Ձեւավորվում է ընդդիմադիր նոր բեւեռ

06/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ սկզբունքային համաձայնության են եկել, որ 2008թ. նախագահի ընտրությանը մասնակցելու են միասնական թեկնածուով: Այս սկզբունքի շուրջ միավորվածների շարքն ընդլայնվելու միտում ունի:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը, Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի ժողովրդական եւ «Հանրապետություն» կուսակցություններին միացել է նաեւ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային Միաբանությունը»: Հատկանշական է, որ Արտաշես Գեղամյանը մայիսի 12-ից հետո մինչեւ վերջերս իր գոյության մասին որեւէ կերպ չէր հիշեցնում (արդեն սկսել էինք կարոտել): Տարօրինակ է, որ «Այլընտրանքն» ու «Հանրապետությունը», ում ներկայացուցիչները հայտարարում էին, թե շատ բծախնդիր են լինելու գործընկերներ ընտրելու հարցում, միասնական թեկնածուով հանդես գալու սկզբունքի շուրջ որպես գործընկեր ընտրում են նաեւ Ա. Գեղամյանին: Այն նույն Գեղամյանին, ով, իրենց իսկ խոսքերով` պայքարի վճռական պահերին «քցել է» ընդդիմադիրներին, նպաստել իշխանությունների ծրագրերի իրականացմանն ու «ընդդիմադիր» իր գործելաոճով «վաստակել» ընդդիմադիր դաշտում ներդրված «ականի» համբավը: Թերեւս, տվյալ դեպքում, գործում է այն տրամաբանությունը, որ մայիսի 12-ին իշխանությունների կողմից «քցվելուց» հետո Ա. Գեղամյանն արդեն վստահելի կարող է համարվել: Միանալով «միասնական թեկնածու» միավորմանը՝ Գեղամյանն էլ, թերեւս, փորձում է մայիսի 12-ից հետո «ջրի երեսին մնալ»: Սակայն կարելի է չկասկածել, որ եթե հանկարծ «միասնական թեկնածու» միավորումն իսկապես սկսի վտանգ ներկայացնել իշխանությունների համար, նրանք փորձելու են իրենց բնորոշ գործելակերպով թուլացնել, պառակտել, «փչացնել» այդ միավորումն ու գուցե արդյունքում` Արամ Զ. Սարգսյանը դարձյալ ստիպված լինի Գեղամյանին «գիր-ղուշ» գցելու առաջարկ անել: Ինչեւէ, քաղաքական որոշ ուժերի միջեւ նախագահի առաջիկա ընտրությանը միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Սակայն կան ուժեր, որոնք իրենց հետ բանակցելու տեղ կարծես թե չեն թողել: Խոսքը մասնավորապես Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցության մասին է: ՆԺԿ-ն բազմիցս հայտարարել է, թե նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու է սեփական թեկնածուով (բնականաբար, խոսքն Արամ Կարապետյանի մասին է), իսկ մի քանի շաբաթ առաջ էլ` այդ կուսակցությունը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր, թե ՆԺԿ-ն ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու է «բացառապես սեփական թեկնածուով»: Ավելին՝ ՆԺԿ-ում դեմ են ընդդիմության միավորմանը: Նրանք գտնում են, որ նախագահի ընտրությանը պետք է մասնակցել բազմաթիվ թեկնածուներով, իսկ ընտրության երկրորդ փուլում (Ա. Կարապետյանը վստահ է, որ ընտրություններն ընթանալու են երկու փուլով) ինքնըստինքյան ի հայտ կգա ընդդիմության միասնական թեկնածուն: Երեկ մենք ՆԺԿ-ից փորձեցինք ճշտել` այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ իրենք էլ միանան «միասնական թեկնածուի» գաղափարի շուրջ, թե՞ կմիանան միայն այն պայմանով, որ այդ միասնական թեկնածուն լինելու է Ա. Կարապետյանը: Սակայն պարզվեց, որ Ա. Կարապետյանը, ինչպես շատ հաճախ է լինում, մեկնել է Մոսկվա եւ կվերադառնա օգոստոսի վերջերին միայն: ՆԺԿ մամուլի հարցերով պատասխանատու Էմանուել Մարգարյանը մեզ փոխանցեց, որ եթե Ա. Կարապետյանի վերադառնալուց հետո ՆԺԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի միջեւ բանակցություններ լինեն, ապա դրանց մասին ՆԺԿ-ն համապատասխան հայտարարություն կտարածի: Սակայն Է. Մարգարյանը հարկ համարեց նշել, որ «բացառապես սեփական թեկնածուով» հանդես գալու մասին ՆԺԿ հայտարարությունը մնում է ուժի մեջ: Ի դեպ, շատ հավանական է, որ ՆԺԿ-ի թեկնածու Ա. Կարապետյանն այդպես էլ չգրանցվի որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանզի ՀՀ օրենսդրության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Հիշեցնենք, որ 2003թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ գրանցեց նախագահի թեկնածու Ա. Կարապետյանին` այդպիսով ընդունելով, որ նա, ի թիվս այլ պահանջների, բավարարում է նաեւ նախագահի թեկնածուին ներկայացվող՝ վերջին 10 տարիներին ՀՀ-ում մշտապես բնակվելու պահանջին, սակայն մի քանի ամիս անց պարզվեց, որ այդ նույն անձը, ով վերջին 10 տարիներին մշտապես բնակվել էր ՀՀ-ում, վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում (ինչն անհրաժեշտ է պատգամավորի թեկնածու գրանցվելու համար), ու նույն այդ ԿԸՀ-ն Ա. Կարապետյանին չգրանցեց որպես պատգամավորի թեկնածու: ԿԸՀ-ն այս անհեթեթությունը բացատրեց նոր ի հայտ եկած հանգամանքով (ԿԸՀ ձեռքի տակ փաստաթուղթ էր հայտնվել, որը վկայում էր այն մասին, որ Ա. Կարապետյանը 2003-ին նախորդող 5 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել): Այնպես որ` եթե Ա. Կարապետյանը 4 տարի առաջ դրան նախորդող 5 տարիներին ՀՀ-ում մշտապես չէր բնակվել, ուստի այսօր չի բավարարում նաեւ ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար վերջին 10 տարիներին ՀՀ-ում մշտապես բնակվելու սահմանադրական պահանջին: Բայց եթե Ա. Կարապետյանին չգրանցեն էլ, հաստատ նախագահացուների պակաս չենք ունենալու: Ամենահետաքրքիրն այսօր, թերեւս, հետեւյալն է. ո՞վ է լինելու «միասնական թեկնածուի» շուրջ համախմբվողների միասնական թեկնածուն: Այս մասին «միասնական թեկնածուի» շուրջ համախմբվածները ոչինչ չեն նշում: Ի տարբերություն մերոնց, այս թեմային վերջին օրերին շատ է անդրադառնում «ֆորպոստատեր» Ռուսաստանի մամուլը: Նախօրեին ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրել էր, թե այդ թեկնածուն կարող է լինել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նույն օրն այս թեմային անդրադարձել է նաեւ ռուսական մեկ այլ՝ «segodnia.ru» տեղեկատվավերլուծական պարբերականը: Հոդվածը վերնագրված է այսպես` «Լեւոն Տեր-Պետրոսյան. իրականացող մարգարեություն»: «Ակնհայտ է, որ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում: Հայտնի է, որ նրա հրաժարականը հետեւեց իր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղիներին նվիրված ասուլիսին եւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածին: Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ փոխզիջումից ավելի մեծ օգուտ կստանա այն կողմը, որի դիրքերն ավելի պինդ են տվյալ պահին: Այսօր, երբ լրանում է ԼՂ հարցում անզիջում կեցվածքի շնորհիվ իշխանության եկած ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարին, իրավիճակն ավելի քան վատ է,- փաստում է հոդվածագիրն ու շարունակում,- Եթե 1993թ. Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միասին խնդրում էին Ստեփանակերտից մասնակցել բանակցություններին, ապա այսօր Ղարաբաղն ինքն է ապարդյուն ջանքեր գործադրում բանակցություններին մասնակցելու համար: Բանակցային տերմինաբանությունից վարպետորեն վերացվեց «փաթեթային տարբերակ» դրույթը, քանի որ ակնհայտ դարձավ, որ նման տարբերակ ընդհանրապես չի քննարկվելու: Միջազգային հանրությունն ընդունեց հակահայկական բովանդակությամբ նոր փաստաթղթեր ու բանաձեւեր (օրինակ՝ Պետդեպի զեկույցը, Եվրախորհրդի դիտորդ Ատկինսոնի զեկույցը Հայաստանի մասին)»: Միաժամանակ «segodnia.ru»-ն փաստում է. «Այսօր Երեւանը պատրաստ է հանձնել տարածքները հանրաքվեի պատրանքի դիմաց: Մյուս կողմից մեծանում է Ադրբեջանի ռազմական ռեւանշի հնարավորությունը»: