Սեպտեմբերին ամեն ինչ հնարավոր է

06/07/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ վերահաստատեց իր այն հայտարարությունը, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ` «Ազատություն» ռադիոկայանը փակելու միջոց: Վ. Դալլաքյանն իր այդ տեսակետը հիմնավորեց նաեւ նրանով, որ այդ օրենքն իրավունք չունեին ընդգրկելու արտահերթ նստաշրջանի օրակարգ, քանի որ այն որեւէ կապ չուներ կառավարության գործունեության եւ ծրագրի հետ: Եվ այն, որ օրինագիծը խցկել էին այս նստաշրջանի օրակարգ` արագ ընդունելու համար, նշանակում է` իշխանություններն ուզում են հնարավորինս շուտ լռեցնել «Ազատության» ձայնը:

Վ. Դալլաքյանի համոզմամբ, այս անգամ իշխանությունները չկարողացան անցկացնել իրենց սիրելի օրինագիծը ժողովրդի բացասական վերաբերմունքի, արտաքին ազդակների, ներիշխանական մրցակցության, կոճակային մեծամասնության անկազմակերպվածության եւ խորհրդարանական ընդդիմության կազմակերպվածության արդյունքում: Ավելին` ըստ Վ.Դալլաքյանի, այս օրինագծի վրա եղել է նաեւ «Աստծո ձեռքը», որովհետեւ անհրաժեշտ 66 ձայնի փոխարեն՝ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 65 պատգամավոր: Անկախ պատգամավոր Վ.Դալլաքյանը, սակայն, համոզված չէ, որ «Աստծո ձեռքն» «Ազատության» վրա կլինի նաեւ սեպտեմբերին, երբ պատգամավորները «վայելած» հանգստից հետո կգան ԱԺ, ու առաջին բանը, որ կանեն` կլինի հենց «Ազատությունը» փակելու համար նախագահականից իջեցված օրենքին կողմ քվեարկելը: Սա՝ լավագույն դեպքում, քանի որ, եթե իշխանությունները շա՜տ ցանկանան, ապա կարող են հենց վաղն էլ արտահերթ նստաշրջան հրավիրել ու այդ օրինագիծը դնել վերաքվեարկության` այդպիսով պատժելով նաեւ բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս օրերին հասցրել են արդեն մեկնել հեռու եվրոպաներ հանգստանալու: Մեր աղբյուրների հավաստմամբ, օրինագծի քվեարկությունից անմիջապես հետո նախագահականից պահանջել են քվեարկության արդյունքների սղագրությունը` տեսնելու համար, թե հատկապես որ քաղաքական ուժը չի ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի երազանքի իրականացմանը: Պարզել են, որ ՀՀԿ-ական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել, իսկ «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության պատգամավորների մեծ մասը «թռած» է եղել: Հենց այդ օրը նստավայր են «կանչվել» կոալիցիայի առաջին դեմքերն ու բացատրություն տվել, թե ինչն ինչպես է եղել: Հարցին, թե ինչո՞ւ է նման դեպքերում «կուժն ու կուլան» կոտրվում Հանրապետականի գլխին, երբ կոալիցիան բաղկացած է երեք քաղաքական ուժերից, Վ. Դալլաքյանը երեկվա ասուլիսում պատասխանեց. «Հանրապետականն ԱԺ-ում ունի միանձնյա կառավարություն ձեւավորելու համար բավարար թվով պատգամավորներ` 65 հոգի, թող կոալիցիա չկազմեր»:

Իսկ ի՞նչ է լինելու «Ազատության» հետ սեպտեմբերին: Այս հարցի պատասխանը, Վ. Դալլաքյանի դիտարկմամբ, շատ պարզ է. «Նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ անելու են «Ազատության» ձայնը լռեցնելու համար: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ուզում էր կրակից շագանակ հանել ԱԺ-ի միջոցով, քանի որ ինքը կվախենա մեծ աղմուկից»,- ասաց ԱԺ պատգամավորը` նկատելով, որ իշխանություններն այսօր էլ լծվել են «Ա1+»-ի նախադեպն «Ազատություն» ռադիոկայանի վրա տարածելու գործին: «Որեւէ մեկին խորհուրդներ տալու ցանկություն չունեմ, բայց կարծում եմ, որ այդ հարցում եւ՛ ՕԵԿ-ը, եւ՛ «Ժառանգությունը» պետք է ակտիվ լինեն»,- ԱԺ իր գործընկերներին հորդորեց Դալլաքյանը:

Երեկվա ասուլիսում նա անդրադարձավ նաեւ 2008թ. նախագահական ընտրություններին` ասելով, թե իշխանությունների ներսում իշխանության համար մրցակցություն կա. մի կողմից ամենաերիտասարդ թոշակառու լինել չցանկացող նախագահը, որ փորձում է առավելագույնս պահել իր ազդեցությունը, մյուս կողմից` մաքսիմալ իշխանության ձգտող վարչապետի աթոռը «զբաղեցնողը», ով փորձում է ամբողջացնել իր իշխանությունը: Արդյունքում, ըստ նրա վերլուծությունների, 2008-ին կառաջադրվեն նախագահի հիմնական երկու իշխանական թեկնածուներ` Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ եւս մեկը: Դալլաքյանը երեկ անուղղակիորեն հայտարարեց նաեւ, որ Քոչարյանի «որեւէ մեկ» թեկնածուն կարող է լինել նա, ով ձեռնպահ քվեարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքին: Իսկ այդ մեկը` ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր: Մեր աղբյուրների հավաստմամբ էլ` Դ. Հարությունյանին նախագահականից էին հանձնարարել ձեռնպահ քվեարկել, որպեսզի, այսպես ասած` չփչանա ու հնարավորինս քիչ «մինուսներ» կուտակի իր վրա: Ու քանի որ նախագահականում համոզված չեն, որ Դ. Հարությունյանն է լինելու Ս. Սարգսյանի այլընտրանքային թեկնածուն, առայժմ ընդգծված քայլերի չեն դիմում: Ի դեպ, ՀՀԿ-ում էլ Դ. Հարությունյանին ընկալում են որպես Քոչարյանի թիմակից, ու առանձնապես հիացած չեն նրա գործողություններով:

Վիկտոր Դալլաքյանը, սակայն, չի կարծում, թե գործող վարչապետը կհամաձայնի, որ իր նախագահ դառնալու պարագայում Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ, բայց նաեւ չի բացառում, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո եւ վարչապետը, եւ ԱԺ մեծամասնությունը, եւ նախագահը լինեն նույն կուսակցությունից: «Բայց դա կհիշեցնի ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման 1995թ. փորձը, երբ մոնոլիտ իշխանությունը կարճ ժամանակում ձեւափոխվեց»,- ասաց Դալլաքյանը: Ի դեպ, վերջինս նաեւ չբացառեց, որ իշխանությունները ներկայացնեն եւս մեկ իշխանական թեկնածու ՀՅԴ-ից: «Այն խորհրդարանական ուժերը, որոնք ունեն մեծամասնություն եւ վարչապետ, դառնում են դոմինանտ երկրի կյանքում: Տվյալ պարագայում նախագահը վերջին հաշվով վերածվում է անգլիական թագուհու, քանի որ առանց խորհրդարանական մեծամասնության համաձայնության նա չի կարող պաշտոնանկ անել գործող վարչապետին»,- նկատեց Դալլաքյանը` պարզաբանելով, թե իշխանության ներսում` մասնավորապես գործող նախագահի եւ վարչապետի միջեւ, առավել մեծ իշխանություն ձեռք բերելու մրցակցություն կա, եւ դա կարող է արվել այդ իշխանությունը նվազեցնելու նպատակով:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, ըստ Դալլաքյանի, նրանք կարող են լուրջ մրցակցություն ցույց տալ նախագահի իշխանական թեկնածուներին, եթե ԱԺ ընտրություններից ինչ-որ դասեր քաղած լինեն: