Բուհերի 197 դիմորդներ այսօր ժամը 12։00-ին կտեղեկանան, թե ինչ միավոր են ստացել «Հայոց լեզու եւ գրականություն» կենտրոնացված քննությունից, որը հուլիսի 9-ին երկրորդ անգամ կազմակերպվեց Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի սպորտային դահլիճում։
Լրացուցիչ կենտրոնացված քննությունը, որն, ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանի, անցկացվել է ավելի խիստ պայմաններում, նախատեսված էր նրանց համար, ովքեր կամ նոր են զորացրվել բանակից, կամ ժամանել են սփյուռքից, կամ որեւէ լուրջ պատճառով չեն կարողացել մասնակցել հունիսի 1-ի կենտրոնացված քննությանը։ Լրացուցիչ քննությանը մասնակցեցին նաեւ նախորդ տարիների այն շրջանավարտները, ովքեր հունիսի 1-ի քննության համար չէին հայտագրվել։ «Քննությանը մասնակցելու իրավունք չեն ստացել նրանք, ովքեր արդեն մասնակցել են այդ քննությանը, որովհետեւ այդ դեպքում հավասարության սկզբունքի խախտում կլիներ»,- ասաց Վ. Բարսեղյանը։
19 դիմորդ այդպես էլ չներկայացավ լրացուցիչ քննությանը, իսկ երրորդ կենտրոնացված քննություն այլեւս չի լինելու։ Ինչպես եւ նախորդ քննության օրը, այս անգամ էլ թեստերի տուփը բացվեց դիմորդների մասնակցությամբ։ Քննության ողջ ընթացքը նկարահանվում էր 4 տեսախցիկներով՝ արդար եւ թափանցիկ մթնոլորտի տպավորություն ստեղծելու համար։ Երեխաներն էլ, կարծես թե, հավատում էին, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, սակայն համոզված չէին, որ թեստի արդյունքներից անակնկալի չեն գա։ Վ. Բարսեղյանի տեղեկացմամբ` դիմորդները հնարավորություն կունենան 24 ժամվա ընթացքում բողոքարկել քննության արդյունքները։ ԼՂՀ-ում երեկ 6 դիմորդների համար եւս լրացուցիչ կենտրոնացված քննություն է կազմակերպվել։ Պայմանները նույնն են, ինչ Երեւանում։ Երեկ վերաքննություն հանձնելու հնարավորություն ունեին նաեւ այն 633 շրջանավարտները, ովքեր չէին կարողացել հաղթահարել ավարտական քննության համար նախատեսված «Ա» մակարդակը եւ այդպիսով անբավարար էին ստացել։ Սա վերջին շանսն էր՝ ատեստատ ստանալու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին տեղի ունեցած քննությունից հետո շատերը բողոքում էին թեստերի բովանդակությունից (որոշ հարցեր ունեին երկակի պատասխաններ, անհասկանալի առաջադրանքներ կային, եւ այլն)։ Հունիսի 1-ի քննության բողոքարկման արդյունքում ԳԹԿ-ն երկու հարց գնահատեց հօգուտ դիմորդների։ Մեր այն հարցին, թե՝ արդյո՞ք լրացուցիչ քննության թեստերում եւս նմանատիպ հարցեր են ընդգրկված, Վ. Բարսեղյանը պատասխանեց. «Այս թեստերը մշակված են նույն սկզբունքով, ինչ որ հունիսի 1-ին։ Եթե թեստերը բացվելուց հետո պարզվի, որ կա երկիմաստություն կամ այլ անճշտություններ, ապա բողոքարկման ժամանակ այդ ամենը կվերանայվի»։ Այսինքն, չի բացառվում, որ այս անգամ էլ երեխան քննության ընթացքում զերծ չի մնա ռեբուսային հարցերից։ Իհարկե, բողոքարկման փուլում ամեն ինչ կարելի է շտկել, սակայն քննության պատասխանատուները մոռանում են մի բան՝ հերիք է մեկ-երկու անհասկանալի, խուճուճ, երկիմաստ եւ ոչ հայերեն ձեւակերպումով հարց, որպեսզի երեխան շփոթվի, կասկածի տակ դնի սեփական գիտելիքներն ու տապալի քննությունը։