Պատերազմի ստվերի տակ ապրողները

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Սուդան» թարգմանաբար նշանակում է` «Սեւերի երկիր»։ Լինելով Աֆրիկայի ամենամեծ պետությունը, որի բնակչությունը 34 մլն-ի է հասնում, եւ ունենալով հարուստ բնական ռեսուրսներ, Սուդանը մնում է աղքատության եզրին կանգնած երկիր՝ արտադրություն համարյա թե չկա, իսկ մարդկանց զարգացման ցուցանիշը շատ ցածր է։

Եգիպտոսից ներխուժած արաբները գրավել են Սուդանի հյուսիսային մասը եւ ձեւավորել արաբական կառավարություն։ 1983 թվականից Սուդանը պաշտոնապես համարվում է մուսուլմանական երկիր, որտեղ գործում են «Շարիաթի» օրենքները։ Եվ 1983 թվականից էլ սկսվել է արաբական հյուսիսի ու «արաբացվող» հարավի քաղաքացիական պատերազմը։ Հարավում ապրող 500-ից ավելի՝ եւ՛ քրիստոնյա, եւ՛ հեթանոս ցեղեր կան։ Դավանանքը պատերազմի պատճառներից մեկն է, իսկ գլխավոր նպատակը հարստությանը տիրանալն է։ Հարավում ոսկու ու նավթի հսկայական պաշարներ կան։ 80-ականների սկզբում հարավ-արեւմուտքում նավթ է հայտնաբերվել, ու հաշվարկվել է, որ Սուդանը կարող է 200 մլն բարել նավթ արտահանել, սակայն կոնֆլիկտի պատճառով նավթը չի արդյունահանվում, եւ ներդրումներ չեն կատարվում։ Հարավային հողերը հսկողության տակ վերցնելու համար կառավարությունը 2,5 մլն մարդ է տեղահանել ու քշել անապատ։ Այդպիսի քաղաքանությունը «թույլատրված մարդկային բնաջնջում» է համարվում։ Թեեւ հյուսիսի ու հարավի միջեւ արդեն ստորագրված հաշտության պայմանագիր կա, սակայն իրավիճակը չի փոխվել՝ մարդիկ դեգերում են անապատում ու հույսը դնում միջազգային կազմակերպությունների օգնության վրա։ Սուդանում շրջագայելու, առավել եւս՝ փախստականների ճամբար այցելելու համար հատուկ կառավարական թույլտվություն է հարկավոր։ Չի կարելի նկարահանել ու լուսանկարել, քանի որ նյութերը հետագայում կարող են օգտագործվել կառավարության դեմ։ Նման խիստ օրենքների օգնությամբ նպատակաուղղված եղեռն է իրականացվում։

Կյանքի իմաստը շարժումն է

Սեւամորթ բնակչության «էթնիկական զտումների» արդյունքում 2 մլն փախստական տեղակայվել է Դարֆուր շրջանում, հատուկ կառուցված ճամբարներում։ Այդ մարդիկ հիմնականում քոչվոր են՝ առաջ են շարժվում իրենց ընտանիքների ու անասունների հետ։ Տարածված է բազմակնությունը, քանի որ պարտադրված են իսլամի կանոնները, եւ յուրաքանչյուր քոչվոր համայնքի մեծամասնությունը կազմում են երեխաները։ Մարդիկ առաջ են գնում, երբ զգում են, որ իրենց այծերի, ոչխարների եւ ուղտերի համար բավականաչափ արոտավայր չի մնում, երբեք մինչեւ վերջին խոտի ցողունը չեն դատարկում, հնարավորություն են տալիս բնությանը ուժ հավաքելու ու վերականգնվելու։ Իրենք այդպես են ապրել դարեր շարունակ եւ իրենց երջանիկ են զգացել։ Չափազանց հանդուրժող ու հյուրասեր են՝ գտնում են, որ սնունդը կիսելով ուրիշի հետ, ձեռք են բերում ավելի մեծ բան՝ ընկեր։ Նույնիսկ ծայրահեղ աղքատության մեջ երբեք չեն մուրում՝ արժանապատվություն ունեն։ Կանայք բարձրահասակ են ու ունեն սլացիկ կառուցվածք, որը ծանրությունները գլխի վրա տեղափոխելու արդյունքն է, հագնում են վառ ու հյութեղ գույնի զգեստներ։ Բազմալեզու ցեղերը հիմնականում շփվում են արաբերենով, եւ ամեն համայնք ունի իր շարժական դպրոցը՝ ուսուցիչը՝ ուղտին նստած, բոլորի հետ քոչում է։

Ամեն րոպե` վտանգի տակ

Այժմ նույն կերպ փորձում են ապրել անծայրածիր անապատում, սաստիկ քամիների ու պարբերաբար սկսվող երաշտների ուղեկցությամբ։ Դարֆուրում արդեն մի քանի տարի տիրում է սարսափելի թշվառ վիճակ՝ մարդիկ ապրում են ցելոֆանից պատրաստած վրանատիպ տնակներում, քնում գետնին ու սնվում հիմնականում ՄԱԿ-ի Պարենի ծրագրով նախատեսված օգնությամբ։ Աղքատությունն այստեղ ուրիշ՝ մեզ համար անսովոր տեսք ունի։ Մենք սովորել ենք մեր աղքատությանը՝ վատ չենք ապրել, հետո ենք աղքատացել, իսկ հարավ-սուդանցիներն ապրում են այնպես, որ մտածում ես՝ դրանից վատ լինել չի կարող։ Իրենք ոչինչ չունեն, ապրում են հումանիտար օգնությամբ եւ ամեն րոպե պայքարում զինված միավորումների ու բնության դեմ։ Մարդկանց կենտրոնացումը համաճարակներ է ծնում՝ պոլիոմելիտի, հեպատիտի, մալարիայի համաճարակներ չեն բռնկվել` նույնպես միջազգային կազմակերպությունների արած պատվաստումների շնորհիվ։ Կյանքի միջին տեւողությունը շատ ցածր է՝ 50 տարի, բարձր է մանկական մահացության ցուցանիշը։ Ապրուստի հիմնական խնդիրը ջուրն է՝ որոշ ճամբարներում օգնության շրջանակներում կառուցվել են պոմպակայաններ։ Ամեն առավոտ կանայք՝ էշին նստած, գնում են փայտ հայթայթելու, որպեսզի կրակ վառեն ու ընտանիքը կերակրեն։ Անապատ է, խրվեցիր՝ կմնաս։ Կարող է 5-6 կմ անցնեն` մի կապոց ցախի համար, իսկ կարող է ընդհանրապես չվերադառնան՝ խոշտանգվեն, բռնաբարվեն եւ սպանվեն։ Սուդանում պատերազմում են բոլորը՝ կառավարական զորքերը, ապստամբներն ու խաղաղարար ուժերը։ Իսկ փախստականներն այդ իրավիճակի զոհերն են: Թշվառությունը սովորաբար ագրեսիա է ծնում, սակայն սուդանցի փախստականները զարմանալի հանդուրժող ու բարի են։ Ուզում են պարզապես ապրել այնպես, ինչպես միշտ են ապրել։ Դարֆուրում ծաղկում է գողությունը։ Պատկերացրեք` ինչ է նշանակում այդ մարդկանց համար իրենց խրճիթից կամ 1-2 անասունից զրկվելը։ Երբ կորցնում ես, նշանակություն չունի՝ ինչ ես կորցնում։ Ադրբեջանում հայ փախստականները թողնում էին տներ, մեքենաներ, ամառանոցներ։ Դա սարսափելի էր, բայց յուրաքանչյուր փախստականի վիճակը նույնն է՝ խոցելի։ Տառապանքն ամեն տեղ նույնն է։ Նշանակություն չունի` հարո՞ւստ ռեսուրսների երկիր ես, թե՞ ոչ, մարդ իրեն պետք է քիչ թե շատ ապահով զգա իր երկրում։ Հայաստանն էլ է դասվում աղքատ երկրների շարքը, սակայն, ի շնորհիվ մեր մտավոր կապիտալի՝ կարողանում ենք մեզ դրսեւորել, գոնե գիտակցել պայքարի անհրաժեշտությունը։ Մինչդեռ աֆրիկյան յուրահատուկ քոչվոր ցեղերը հեշտությամբ կարող են բնաջնջվել։ Իրենք բավականաչափ զարգացած չեն՝ առաջ գնալու համար, թեեւ դարեր շարունակ շարժման մեջ են։

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում «Օքսֆամ (ՄԲ)» Հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին` նյութին ականատեսի աչքերով ծանոթացնելու համար: