Արտույտներն ուզում են երգել

15/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Իտալական գրականության դասախոս, թարգմանչուհի ու վիպասան Անտոնիա Արսլանը խոստովանում է, որ «Արտույտների ագարակը» վեպը գրել է իր հարազատների հուշերի ու պատմությունների վրա հիմնվելով: Խարբերդից գաղթած Արսլանյանների ընտանիքը բնակություն է հաստատել Իտալիայում, նոր արմատներ գցել ու փորձել պահպանել իրենց նախնիների հողի հուշերը: Հայկական արմատների որոնումները տիկին Անտոնիային տվել են այն հոգեկան հանգստությունը, որի պակասը նա միշտ զգացել է: «Միայն հասկանալով, որ հայ եմ, ես կարողացա ներքին խաղաղություն ձեռք բերել ու որպես իտալուհի ապրել»,- ասաց նա: Անտոնիա Արսլանը Երեւան էր այցելել իր վեպի հիման վրա նկարահանած ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու եւ վեպի հայերեն թարգմանությունը ներկայացնելու համար:

Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան 2007» կինոփառատոնը եւ հայ հանդիսատեսին ներկայացրեց Հայոց եղեռնի էջերը` իտալական կինոյի վարպետների հայացքի ներքո: Ֆիլմը պատմում է երիտթուրքերի կառավարության` հայերին ոչնչացնելու որոշման մասին: Թուրքիայում ապրող հայերը հարգել ու ապրել են այդ պետության օրենքներով, երկու ազգերի ներկայացուցիչները լավ հարեւաններ ու քաղաքացիներ են եղել, հայ հերոսուհիներից մեկը սիրել է թուրք երիտասարդին, եւ, կարծես թե, Եղեռնի սկիզբը բոլորի համար անսպասելի ահազանգ է եղել: Եվ ոչ միայն հայերի համար, այլեւ թուրքերի: Ֆիլմում հայերը զոհեր են, միամիտ, համակրելի ու ազնիվ անտեղյակներ: Հայ հերոսներից մեկն ասում է. «Հուսով եմ, որ չենք ուշացել ու կարող ենք փրկվել»: Սակայն, երբ ամենաթողության սկիզբ է դրվում, զոհերը փրկվել չեն կարողանում: Մարդկության կանոններից դուրս հրաման արձակելով, Թուրքիան խրախուսում է վայրագությունն ու բարբարոսությունը, որը բոլոր մարդկանց մեջ էլ կա եւ արթնանում է էքստրեմալ իրավիճակներում, երբ ներքին զսպող ուժն այլեւս չի կարողանում դիմակայել սպանելու ու սպանվածների հարստությանը հեշտ տիրանալու գայթակղությանը: Թուրք հերոսուհին, ով գիտի, որ իր հայ ընկերները շուտով ոչնչացվելու են, եւ ինքը ոչնչով նրանց օգնել չի կարող, միայն թույլ է տալիս հայ աղջկան կրծքին սեղմել` մտովի նրան հրաժեշտ տալով: Բայցեւ չի մոռանում մտովի նշել. «Հետո, երբ հայերը չլինեն, ես նրանց հայելին ու դաշնամուրը իմ տուն կբերեմ»: Տավիանի եղբայրների ֆիլմում շատ բազմաշերտ ու հետաքրքիր թուրք պերսոնաժներ կան: Եվ հենց թուրք հերոսներն են կրում այն ներքին կոնֆլիկտը, առանց որի ֆիլմ չի լինում: Ֆիլմում տարբեր դրվագներ կան, երբ թուրքերը մարդ լինելու կամ միայն հրաման կատարողի դերում մնալու ընտրության առաջ են կանգնում: Ոմանք կարողանում են մարդ մնալ, իսկ ոմանք էլ իրենց հոգում այդ ուժը գտնել չեն կարողանում: Ավագյանների ընտանիքի կանայք ու երեխաներից մի քանիսը ֆիլմում փրկվում են թուրք մի մուրացկանի շնորհիվ, ով սկզբում դավաճանում է նրանց, իսկ հետո անում ամեն բան` նրանց փրկելու համար: Հայերի փրկագինը դրամն է, որը չի յուրացվում, այլ` ծառայում է իր նպատակին՝ թուրք մուրացկանի եւ հույն սպասուհու ջանքերով ու ներքին մղումով:

Եթե ցանկացած իրավիճակում մարդ մնալու խիզախություն ես ունենում, ուրեմն կարող ես հանգիստ նայել անցյալին: «Արտույտների ագարակը» եվրոպացիներին ոչ միայն ներկայացնում է հայերի ողբերգությունը, այլ` թուրքերին իրենց անցյալին ճշմարիտ տեսանկյունից նայելու գեղեցիկ հնարավորություն է տալիս: Տավիանի եղբայրներն ասել են, որ ցանկանում են այս ֆիլմը ցուցադրել թուրքական դպրոցներում: Իսկ Անտոնիա Արսլանը պատմեց, որ թուրքական «Հյուրիեթ» թերթն ապրիլի 22-ին իրենից հարցազրույց է վերցրել. արդյունքում ստացվել է շատ զուսպ ու քաղաքական իմաստով կոռեկտ զրույց:

«Ես պատմագետ չեմ, միայն պատմող եմ»

Անտոնիա Արսլանը Պադովա քաղաքի համալսարանի դասախոս է, եւ հենց Պադովայում էլ ստեղծվել է Անատոլիայում գտնվող «Արտույտների ագարակը» անունը կրող առանձնատունը, որը սկզբում լի է եղել հայերի ծիծաղով ու հուշերով, իսկ հետո արյունով ու ողբերգությամբ է լցվել:

– Ֆիլմի կենտրոնում երիտասարդ հայուհու` Նունիկի կերպարն է: Նա միակ հայն է, որը փորձում է ընդվզել, նույնիսկ պայքարել անարդարության դեմ, եւ զոհվում է: Ձեզ համար նա ամենահամակրելի՞ն է:

– Ֆիլմն ու վեպը բավականին տարբեր են: Ֆիլմը վեպից միայն մի քանի սյուժետային թել է պահպանել, եւ հասկանում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Տավիանիները փոխել են հերոսների անունները, Նունիկը վեպում Ազնիվ անունն ունի, եւ նա գլխավոր հերոսուհին չէ: Գլխավոր պերսոնաժները նրա պապիկն ու տատիկն են` Սմբատն ու Շուշանը: Սմբատի նախատիպը իմ պապն է` Երվանդ Արսլանյանը, ում հուշերը ես օգտագործել եմ վեպում:

– Ձեր բոլոր հայ հերոսները բավականին պարզ ու բարի են, եւ այդ պատճառով ավելի հետաքրքիր է հետեւել թուրք պերսոնաժների ներքին կոնֆլիկտին: Դա միտումնավո՞ր է արված:

– Ես ընդունում եմ, որ իմ բոլոր հայ հերոսները դրական են: Հասկանում եմ, որ պատմության մեջ եղել են եւ՛ բացասական կերպարներ, եւ՛ դավաճաններ, սակայն երբ վերհիշում ես անցյալը, ուզում ես միայն լավը հիշել:

– Հայրենիքի, ազգային ինքնությունը վերագտնելու թեման շատ արդիական է եւ հաճախ է օգտագործվում ֆիլմերում ու վեպերում: Այդ թեման նաեւ պատրանքներ է ծնում: Այդ պատրանքներն անհրաժե՞շտ են, թե՞ վերջիվերջո պետք է կոնկրետ քայլեր անել:

– Ես կպատասխանեմ Դանիել Վարուժանի տողերով: Իտալիայում իմ թարգմանությամբ տպագրվել են նրա բանաստեղծությունները, որոնք ես շատ գեղեցիկ ու հուզական եմ համարում: Նա գրել է. «Հույս ունեմ, որ մի օր կվերագտնեմ իմ կորսված հայրենիքը, որտեղ իմ կորած ոգին է արտասվում»: Ես համոզված եմ, որ իրենց հայրենիքը կորցրած բոլոր հայերն այլ աշխարհում կգտնեն իրենց հայրենիքը` շատ ավելի նյութական ու կոնկրետ ձեւով: Հայրենիքը շատ ռեալ հասկացողություն է, եւ այն գտնելը բոլորիս երազանքն է: Այդ երազանքը պատրանք չէ, այլ` կոնկրետ վայր է, որը շատ հասանելի է:

– «Արտույտների ագարակը» մելոդրամատիկ պատմություններով է հարուստ: Սիրային եւ ընտանեկան պատմություններն ինքնակենսագրակա՞ն են:

– Մեծամասամբ՝ այո: Ես պատմագետ չեմ, ես միայն պատմություններ պատմող եմ: Իսկ պատմությունների հիմքում միշտ էլ մարդկային ճակատագրերն ու սերն է լինում: Գրականության մասնագետ լինելով, ես միշտ ուսումնասիրել եմ վեպի կառուցվածքը: Վեպը որպես ժանր՝ իր կանոններն ունի, որոնց ես փորձել եմ հետեւել: Վեպ գրելն ինձ համար անհրաժեշտություն էր, որն անպայման պետք է անեի:

– Ֆիլմում հաճախ է հնչում «Իմ սիրուն-սիրուն» երգը: Ֆիլմում այն օգտագործելը ձե՞ր գաղափարն էր, թե՞ ռեժիսորների:

– Իմ հորաքույր Անրիետը, ով ցեղասպանության վերապրողներից է եղել, երբեք չի խոսել Եղեռնի մասին, նա խուսափել է պատմել այն սարսափների մասին, որոնց ականատեսն է եղել, բայց միշտ մեզ համար երգել է «Իմ սիրուն-սիրունը»: Ես էլ մտածեցի, որ այդ երգը շատ լավ կարող է փոխանցել նրա զգացածն ու հուշերը: Ֆիլմում այդ երգը հրաշալի կատարում է Վարդուհի Կարախանյանը:

– Համաձա՞յն եք, որ սփյուռքը վաղ թե ուշ ձուլվելու է, քանի որ երկար չի կարող պահպանել ազգային լեզուն ու սովորույթները:

– Պատասխանը մեկն է. յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ապրելակերպը: Իտալիայում հայկական համայնքը շատ փոքր է, 50 մլն իտալացիների մեջ ընդամենը երկու հազար հայ է ապրում, եւ ես համոզված եմ, որ հայերը կասիմիլացվեն, քանի որ եթե համայնքը փոքր է, ապա ձուլումն անխուսափելի է: Ամեն ինչը կախված է ինքնության ներքին պահանջից: Բայց մի մոռացեք, որ Իտալիան նույնպես սփյուռք ունի, եւ միլիոնավոր իտալացիներ հիմա Ամերիկայում, Ավստրալիայում են ապրում, եւ նույն խնդիրներն ունեն, ինչ հայկական սփյուռքը: Սփյուռքի խնդիրների մասին ես տեղյակ եմ եւ՛ որպես իտալուհի, եւ՛ որպես հայ: Բերեմ իմ ընտանիքի օրինակը. մենք հինգ քույր եւ եղբայր ենք, երկու քույրերս ընտրել են իտալական ինքնությունը, մեկ եղբայրս ներքուստ իրեն հայ է համարում եւ Պադովայի եկեղեցիներից մեկում հայկական երգչախումբ է հիմնել ու հայկական պատարագ է երգում: Իսկ ես եւ իմ հանգուցյալ Կարլո եղբայրս ինքնության հարցերը շատ ավելի սուր ենք ընդունել եւ, կարծես թե միշտ, դեռ մանկուց, փնտրտուքի մեջ ենք գտնվել: Երբ երիտասարդ էի, շատ էի ուզում Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում սովորել, սակայն իմ երազանքը չիրականացավ, քանի որ, ինչպես գիտեք, այնտեղ ուսանել կարող են միայն տղաները:

– Իսկ այսօրվա Հայաստանը, որը բավականին դժվար տնտեսական վիճակում է, կարո՞ղ է հայերին համախմբող կենտրոն համարվել: Չմոռանանք, որ Իտալիայի նման ծով չունենք, եւ մարդիկ ավելի դժվար կյանքով են ապրում:

– Իմ կարծիքով՝ Հայաստանն արդեն բոլոր հայերի կենտրոնն է դարձել: Գուցե դուք այստեղ դա չեք գիտակցում, բայց մենք շատ լավ գիտենք այդ մասին: Սփյուռքում ապրող յուրաքանչյուր մարդ, ում երակներում թեկուզ աննշան չափով հայկական արյուն է հոսում, արդեն մեծ հպարտությամբ է ասում, որ ինքը հայ է: Մի քանի տասնամյակ առաջ այդպես չէր, շատերը չէին ցանկանում ընդգծել իրենց հայ լինելը: Մենք բազմաթիվ կորսված ազգերից մեկը չենք, մենք կենդանի ազգ ենք: Թուրքիայում կային լազերը` քրիստոնյա մի ազգ, որը դավանափոխ եղավ եւ որպես ազգ անհետացավ պատմությունից: Ո՞վ է հիմա հիշում լազերի մասին: Իսկ մենք դեռ կանք:

– Այսօրվա Հայաստանը ինչպիսի՞ն տեսաք:

– Շատ գեղեցիկ: Իսկ եթե ուզում եք դժվարությունների մասին խոսել, փորձեք Հայաստանը համեմատել հետխորհրդային այլ պետությունների հետ: Ճիշտ ընտրեք համեմատության մեկնարկն, ու ամեն բան շատ պարզ կդառնա:

«Տառապելով չէ, որ լավն ես դառնում»

Ծագումով հրեա, ֆրանսիացի դերասան Չեքի Կարիոն նկատեց, որ իր համար դերը շատ հետաքրքիր է եղել, քանի որ նա՝ ինքը, որպես իր ազգի ներկայացուցիչ, հրեա ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության հետքերը կրում է իր սրտում:

– Այս ֆիլմի ասելիքն ավելին է, քան վրեժխնդրությունը: Ֆիլմի նպատակը հանդիսատեսի եւ հերոսների միջեւ երկխոսություն ստեղծելն է: Մարդ էակը միշտ քաոսի է ձգտում եւ շուրջը խառնաշփոթ ստեղծելու առիթներ է փնտրում: Բայց նա պետք է նաեւ հասկանա, որ քաոսի դեմ պայքարել է հարկավոր: Մարդկանց ճակատագրերը միշտ էլ իշխանությամբ օժտված խմբերի ձեռքում են գտնվում, իսկ այդ խմբերը պատրաստ են ոճրագործություն անել եւ սադրել բռնությունները:

– Եթե ընտրություն ունենայիք, ո՞ւմ դերն ավելի հաճույքով կկատարեիք` հայի՞, թե՞ թուրքի:

– Ես համաձայն եմ, որ թուրք հերոսների կերպարները հարուստ են ներքին դրամատիզմով, իսկ դրամատիկ կերպարներ մարմնավորելն ավելի հետաքրքիր է: Բայց խնդիրն իմ ընտրության մեջ չէ: Ասեմ, որ ինձ շատ ժամանակ էր հարկավոր, որպեսզի հասկանամ, որ հրեա լինելը բավական չէ լավ մարդ համարվելու համար: Տառապելով չէ, որ լավն ես դառնում: Լավն ու վատը երկու բեւեռներ են, որոնք միշտ կան մարդու մեջ:

– Անտոնիա Արսլանը պատմեց, որ ամերիկացիներն այս ֆիլմը համեմատել են Ստիվեն Սպիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հետ: Այն կարո՞ղ է նույնքան հաջողություն ունենալ:

– Հաջողությունը կլինի այն դեպքում, երբ երիտասարդ հայերն ու թուրքերը կարողանան միմյանց հետ հանգիստ զրուցել: Իսկ «Շինդլերի ցուցակը» ֆիլմը որոշ իմաստով ճակատագրական է եղել ինձ համար, քանի որ Սպիլբերգն ինձ հրավիրել էր այդ ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարելու համար, բայց հետո որոշեց, որ պետք է ավելի երիտասարդ դերասանի նկարահանի: Եվ, ճակատագրի թելադրանքով, ես ոչ թե հրեաների, այլ` հայերի ողբերգության մասին պատմող ֆիլմում նկարահանվեցի: