Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ հանդիպել է Հայաստանի ղեկավարության հետ, իսկ երեկոյան մամուլի ասուլիս տվել: ԵԽ ԽՎ նախագահը ասուլիսից ուշացել է մոտ մեկուկես ժամ:
Պատճառը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ մոտ երկու ժամ տեւած հանդիպումը: Վան դեր Լինդենը լրագրողներին շնորհավորել է ԱԺ ընտրության կապակցությամբ, որն իր կարծիքով՝ «շատ-շատ ավելի լավն էր, քան նախորդը, իսկ թերությունները դաս են հաջորդ ընտրության համար»: Վան դեր Լինդենի կարծիքով՝ առաջընթաց չկա Հայաստանի եւ հարեւանների հետ հարաբերությունների առումով: Նա նկատի ունի Թուրքիան եւ Ադրբեջանը: ԵԽ ԽՎ նախագահը հատուկ անդրադարձել է մամուլի ազատությանը եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված վերջին օրերի աղմուկին: Նրա խոսքով, մամուլը պետք է լինի ազատ եւ մատչելի բոլորին, բոլոր քաղաքական ուժերին, որովհետեւ ցանկացած ժողովրդավարական երկրի համար ամենակարեւորն անկախ դատական համակարգն է եւ ազատ մամուլը, ավելի կարեւոր, քան ընտրությունը: «Անշուշտ, ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար, սակայն դրանց նախապայմանը պետք է լինեն զանգվածային լրատվամիջոցները, որոնք պետք է հասանելի, մատչելի լինեն բոլոր կողմերի համար»,- ասել է ԵԽ ԽՎ նախագահը: Վերջինս Հայաստանում քննարկել է «Ազատության» եւ «Ա1+»-ի հարցը, եւ ասում է, թե դրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես բոլոր լրատվամիջոցների հետ: «Իսկ ինչ վերաբերում է «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի քննարկմանը, ես կարծում եմ, որ պետք է նաեւ հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու առաջարկությունները»,- նշել է նա: Անդրադառնալով կալանավորված նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերին՝ Վան դեր Լինդենն ասել է, որ եթե երկիրը կատարում է Եվրախորհրդի առաջ իր պարտավորությունները, ապա այդ դեպքում` «քաղբանտարկյալներն ընդունելի բան չեն»: «Ես չեմ մտնի այդ դեպքերի մեջ, բայց, անշուշտ, Եվրոպայի խորհուրդն այդ հարցը հաշվի պետք է առնի եւ լրջորեն ուսումնասիրի: Ես խորհրդարանի խոսնակի ներկայությամբ ասում եմ, որ եթե կան քաղբանտարկյալներ, ապա պետք է միջոցներ ձեռնարկել»,- ասել է Ռենե վան դեր Լինդենը: Իսկ Տիգրան Թորոսյանն էլ Վան դեր Լինդենի ներկայությամբ հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ ամեն մի հայտարարություն հիմք չէ Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին ու Վարդան Մալխասյանին քաղբանտարկյալ համարելու համար: Ըստ Տ. Թորոսյանի, նրանց ներկայացվել է մեղադրանք եւ միայն քննության ավարտից հետո կարելի է գնահատական տալ, իսկ մինչ այդ պետք է իրավապահներին անաչառ քննություն անցկացնելու կոչ անել:
Ի դեպ, երեկ Վան դեր Լինդենը նաեւ հայտարարել է, թե Եվրախորհուրդը չի ճանաչում հուլիսի 19-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: