ՀՀՇ-ն ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ընդդիմադիր դաշտի միավորման գործում հավակնում է առանցքային դերակատարության, եւ այս պահին ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանին է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու: Այդ մասին երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ
Արամ Մանուկյանը:
«Պարզագույն խոհեմությունը, տարրական հաշվարկը, դպրոցական մակարդակի հայրենասիրությունը ստիպում է ընդդիմությանը միավորվել եւ առաջիկա ընտրություններին փորձել հանդես գալ մեկ թիմով, մեկ պլատֆորմով, մեկ բազայով»,- պնդում է Մանուկյանը: Հարցին, թե արդյոք ՀՀՇ-ն կլինի՞ այդ միավորման խաղի մեջ եւ պատրա՞ստ է մասնակցել միավորման շուրջ խորհրդակցություններին, Ա.Մանուկյանը պատասխանեց. «ՀՀՇ-ին ոչ թե պետք է տեսնել խաղի մեջ (սա չհամարեք հավակնոտ հայտարարություն), ՀՀՇ-ին պետք է տեսնել միայն առանցքային դերում»: Նա հավելեց, որ թեեւ իրենք պատրաստ կլինեն համախմբվել ցանկացած միասնական թեկնածուի շուրջ, բայց այս պահին միակ մարդը, ում տեսնում են այդ դերում, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: ՀՀՇ-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ առաջադրելու է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ հարցին, թե նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն ինքը համաձա՞յն է իր թեկնածության առաջադրմանը, Ա.Մանուկյանը հարցով պատասխանեց. «Դուք որեւէ տեղ լսե՞լ եք, որ հակառակն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից կամ իր կողմից լսե՞լ եք հակառակը»: Այս կապակցությամբ հիշեցվեց նաեւ, որ երբ վերջերս խոսակցություններ եղան, թե ՀՀ առաջին նախագահը կարող է առաջադրել իր թեկնածությունը Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնում, Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակն անմիջապես հայտարարեց, թե առաջին նախագահը նման մտադրություն չունի: ՀՀՇ փոխնախագահը գտնում է, որ կարելի է թվարկել մի 100 հոգու անուն, ովքեր իրենց ապրած կյանքով, ունակություններով, ճանաչվածությամբ կարող են ավելի ուժեղ լինել, քան «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը»: Բայց հաղթանակը, ըստ բանախոսի, կարող է արձանագրել միայն առաջին նախագահը: Վերջինիս առաջադրվելու հնարավորության մասին Ա. Մանուկյանը երեկ նշեց. «Ի՞նչ գործընթաց է գնում: Ցանկացած լուրջ, ծանրակշիռ գործիչ պետք է ուսումնասիրի դաշտը, տեսնի հնարավորությունները, պոտենցիալ գործընկերների, համախոհների վերաբերմունքը, նոր կատարի հայտարարություն: Մենք ամեն ինչ անում ենք այդ դաշտն ընդլայնելու համար: Ցավոք, ես գոնե հիմա չեմ տեսնում այլ անձ, ով կարող է եւ՛ ուժեղ լինել, եւ՛ ծրագիր ունենալ, եւ՛ փորձված լինել, եւ՛ իր շուրջը հավաքել անգամ իրար մերժող քաղաքական ուժերին, իրար հետ ճանապարհ չգնացած քաղաքական ուժերին, դրանից հետո այդ թիմով հաղթել եւ, ամենակարեւորը՝ արձանագրել այդ հաղթանակը: Այդ առումով Տեր-Պետրոսյանի հնարավորությունները ես գնահատում եմ ամենաշատը: Եթե ստացվի այնպես, որ ինքը չառաջադրվի, մենք կփորձենք գտնել այն թեկնածուին, որին կարելի է աջակցել»: Ըստ Ա. Մանուկյանի, ԱԺ ընտրություններին ընդդիմադիր ուժերի առանձին մասնակցելը պետք է որ դաս լիներ, բայց «նախագահական ընտրություններից առաջ արդեն սկսվել է ջուր պղտորելը, թե ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին գործելով, հաղթանակի համար շատ ավելի լայն հնարավորություն են ստանում»: Մայիսի 12-ին ձեւավորված ԱԺ-ն նա համարում է «մեռելածին» եւ «դժբախտություն մեր երկրի համար, թեպետ այն իր գործունեությամբ արագացնելու է իշխանափոխությունը», որովհետեւ «եթե երկրում արագանում են բացասական երեւույթները, դրանք արագացնում են փոփոխության հնարավորությունները»: «Մեր պառլամենտն առողջ է ընդամենը 10%-ով»,- գտնում է նա: Երեկ Ա. Մանուկյանին նաեւ հարց ուղղվեց ՀՀՇ-ի իշխանության տարիներին ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ական թերթերի փակման մասին: Ի պատասխան, ՀՀՇ վարչության անդամը փաստեց. «Դաշնակցական թերթերը եւ Դաշնակցությունը դատարանի որոշմամբ փակվել են իրենց գործունեության համար, որի հետեւանքները դեռեւս վերացած չեն: Այդ գործով եւ այդ մեղադրանքների համար մարդիկ դեռեւս նստած են: Անգամ նստած են այն դեպքում, երբ Դաշնակցությունն իշխանություն է: Եվ անգամ դուրս եկածների համար որեւէ մեղադրանք չի փոխվել: Դատարանի վճիռները մնացել են այնպես, ինչպես եղել են 12 տարի առաջ: Եվ այս ձեւով թերթ փակելը, կուսակցության՝ դատարանի որոշումով փակելը ես ամենեւին չեմ համարում ոչ ժողովրդավարական: Եթե մարդկանց արկղերով հաշիշ, նակոտիկ էին բռնում եւ իրենք հպարտանում էին այդ գործունեությամբ…»: «Վահան Հովհաննիսյանին քանի անգամ ուղիղ ասել եմ. մուրճը՝ ձեռքներիդ, մեխը՝ ձեռքներիդ, դատարանները՝ ձեռքներիդ: Հանեք այն մարդկանց բանտից: Ձեր նկատմամբ վճիռները փոխեք, արդարացրեք: Մարդիկ կան, բռնաբարության հոդվածները փոխեցին: Մեր մեղքն այն էր, որ այդ դատավարությունը մինչեւ վերջ չգնաց ու չդարձավ հասարակական ու բաց, որ յուրաքանչյուրը հասկանար՝ ինչի՞ համար են Կիրո Մանոյանը, Հրանտ Մարգարյանը դատվել»,- շարունակեց Ա. Մանուկյանն ու փաստեց, որ այսօր Հայաստանում Տիգրան Կարապետիչն ու ՀՅԴ-ն նույն ֆունկցիան են իրականացնում: «Նրանք, լինելով մշտապես իշխանության մեջ, մշտապես իշխանության կերակրամանից օգտվելով, իշխանական բոլոր լծակներից օգտվելով՝ ընդդիմությունից ձայներ խլելու, ջուրը պղտորելու ֆունկցիա ունեն: Առաջիկա պրեզիդենտական ընտրություններին նույնն են անելու: Յուրաքանչյուրը բարձրացնելու է իր գինը»,- նկատեց բանախոսը՝ փաստելով, որ ՀՅԴ-ն այսօր ունի նախարարի 3 պորտֆել՝ բյուջեի 30%-ով, «ու իրենք ասում են՝ իրենք կույս են, մի քիչ հղիացել են, բայց կույս են մնացել»: «Հիմա Դաշնակցությունը ո՞նց համաձայն չի Սերժ Սարգսյանի հետ, եթե այդ Սերժ Սարգսյանի կառավարության ռազմավարությունն ու տակտիկան է իրականացնելու: Այլ բան չի կարող անել»,- փաստեց Արամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու «Օրինաց երկիրին», ապա, ըստ Ա. Մանուկյանի, այդ կուսակցությունները շատ հստակ պետք է կողմնորոշվեն: «Երկակի խաղեր տալ, հաճելի լինել իշխանություններին եւ ասել՝ մենք ընդդիմություն ենք, այդ կարգավիճակը չի աշխատելու»,- գտնում է նա: