Մազերի աճի խթանման համար օգտագործվում են հետեւյալ դեղաբույսերը.
Պատատուկ. 1 ճաշի գդալ չկտրատած տերեւները 10 րոպե եփել 1/2 լիտր ջրում։ Դրանից հետո եփուկը սառչելուն պես քամել։ Այդ եփուկում տոգորված բամբակով պետք է մեկ ամիս անընդմեջ ամեն երեկո թրջել գլխի մաշկը եւ մազերը։
Կուսարմատ սովորական. թարմ արմատները ճզմել մինչեւ հյութ ստացվելը, որը պետք է ամեն օր մեկ ամիս անընդմեջ քսել մազարմատներին։
Ջրկոտեմ. 100 գ լավ տրորված ջրկոտեմի տերեւները խառնել 100 գ տրորած եղինջի տերեւների հետ եւ դրանց ավելացնել 10 գ սագաթաթի տրորած արմատներ։ Խառնուրդին ավելացնել 1/2 լիտր մաքուր սպիրտ։ Թրմել 15 օր, օրը մի քանի անգամ թափահարելով։ Ստացված թուրմը քամել եւ օգտագործել գլուխը լվանալուց հետո գլխի մաշկին քսելու համար։ Աչքերը պետք է պաշտպանել։
Շնալեզու. թարմ արմատները ծեծել մինչեւ խյուս ստացվելը եւ քսել գլխի մազածածկ մասերին։ Այնուհետեւ գլուխը ծածկել մագաղաթի թղթով, իսկ դրա վրայից՝ խավավոր սրբիչով։ Դիմակը թողնել ազդելու 1 ժամ։ Օգտագործվում է օրը մեջ մեկ ամիս անընդհատ։
Մազերի թեփի դեպքում
100 գ մանր կտրատած եղինջի տերեւները 30 րոպե խաշեք 1/2 լիտր քացախի մեջ (6 %) եւ 1/2 լիտր ջրի խառնուրդում։ Մազերը պետք է 10 օր անընդմեջ լվանալ քամած եփուկով (առանց օճառի)։
Օգտագործվում է նաեւ կապույտ տերեփուկի շոգեմշակվածքը. 1/2 լիտր քացախի մեջ (6 %) եւ 1/2 լիտր ջրի խառնուրդը դնել կրակին մինչեւ եփելը։ Եռացրած հեղուկի վրա լցնել 50 գ կապույտ տերեփուկի ծաղիկներ, որից հետո մեկ ժամ թրմել։ Քամած հեղուկով մեկ ամիս ամեն օր ցայել մազերը։