Մեր հայտնաբերած խախտումները հիմնավոր են

15/07/2007 Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ

– ՀՀ Տնտեսական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ Բնապահպանության նախարարության կազմած երկու ակտերը, ինչը հիմք է տվել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) գլխավոր տնօրեն, ազգությամբ հնդիկ Բ.Կ. Շարմային հայտարարելու, որ իրենք ինչ անում են, անում են օրենքի սահմաններում: Կմեկնաբանե՞ք այս հարցը:

– Իրոք, 2007 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Տնտեսական դատարանը նման վճիռ է կայացրել, սակայն նախարարությունը սկզբունքորեն համաձայն չէ, քանի որ դրանում պատշաճ ուշադրության չեն արժանացել մասնագիտական լուրջ խնդիրները: Մեր կարծիքով, վճռի կայացման հիմքում դրված են ֆորմալ հանգամանքները, իսկ բուն էությունն անտեսված է: Այս կապակցությամբ մենք մտադիր ենք օրենքով սահմանված ժամկետում ու օրենքով սահմանված կարգով բողոքարկել վճիռը՝ համապատասխան փաստարկներ ներկայացնելով:

– Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ ձեր տեսուչների հայտնաբերած խախտումները մտացածին են: Ի դեպ, պարոն Շարման պնդում էր, որ իրենց անհարկի անհանգստացնում են նաեւ պետական մյուս մարմինները:

– Ո՛չ, մեր հայտնաբերած խախտումները հիմնավոր են: Նորմատիվ իրավական դաշտի անկատարությունը ընդերքօգտագործողին դեռեւս իրավունք չի վերապահում ոչ ռացիոնալ շահագործել Հայաստանի Հանրապետության ընդերքը:

Ի դեպ, Բնապահպանության նախարարության կարծիքը Սոդքի հանքավայրի ԱՈԱՁ-ի կողմից ոչ արդյունավետ շահագործման մասին կիսում է նաեւ կանադական «Սթրաթկոնա Միներալ Սերվիս» ընկերությունից հրավիրված անկախ փորձագետը: Վերջինս, սկզբունքորեն համաձայնելով ԱՈԱՁ-ի գործունեության նախարարության մասնագետների կողմից տրված գնահատականների հետ, առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ լեռնային աշխատանքները Սոդքի բացհանքում կատարվել են իրենից իրական արժեք ներկայացնող հանքաքարի արդյունահանման ծրագրված ծավալների գերակատարմամբ եւ լրացուցիչ ծախսեր պահանջող մակաբացման աշխատանքների նախագծային ծավալների նվազեցմամբ: Արդյունքում ընկերությունը, խախտելով իր իսկ կողմից ներկայացված «Լեռնային աշխատանքների զարգացման ամենամյա ծրագրերը», խնայել է շուրջ 10.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար եւ բացհանքի հետագա շահագործման համար չի ապահովել պատշաճ պայմաններ, այդ թվում՝ նաեւ լեռնային աշխատանքների անվտանգ իրականացման տեսակետից: Նման մոտեցումն ընկերության կողմից ցուցաբերվել է ՀՀ հանքավայրերի շահագործման ողջ ընթացքում: Օրինակ, 15.04.2005թ. «ՀՀ Բնապահպանության նախարարության եւ «ԱՈԱՁ» ՍՊԸ-ի լիազոր-ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի որոշումով» փաստվել էր, որ 2001-2003 թվականների ընթացքում Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերում ոսկու մարված պաշարների քանակությունն ընկերության կողմից նվազեցվել էր շուրջ 550 կիլոգրամով, որի համար ընկերությունից լրացուցիչ բնավճար էր գանձվել:

Ինչ վերաբերում է պետական մյուս կառույցների հետ կապված ձեր հարցին, ապա, որքան տեղյակ եմ՝ ԱՈԱՁ-ն ունի լուրջ խնդիրներ նաեւ հարկային դաշտում. խոսքը 4 միլիարդ դրամը գերազանցող գումարի մասին է: Այսպիսով, կոնկրետ Հարկային տեսչության մասով կարող եմ ասել, որ ոչ թե տեղի ունի «անհարկի անհանգստացում», այլ առկա է օրենքի պահանջներին հետամուտ լինելու փաստ:

– Միջազգային մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե «Vedanta Resources» ընկերությունն օրենսդրական եւ նորմատիվային կոպիտ խախտումներով է շահագործում իրեն պատկանող հանքերը. նրանք հանքերից քիչ ներդրումներով հնարավորինս մեծ քանակությամբ հանածո են արդյունահանում: Դուք ունե՞ք նման տեղեկություններ:

– Արտասահմանյան հանքավայրերի հետ կապված նման փաստեր չունեմ, բայց իմ կողմից վերոնշված փաստերը վկայում են, որ համենայնդեպս Հայաստանում նման միտում նկատվում է:

– Դուք բացառո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների կողմից կանխակալ վերաբերմունքի դրսեւորումը ԱՈԱՁ-ի հանդեպ, ինչպես նշել էր պարոն Շարման:

– Կարծում եմ, որ պատշաճ չէ կանխակալության մասին խոսելը: Շրջակա միջավայրի, այդ թվում՝ նաեւ ընդերքի պահպանության հետ կապված գործառույթները վերապահված են մեր նախարարությանը, եւ մենք մտադիր ենք հետագայում եւս խիստ միջոցներ կիրառել ՀՀ օրենսդրությունը խախտող բոլոր ընդերքօգտագործողների նկատմամբ՝ միաժամանակ կատարելագործելով ոլորտի իրավական եւ նորմատիվամեթոդական դաշտը: Թող այն տպավորությունը չստեղծվի, որ նախարարությունը կոշտ մոտեցում է ցուցաբերում բացառապես ԱՈԱՁ-ի նկատմամբ: Վերջին տարիներին հանքային իրավունքներից զրկվել են կամ վարչական տույժերի են ենթարկվել ավելի քան 5 տասնյակ ընդերքօգտագործողներ, որոնց կողմից այս կամ այն կերպ խախտվել են ՀՀ օրենքների պահանջները կամ պայմանագրային պարտավորությունները: