչական վարչությունը պարզել է, որ «Արմեն» ՍՊԸ 1999-2002թթ. «Նաիրիտին» առանց ապրանքների մատակարարման տրամադրել է կեղծ փաստաթղթեր: Բացի այդ, «Նաիրիտին» մատակարարել է տարատեսակ էլեկտրասարքավորումներ, սակայն այս գործարքները չեն երեւում վերջինիս հաշվապահական հաշվետվություններում` խուսափելով 690 հազար դրամի հարկային պարտավորություններից: «Արմեն» ՍՊԸ տնօրեն Նորայր Զաքարյանը «Նաիրիտի» հետ գործարքներ է կատարել նաեւ իր «Նորայր Զաքարյան» Ա/Ձ կազմակերպությամբ: Արդեն 2005թ. տեղի ունեցած դատական մի նիստից տեղեկանում ենք, որ «Արմեն» ՍՊԸ սնանկ է ճանաչվել, որի միակ պարտատերն է համարվել Շահումյանի հարկային պետական ծառայությունը, որի պահանջը կազմել է 15մլն դրամից ավելի հարկային պարտավորություններ եւ 500.000 դրամ պետական տուրք: Արդեն սնանկ ճանաչված «Արմեն» ՍՊԸ-ն «Նաիրիտ գործարանի» հետ կատարած գործարքներից ստացվելիք 10մլն դրամից ավելի գումարը վերապահել է ստանալ «Նորայր Զաքարյան» Ա/Ձ-ին, որն էլ իր հերթին այդ գումարի ստացումը երաշխավորել է ոմն Էդուարդ Մելոյանի (վերջինս Հրանուշ Մելոյանի ազգականն է): Տնտեսական գործերով Վերաքննիչ դատարան ներկայացրած հայցով «Արմեն» ՍՊԸ-ն իր գումարը` մոտ 10 մլն դրամը, պահանջում է իրեն իսկ պատկանող անհատ ձեռներեց կազմակերպությունից, իսկ սա էլ` Է. Մելոյանից: Հրանուշ Մելոյանը փաստաթղթերով հիմնավորում է, որ «Նաիրիտ գործարանի» հետ գործարքներ կատարել է ոչ թե «Արմեն» ՍՊԸ-ն, այլեւ «Նորայր Զաքարյան» Ա/Ձ-ն եւ որ, ՍՊԸ-ն չէր կարող որեւէ մեկին երաշխավորել ստանալ իրեն չպատկանող գումարները: Այդ մասին, որ «Արմեն» ՍՊԸ-ն «Նաիրիտի» հետ նշյալ ժամանակահատվածի համար գործարքներ չի արել, նշված է նաեւ գործարանից դատարանին ուղարկված գրության մեջ: Սակայն դատարանը բավարարել է հայցվորի պահանջը եւ քաղաքացի Մելոյանից գանձել է այդ գումարը հօգուտ ՍՊԸ-ի, բացի այս էլ «Նաիրիտ գործարանից» գանձվում է 162.700 դրամ՝ կրկին հօգուտ «Արմեն» ՍՊԸ-ի եւ եւս 32 հազար դրամ՝ որպես պետական տուրք:

Նշենք, որ «Արմեն» ՍՊԸ-ում կատարած ստուգումների արդյունքում եւ Դատախազությունը, եւ Ազգային անվտանգությունը, եւ Հարկային պետական ծառայությունը եզրահանգել են, որ «Արմեն» ՍՊԸ տնօրեն Նորայր Զաքարյանը խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել հարկման հիմք համարվող փաստաթղթերում` խուսափելով հարկային պարտավորություններից, որը կազմել է 2մլն 690 հազար դրամ: Այնուհետեւ Գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ Զաքարյանն ակնհայտ խեղաթյուրված տվյալներ չի մտցրել հարկման ենթակա փաստաթղթերում եւ 2004թ.-ին կարճվել է քրական գործի վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով: