Թե ինչպես՝ քաղաքավարի ասած՝ սխալ, իսկ իրականում՝ անգրագետ կազմված թեստերով, ՀՀ Գիտության ու կրթության նախարարությունը Գիտելիքի ստուգման նորաստեղծ կենտրոնի հետ վարկաբեկեցին միասնական քննության համակարգը, շատերի ափսոսանքը հարուցեց: Նաեւ զարմանքը: Հայոց լեզվի բուհական քննություններն առաջին տարին չէ, որ թեստային համակարգով է անցկացվում: Եվ տարօրինակ է, որ մեր չինովնիկներին հաջողվեց վարկաբեկել միասնական քննության կարգը: Հիմա մենք նոր սպառնալիքի առաջ ենք կանգնած: Եկող տարի եւս երկու առարկա է միասնականացվելու: Մինչդեռ բովանդակային տեսանկյունից մեր կրթական համակարգը պատրաստ չէ դրան: Մինչեւ վերջերս ես կարծում էի, որ անմշակ ու տխուր տեսք ունեն միայն հումանիտար առարկաների թեստերը: Համալսարանի մաթեմատիկայի դասախոս ընկերս առաջարկեց ծանոթանալ մաթեմատիկայի թեստերին: Վստահեցնելով, որ տեղ-տեղ այն կփոխարինի երգիծական գրականության: Գնահատականը չափազանցված չէ: Համոզվեք ինքներդ: «Մաթեմատիկայի ձեռնարկ» երկհատորանի գրքի վրա նշված է՝ «Հաստատված է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական բարեփոխումների կենտրոնի կողմից, որպես մեթոդական ձեռնարկ բարձր դասարանների աշակերտների եւ բուհերի դիմորդների համար»: Գրքի վրա կա Ռ. Ա. Ավետիսյանի անունը: Նա նույնիսկ երկու հրատարակությունների առաջաբաններ է գրել: Բայց ասել, որ նա գրքի հեղինակն է՝ չափազանցություն կլինի: Այս մասնագետը դպրոցական առաջինից-տասներորդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերից ընտրաքաղ է արել ու առաջարկում է խեղճ աշակերտ-դիմորդներին: Ես պարզապես մեջբերելու եմ խնդիրները՝ մասամբ կամ ամբողջությամբ, նշելով միայն խնդիրների մասին տվյալները: Իհա՛րկե, ինձ չզրկելով փոքրիկ մեկնաբանությունների իրավունքից: 6-րդ դասարանի դասաքիրք, էջ 14. «Տղամարդն ու կինը միասին ունեն 9 երեխա, տղամարդն ուներ 5, կինը՝ 7 երեխա: Երեխաներից քանիսի՞ հայրն էլ, մայրն էլ այդ մարդիկ են»: Կարծում եմ, այս խնդրի լուծումը շատ կարեւոր գիտելիքներ կտա դպրոցական միջին տարիքի աշակերտներին: 6-րդ դասարանի դասագիրք, էջ 201. «Հարութը 7000 դրամ ուներ: 2800 դրամ նա ծախսեց բենզին գնելու համար, 2500 դրամ պարտք տվեց ընկերոջը եւ ուզեց մնացած գումարով մի գիրք գնել, բայց գումարը չբավականացրեց: «Եթե ընկերոջս 100 դրամ պակաս տայի, ապա այս գիրքը կգնեի եւ անգամ մոտս փող կմնար»,- մտածեց Հարութը: Ի՞նչ կարող եք ասել գրքի գնի մասին»: Ինչ լավ է, որ խնդիրը չի պահանջում որեւէ բան ասել գրքի բովանդակության մասին: Պատկերացրեք՝ ինչ տխուր խոսք կլիներ, եթե հանկարծ Հարութը ցանկացած լիներ գնել այս խնդրագիրքը: 4-րդ դասարանի աշակերտից պահանջվում է լուծել այս (582-ը) խնդիրը. «Պահանջվում է պատրաստել սպիրտ եւ ջրի խառնուրդ, որում ջուրը եւ սպիրտը ունեն 1:4 հարաբերությունը: Քանի՞ լիտր ջուր եւ քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ ստանալու համար»: Որպեսզի ձեզ չթվա, որ մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում սա միակ խնդիրն է, որ հարբեցողությունը հայտարարել է ուղիղ ճանապարհ, մեջբերենք ուրիշ օրինակներ. 9-րդ դասարան, խնդիր 233՝ «60գ 15 տոկոսանոց սպիրտի լուծույթից վերցրին …», խնդիր 234-րդ՝ «80գ 15 տոկոսանոց սպիրտի լուծույթից վերցրին …»: Ամենատարօրինակն, իհարկե, 6-րդ դասարանի գրքի 254 էջի խնդիրն է. «Մարդը մենակ մեկ տակառիկ գարեջուրը խմում է 14 օրում, իսկ կնոջ հետ միասին՝ 10 օրում: Քանի՞ օրում կխմի այդ գարեջուրը կինը մենակ»: Մեր մաթեմատիկոսները դատելով վերջին օրինակից՝ հավանաբար, կնոջը մարդ չեն համարում: Նրանց կարծիքով՝ «մարդ» եւ «տղամարդ» հասկացությունների ծավալները նույնական են: Սա լրիվ տեղավորվում է նման դասագրքեր կազմողների պատկերացումներում: Ու միանշանակ դժվար է հասկանալ՝ նրանք կրթական բարեփոխումների արդյունքո՞ւմ են հայտնվել այս համակարգում, թե՞ հակառակը`կրթական բարեփոխումներն են նրանց հայտնության արդյունք: Բայց որ երկուսն էլ որպես երեւույթ միմյանց արժեն, դժվար է վիճարկելը: Կրթական բարեփոխումների արդյունքում դպրոցի շրջանավարտներին տրված ատեստատն անզուգական է: Այն կարելի է համեմատել գյուղական լվացքի, կամ որ նույնն է՝ Երեւանի կենտրոնի այսօրյա ճարտարապետական տեսքի հետ: Միջնակարգ կրթության ատեստատից գլուխ հանելն անհնարիության աստիճան բարդ գործ է: Դպրոցական մոտ քսան առարկաներ գնահատված են բալանոց համակարգով: Իսկ պետական ավարտական քննությունների գնահատման սանդղակը հիշեցնում է վերը նշված երփներանգ լվացքը: «Հայոց լեզվի» եւ «Բնագիտության» եւ «Մաթեմատիկայի» քննությունները գնահատված են 20 բալանոց սանդղակով: «Հայոց պատմություն», «Օտար լեզու» եւ «Ֆիզկուլտուրա» առարկաները՝ 5 բալանոց սանդղակով: Այս խառնաշփոթը, բազում այլ փաստերի հետ, կատարվել է Բոլոնյան շարժմանը միանալու վեհ նպատակով: Դատելով կրթության ոլորտի մեր չինովնիկների լուրջ դեմքով արված ինքնագովասանքից՝ նրանք գիտեն, թե ինչ են անում: Գիտեն, բայց հասարակությանը տեղյակ չեն պահում: Ու հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչու երրորդ դասարանից բարձր աշակերտները համապատասխանաբար մեկական դասարան բաց թողեցին: Այսինքն, եթե ձեր երեխան ավարտել է երրորդ դասարանը, եկող ուստարում սովորելու է հինգերորդ դասարանում: Յոթներորդցին՝ իններորդում: Այս գործընթացի վերջնական նպատակը 12-ամյա կրթահամակարգի անցնելն է: Սրանից զատ դժվար է հավատալ, որ նախարարությունը կհասցնի նոր դասագրքեր տպագրել: Հետեւաբար, եկող ուստարի դպրոցականները դպրոց կգնան մեկ դասարան ցածր նշում ունեցող դասագրքերով:
Իսկապես էլ իմաստ չկա այդքան ֆինանսական ծախսեր անել դասագրքերի կազմերը փոխելու համար, բովանդակությունը, միեւնույն է, չի փոխվելու: Եվ երկար չի փոխվի: Որովհետեւ գործող դասագրքերի վրա, որպես կանոն, գրված է՝ «երկրորդ (կամ՝ երրորդ, չորրորդ.-Ա.Գ.) ճշգրտված, լրացված հրատարակություն»: Արդյունքում այդքան «ճշտվելուց» հետո դասագրքերը շարունակում են այդքան անմշակ մնալ: Հետեւաբար, կինոռեժիսոր Վուդի Ալենի ոճով կարելի է ասել. «Հայաստանում արդեն աղբ չեն թափում, վերամշակում են դասագրքերում»: