Մարտի 8-ին սկսվում է ծաղիկների ու ծաղկեփնջերի աշխույժ առեւտուրը։ Գները մեկուկես-երկու անգամ աճում են ու չեն իջնում տոնին հաջորդած մի քանի օրերի ընթացքում։ Դա օրենք է դարձել, ծաղկավաճառներն օգտագործում են տոնական տրամադրությունը եւ փորձում վաճառքից քաղել առավելագույն շահույթ։ Մարտի 8-ին Երեւանի փողոցներից կակաչ կարելի էր գնել 200-300 դրամով, իսկ մինչ տոնական եռուզեռը կակաչն արժեր 150 դրամ, ձնծաղիկների ու մանուշակների փնջերը 100 դրամից հասել էին 150 դրամի, մեկ վարդը նվազագույնը 700-2.000 դրամով է վաճառվում։ Ընդ որում, շքեղ ծաղկեփնջերն ավելի հազվադեպ էին գնվում, ավելի մոդայիկ, գեղեցիկ, թեթեւ ու խորհրդանշական է համարվում մեկ ծաղիկ նվիրելը։ Եվ քանի դեռ ծաղիկները մնալու են ամենատարածված ու սիրելի նվերը, մարդիկ ծաղիկներ կգնեն՝ չմտածելով գնային առաջին հայացքից աննշան թվացող աճի մասին, կամ էլ, որովհետեւ ուրիշ հնարավորություն չունեն՝ առանց ծաղիկ էլ ի՞նչ Մարտի 8։ Ծաղիկներն ամենուրեք էին վաճառվում, նույնիսկ փողոցների մեջտեղում կանգնած երեխաներն էին պարտադրում իրենց ապրանքը գնել՝ ծաղկեփնջերը պարզելով ավտոմեքենաների պատուհաններից ներս: Այդ օրը գրեթե բոլոր մարդիկ նվեր ստացած կամ նվիրելու համար նախատեսած ծաղիկներով էին: Տղամարդը մարտի 8-ին առանց ծաղիկ իրեն մի տեսակ անհարմարավետ է զգում, այս տոնը ավելի շուտ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար է։ Թեեւ ի՞նչ է նշանակում ուժեղ։ Եթե կինը երբեմն չի կարող տղամարդու աշխատանք անել, դա չի ապացուցում, որ նա ավելի թույլ է, պարզապես՝ ուրիշ է։ Նման չէ։ Կանայք 90 տարի առաջ ձգտեցին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ, եւ իրավունքներ նվաճելն ի վերջո տոնի հանգեց։ Հիմա իրենց տոնը եւ իրենց հասանելի պարտադիր ծաղիկներն ու շնորհավորանքներն ունեն, միայն այն բանի համար, որ կին են։ Տոնի արմատները փորփրելու կարիք չկա՝ բոլորն են ուրախ մեկ ավելորդ հանգստյան օրվա համար։ Մարտի 8-ին լեփլեցուն էին սրճարանները, դիսկոտեկներն ու կինոթատրոնները։ Պարզվեց, որ մարտի 8-ին ֆիլմ նայելու համար տոմսերը նախօրոք էր պետք պատվիրել։ Իսկ կանանց՝ սեղանի շուրջ նստել-ուտել-խմելու եւ տոնական համերգային ծրագիր ունկնդրելու հրավերը արդեն ավանդական է համարվում՝ պետք են միայն գումար ու ցանկություն։ Մարտի 8-ը Երեւանում շատ գունեղ, ժպտերես ու ծաղկաշատ էր։ Սպասումներով լի։ Նաեւ մուրացկան կանայք էին սպասում, որ հաջող օր կլինի. նրանք պարզապես պարտադրում էին անցորդ-տղամարդկանց` իրենց օգնել՝ չմոռանալով հիշեցնել, որ տոն է:
Հայաստանի նախագահը՝ կանանց շնորհավորելով ասաց. «Դուք ընտանեկան օջախների հիմնասյունն եք»։ «Հիմնասյունը» մեծարումով էր ասված, սակայն կանանց մեծամասնությունը դժվար թե ըմբռնումով մոտենա այդ բառին՝ դա շատ տղամարդկային բառ է՝ լի ինքնավստահությամբ ու սեփական սեռի արժանիքների գիտակցմամբ։ Կարելի է թույլ տալ կնոջը «հիմնասյուն» լինել, սակայն առավել քան մեծ համոզմունք կա, որ եթե հանկարծ (ինչո՞ւ ոչ) կին-նախագահ ունենանք, տղամարդիկ դժվար թե իրենց ապահով զգան այդ երկրում: Չնայած, որ շատերն են կնոջը ամուր ու անվեհեր հիմնասյուն համարում։ Կանանց մեծամասնությունը բնավ էլ չի ձգտում ուժեղ հիմնասյուն կամ ուժեղ ուս դառնալ. ավելի մեծ հաճույքով կցանկանար իր կողքին զգալ այդպիսի ուժեղ ուս ու անսասան հիմնասյան առկայությունը շոշափել։