Մազերի բնական գույնը եւ փայլը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն անգամ լվանալուց հետո, եթե դրանք բաց գույնի են, ցայել երիցուկի եփուկով (2 թեյի գդալ երիցուկը 1 լիտր ջրով 5 րոպե եփեք)։ Մուգ մազերը պետք է ցայել թեյի եփուկով (2 ճաշի գդալ թեյը 1 լիտր ջրով 5 րոպե եփեք)։
Ճարպոտ մազեր
Ճարպոտ մազը կոսմետիկական տհաճ թերություն է, որն անհրաժեշտ է շտկել։ Սովորաբար մազերի հիգիենիկ լվացումը ջրով եւ օճառով պետք է լինի շաբաթը 1-2 անգամ։ Երկու ամսվա ընթացքում մազերն անհրաժեշտ է լվանալ յուրաքանչյուր երրորդ օրը մեկ, միայն կաղնու կեղեւի եփուկով (3 ճաշի գդալ կաղնու կեղեւը 1 լիտր ջրով 15 րոպե եփեք)։ Հետագայում կիրառվում է միայն օժանդակ բուժումը, ընդ որում, մազերը պետք է այդ եփուկով ցայել ամեն անգամ հիգիենիկ լվացումից հետո։
Չոր մազեր
Առաձգականություն եւ փայլ ձեռք բերելու համար չոր մազերը սնուցման կարիք ունեն։ Հիգիենիկ լվացումը պետք է կատարել առավել երկարատեւ ընդմիջումից՝ 8-10 օրից հետո։ Լվանալուց մեկ ժամ առաջ մազարմատներին պետք է քսել գերչակի յուղ։ Այնուհետեւ գլուխը ծածկեք մագաղաթե թղթով, իսկ դրա վրա դրեք տաք ջրում տոգորված եւ լավ քամած խավավոր սրբիչ։ Գլուխը կապեք գլխաշորով։
Շատ լավ է ազդում մազերի հետեւյալ յուղը՝ 100 գ թարմ մանր կտրատած շաղգամը 24 ժամ թողեք 200 մլ մաքուր ձիթապտղի յուղի մեջ, որից հետո խառնուրդը թույլ կրակի վրա 15 րոպե եփեք։
Խառնուրդը սառչելուն պես քամեք։ Լվանալուց առաջ յուղն առատորեն քսեք մազարմատներին եւ գլուխը ծածկեք վերը նկարագրված ձեւով։ Դիմակը թողեք ազդելու 2 ժամ, որից հետո մազերը պետք է լվանալ։