Կյանքը՝ ժապավենի վրա եւ ժապավենից դուրս

10/07/2007

Արվեստի մարդու համար անձնական կյանքը` լի ուրախ եւ ողբերգական էջերով, միշտ էլ հույզերի ու զգացմունքների աղբյուր է դառնում: Այն, ինչը զգում ես, ուզում ես տեղ հասցնել, համատեղ վերապրելու, հաղթահարելու ու մաքրագործվելու ուժը ցուցադրել: Այլ կերպ արվեստում չի լինում, մանավանդ` թատրոնում, որտեղ մերկ մարդը մերկ բեմում իր սիրտն ու
նյարդերն է մերկացնում:

Մեծ դերասան Ֆրուզիկ Մկրտչյանն այդպես է խաղացել իր (նույնիսկ՝ կատակերգական) դերերը. մերկացրել է իր սիրտն ու ժպիտով խոսել անհուն թախիծի մասին: Ֆրունզիկ Մկրտչյանի բոլոր դերերը անձնապես վերապրված են եղել, ճակատագիրը նրա հանդեպ բավականին դաժան է վարվել` խլելով իր հարազատների առողջությունն ու կյանքը: Կինոռեժիսոր Հայկ Օրդյանը Ֆրուզիկ Մկրտչյանի կյանքն ու դերերը ներկայացնող շատ զուսպ ու նուրբ ֆիլմ է նկարահանել, որն անվանել է «Կյանքը ժապավենի վրա»: Ֆիլմի պրեմիերան կայացավ Ֆրունզիկի ծննդյան օրը` հուլիսի 4-ին: Ֆիլմը ներկայացնելիս ռեժիսոր Արա Շիրինյանն ասաց, որ այս ֆիլմը պատմություն է մի դերասանի մասին, որի միջոցով ճանաչում ես մարդ արարածի գաղտնիքը: Ֆիլմի հերոսների պատմություններից հանդիսատեսը բացահայտում է ոչ միայն դերասան Ֆրունզիկին, այլեւ Ֆրունզիկ նկարչին, երաժշտին, ստեղծագործողին, վերջապես Ֆրունզիկ ծնողին, ընկերոջը, հարեւանին, մարդուն: Ճակատագիրը մեծ դերասանին լավ դերեր ու ժողովրդական սեր է պարգեւել, սակայն ստիպել է պայքարել ու անզոր ընդունել սեփական պարտությունը` այդ անհավասար պայքարում: Նա «մահացավ մի հիվանդությունից, որի անունն է՝ հուսահատություն»:

«Մահից ավելի ահավոր բան կա. դա մահն է կյանքի ընթացքում: Կան մարդիկ, ովքեր ապրում են, սակայն վաղուց մահացել են, ես դեռ ապրում եմ…»,- ասում է Ֆրունզիկ Մկրտչյանն իր վերջին հարցազրույցում` կարծես կանխազգալով, որ ֆիզիկական մահը դեռ կյանքի ավարտը չէ, որ կյանքը շարունակվելու է իր թողած կերպարներում: Շարունակվելու է ժապավենի վրա եւ մարդկանց հուշերում: