«ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստել է շրջանակային համաձայնագիր, որում արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կողմերին հուզող բոլոր պահերը: Փաստաթուղթը պատրաստ է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրման, եւ մնում է քաղաքական կամք ցուցաբերել»,- նախօրեին նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Փաստորեն, Լենմարկերն առարկայացրել է մինչեւ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերացական լավատեսությունը: Սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, հայկական կողմն անմիջապես շտապել է արտահայտել իր տարակուսանքը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հայտարարության վերաբերյալ` կասկածի տակ դնելով Լենմարկերի ասածների ճշմարտացիությունը: Այսինքն` Վարդան Օսկանյանի սիրած «սխալ թարգմանությունների» շարքը շարունակվում է:
Մոտ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ու Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեցին, թե «կողմերն առավել, քան երբեւէ» մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս հայտարարություններին շատերը թերեւս որեւէ լուրջ նշանակություն չտվեցին: Սակայն նախօրեին նմանօրինակ, նույնիսկ՝ ավելի կոնկրետ ու լավատեսական հայտարարություն է արել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:
Վերջինս ասել է, թե «ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակային համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», եւ մնում է միայն, որպեսզի կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն: «ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստել է շրջանակային համաձայնագիր, որում արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կողմերին հուզող բոլոր պահերը: Փաստաթուղթը պատրաստ է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրման, եւ մնում է քաղաքական կամք ցուցաբերել»: Այս հայտարարությունը Լենմարկերն արել է հուլիսի 5-ին Կիեւում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ 16-րդ նստաշրջանը: Նա ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկայիս իրավիճակն անվանել է «ոսկե հնարավորություն» եւ ընդգծել, որ իր այդ կարծիքում ավելի է համոզվել փետրվարին Հարավային Կովկաս այցելելուց հետո: Նա վստահեցրել է, որ խաղաղ համաձայնագիրը մեծ առավելություններ կտա «երկու կողմերին» էլ (նկատենք, որ այսկերպ Լենմարկերը փաստորեն ընդգծում է, որ ինքը ԼՂ-ն հակամարտության կողմ չի համարում): «Հազարավոր բռնի տեղահանվածներ եւ փախստականներ կարող են վերադառնալ իրենց տները եւ սկսել բնականոն կյանք: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը երկու երկրներին հնարավորություն կտա աշխատել Վրաստանի հետ իրոք անվտանգ, ժողովրդավարական ճանապարհով զարգացող տարածաշրջանի կառուցման ուղղությամբ»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու խորհուրդ տվել հակամարտության կարգավորման ռազմական տարբերակի մասին նույնիսկ չմտածել: Իրո՞ք ԼՂ հիմնախնդրի համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայկական կողմն ունի՞ այն կամքը, որի մասին իր խոսքում նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Այս կապակցությամբ ՀՀ Արտգործնախարարության Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը մեզ փոխանցեց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ Գորան Լենմարկերն ինչի՞ վրա է հիմնվում նման հայտարարություններ անելիս եւ որտեղի՞ց իրեն նման ճշգրիտ ինֆորմացիա: Ես միայն մի բան կարող եմ ասել. ավելի քան երկու տարի Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը կոչվում է «պրահյան սկզբունքների փաստաթուղթ»: Եվ այդ բանակցությունների վերջին փուլը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Հայտնի է, որ սանկտպետերբուրգյան փուլում, ցավոք, առաջընթաց չգրանցվեց, հետեւաբար, այդ փաստաթղթում ներառված սկզբունքներից որոշները չհամաձայնեցվեցին: Եվ խոսել նրա մասին, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, չգիտեմ, արդյոք կոռե՞կտ է, թե՞ ոչ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի կողմից: Ինչ վերաբերում է կամքի դրսեւորմանը, ապա Հայաստանը մշտապես կառուցողական է մոտեցել բանակցություններին, եւ մենք ունենք անհրաժեշտ կամքը, որպեսզի ձեռք բերվելիք համաձայնությունները կյանքի կոչենք»,- նշեց Վ. Կարապետյանը: Իսկ ՀՀ նախագահ մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն էլ կամքի դրսեւորման մասով ընդամենը փոխանցեց, թե «վերջնական լուծման համար, բնականաբար, քաղաքական կամք է անհրաժեշտ»: Կարճ ասած՝ փաստորեն հայկական կողմն այնքան լավատես չէ, որքան Գորան Լենմարկերը:
«Շրջանակային համաձայնագրի» էությունը
Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, մոտավորապես ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները, որի արդյունքում ծնված «շրջանակային համաձայնագիրն», ըստ Լենմարկերի` «պատրաստ է ստորագրման», իսկ, ըստ հայկական կողմի` «սկզբունքներից որոշները» դեռ չեն համաձայնեցվել: Եթե հիշում եք, 2006-ի հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ մասամբ գաղտնազերծել էին այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները: Վ. Կարապետյանն իր խոսքում նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ բանակցություններն ընթանում են «պրահյան սկզբունքների» շուրջ, ինչից թերեւս կարելի է եզրակացնել, որ համանախագահների վերոնշյալ հայտարարության մեջ խոսքը գնում էր հենց այդ «պրահյան սկզբունքների» մասին: 2006-ի հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ սկզբունքների մասին: Առաջինը, որ կարելի է փաստել, այն է, որ բանակցություններն ընթանում են «փուլային» տարբերակի շուրջ: Այս մասին, ըստ էության, նշված է հենց համանախագահների այդ հայտարարության մեջ: «Մենք չենք փորձել մի փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները: Դրա փոխարեն՝ մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնել ապագային ու նախատեսել հետագա բանակցություններ: Այսինքն՝ գործնական ու հավասարակշռված կերպով կարգավորվում են այն հարցերը, որոնք կարող են անմիջապես կարգավորվել»,- նշել էին համանախագահները: Նրանք նաեւ հայտարարել էին, թե հակամարտության կարգավորման սկզբունքները «ներառում են հայկական զորախմբերի փուլային հանումը ԼՂ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ»: Համանախագահների այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պարզաբանումը, որից պարզ էր դառնում, որ «հատուկ մոտեցումը» Լաչինի դեպքում այն է, որ այն լինելու է ԼՂ-ն ՀՀ-ին կապող միջանցք, իսկ Քելբաջարի մասով էլ նախարարը նշել էր, թե այն «կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշումից հետո»: ԼՂ-ն շրջապատող «ադրբեջանական տարածքներից» հայկական զորքերի փուլային դուրսբերմանը, ըստ համանախագահների հայտարարության, հետեւելու է այդ տարածքների ապառազմականացումը: Իսկ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար, ըստ այդ հայտարարության, «ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ»: «Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն ԼՂ շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու ԼՂ պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով»,- նախորդ տարի հայտարարել էին համանախագահները: