Լիոնի հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժներից մեկում հունիսի 27-ին UMP պատգամավոր Ռենո Մյուսելիեն Ազգային ժողովի առջեւ Պատրիկ Դեւեջյանին է ներկայացրել UMP նորընտիր պատգամավոր Միշել Հավարին. «Սա Միշել Հավարին է, որը հաղթեց Աննա-Մարիա Կոմպարինիին: Լավ կրեց»:
UMP (Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցություն, որի ղեկավարն է Նիկոլա Սարկոզին) կուսակցության գլխավոր քարտուղար, Օ-դը-Սեն (Hauts-de-Seine) տարածաշրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, պատգամավոր Պ. Դեւեջյանն ի պատասխան՝ Կոմպարինիի մասին արձագանքեց. «Այդ անբարոյականին…»: Ֆրանսիական հեռուստաալիքներն ամբողջ օրվա նորությունները նվիրել էին Դեւեջյանի այդ խոսքերին: Իսկ ինքը` Կոմպարինին, Դեւեջյանի այդ խոսքերի կապակցությամբ «Liberation»-ին ասել է. «Այս խոսքերն ինձ շատ ցավոտ են թվում, հատկապես այն մարդու համար, ով դրանք իրեն թույլ է տվել արտասանել: Դա ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ գտնվող կանանց շրջանում նա (Դեւեջյանը) դեռ աշխատանք ունի անելու»: Ֆրանսիական լրատվամիջոցներն ամբողջ օրը կրկնում էին Դեւեջյանի այդ խոսքը եւ նրա պատասխանն այդ կապակցությամբ: Նա ներողություն էր խնդրել Կոմպարինիից: Պ. Դեւեջյանը ֆրանսիական քաղաքականության մեջ բավական խոշոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է եւ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2006թ. հոկտեմբերի 12-ին 106 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մերժումը պատժող օրենքի նախագիծ, որը Ցեղասպանությունը մերժելու համար 1 տարի ազատազրկումից մինչեւ 45 հազար եվրո տուգանք եւ պատիժ է սահմանում: Օրինագիծը ներկայացված է Սենատի հաստատմանը, եւ օրինագծի շուրջ քննարկումները Ֆրանսիայի Սենատի օրակարգ կմտնեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Պատրիկ Դեւեջյանը հունիսի 27-ին «168 Ժամի» հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց, որ Թուրքիան այլեւս պետք է քայլեր նախաձեռնի, եւ Հայաստանի հետ սահմանը պետք է բացվի, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Պ. Դեւեջյանը նշեց, որ հայերին մտահոգող ամենամեծ ու ցավոտ խնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է. «Մենք բոլորս հիվանդ ենք, եւ Թուրքիան պետք է ընդունի իր կողմից կատարված ցեղասպանությունը. միայն այդ դեպքում հայերը կազատվեն այդ հիվանդությունից եւ կբուժվեն»: Ի դեպ, Դեւեջյանը նկատեց, որ այսօր Հայաստանը եւ ողջ հայությունը պետք է ամենայն ուշադրությամբ հետեւեն Թուրքիայում նախագահական ընտրությունների ողջ գործընթացին: Նրա համոզմամբ՝ այս տարածաշրջանում կարող է շատ բան փոխվել այդ ընտրություններով, նա նույնիսկ հնարավոր համարեց Թուրքիայում զինվորականների միջոցով հեղաշրջումը: Պ. Դեւեջյանի մասին հայտնի ֆրանսահայերից մեկը մի զրույցի ժամանակ նրան բնորոշեց որպես շատ հեռատես քաղաքական գործիչ, որը կարողանում է կանխատեսել դեպքերի հնարավոր զարգացումները: «Հինգ տարի առաջ մի ընթրիքի ժամանակ Դեւեջյանը ուրվագծեց քաղաքական այն զարգացումները, ինչի ականատեսը եղանք այս երկու ամիսների ընթացքում»,- մինչ հանդիպումն ասել էր մեր զրուցակիցը: Ինքը` Պ. Դեւեջյանն, այս կապակցությամբ կատակեց, թե՝ «Տատիկս ինձ մանուկ հասակից սովորեցրել է սուրճի բաժակ նայել»: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների օրերին տեղի եւ թուրքական մամուլը գրում էր, թե հնարավոր է, որ Դեւեջյանը նշանակվի Ֆրանսիայի արտգործնախարար: Թուրքական մամուլն այդ օրերին սուր քննադատության էր ենթարկում Դեւեջյանին: Սակայն իշխող UMP կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ Պ. Դեւեջյանը ձգտում էր Ֆրանսիայի արդարադատության նախարարի պորտֆելին, քանի որ մասնագիտությամբ իրավաբան է: Ավելացնենք, որ Դեւեջյանից առաջ Օ-դը-Սեն (Hauts-de-Seine) տարածաշրջանի Գլխավոր խորհրդի նախագահ են եղել Շ. Պասքուան եւ Ն. Սարկոզին: Եվ իր ազդեցիկությամբ այդ եւ Դեւեջյանի զբաղեցրած մյուս պաշտոնները գրեթե չեն զիջում նախարարի պաշտոնին: