«Հատուկ կապի» նյարդերը չդիմացան

06/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հատուկ կապ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ դժգոհել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության մատուցած ծառայությունների բարձր գներից: ԱՄՕ-ն այս տարվա ապրիլից իր ծառայության համար ընկերությունից ամսական 1 մլն 200.000 դրամ է պահանջել, մինչդեռ նախկինում այդ ծառայությունը կատարել է 480.000 դրամով:

Տեղեկացնենք, որ «Հատուկ կապը» պետական ընկերություն է եւ գտնվում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ: Ընկերությունը սուրհանդակի միջոցով կատարում է գաղտնի եւ հույժ գաղտնի պետական թղթակցությունների եւ գնահատված ծանրոցների տեղափոխում: Ընդ որում, «Հատուկ կապը» միակն է Հայաստանում, որ իրականացնում է պետական հիմնարկների թղթակցությունների եւ ծանրոցների տեղափոխում ԱՊՀ երկրներ: Այդ իրավունքը ընկերությանը տրվել է ԱՊՀ երկրների միջեւ կնքված միջպետական համաձայնագրով: Ընկերության տնօրեն Սերգեյ Աֆյանի խոսքով` իրենք արտերկիր տեղափոխում են նաեւ մասնավոր ընկերությունների նամակագրություններն ու ծանրոցները, սակայն չեն ընդունում ֆիզիկական անձանց պատվերները: Հայաստանի տարածքում, սակայն, տեղափոխում են նաեւ ֆիզիկական անձանց նամակները: «Հատուկ կապը» պետական հիմնարկների համար ծառայությունը մատուցում է բավական ցածր գներով: Օրինակ, Ոստիկանության ծառայության մեկ ծրարը ԱՊՀ երկրներ է տեղափոխում ընդամենը 200 դրամով, իսկ մասնավոր ընկերությունների համար այդ ծառայությունը կատարում է 7200 դրամով: Ըստ պրն Աֆյանի` դա բավական ցածր գին է, որովհետեւ մասնավոր հիմնարկների թղթակցությունները տեղափոխող այլ ընկերություններ էլ կան, որոնք 1 ծրարի համար գանձում են 24.000 դրամ: Իսկ ԱՄՕ-ի՝ «Հատուկ կապին» մատուցած ծառայությունն այն է, որ ընկերության աշխատակիցներին թույլ է տալիս մեքենայով անցնել երեք անցակետերը, մոտենալ անմիջապես ինքնաթիռին ու հանձնել բեռը: Ընկերությունն անմիջապես ինքնաթիռ է հասցնում իր բեռները, որովհետեւ դրանք «հատուկ» են՝ գաղտնի են եւ թանկարժեք: Եվ, ըստ Ս. Աֆյանի, ընդամենն այդ թույլտվության համար, ուրիշ որեւէ այլ ծառայություն չմատուցելով՝ «Արմենիա միջազգային օդանավակայանը» «Հատուկ կապից» ամսական 1 մլն 200.000 դրամ է պահանջում:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայանը» կամ «Զվարթնոց» օդանավակայանը 2002թ. 30 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեց արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: «Հատուկ կապն» իր գոյության 60 տարիների ընթացքում անվճար է մուտք գործել օդանավակայանի տարածք: Իսկ 2004թ. ապրիլի 15-ին օդանավակայանի կառավարիչները տարածք մուտք գործելու եւ ինքնաթիռին մոտենալու համար «Հատուկ կապից» պահանջել են ամսական 600 դոլար: Հասկանալի է, օդանավակայանն արդեն մասնավոր ընկերություն է եւ իր ծառայությունների դիմաց ակնկալում է վճարումներ: «Հատուկ կապը» 1 տարի վճարել է այդ գումարը: Հաջորդ տարի ԱՄՕ-ն այդ վճարը դարձրել է 800 դոլար՝ գումարած նաեւ Ավելացված արժեքի հարկը: Ընդ որում, մինչեւ հիմա ԱՄՕ-ն վարձը հաշվարկել է 1 դոլարը 500 դրամ հարաբերակցությամբ եւ գանձել է 480.000 դրամ, այն դեպքում, երբ այդ ընթացքում դոլարն աստիճանաբար արժեզրկվել եւ հասել է 340 դրամի: Իսկ այս տարվա ապրիլին որոշել է օդանավակայանի տարածք մուտք գործելու գինը բարձրացնել ավելի քան կրկնակի: Եվ ահա «Հատուկ կապն» էլ դիմել է ՏՄՊ հանձնաժողովին եւ խնդրել «ուսումնասիրել պայմանագրի իրավաբանորեն ճիշտ լինելը, գների բարձրացումը եւ կայացնել արդար որոշում»:

Հիշեցնենք նաեւ, որ կոնցեսիոն պայմանագրով Էռնեկյանին հանձնվելուց հետո օդանավակայանի բոլոր ծառայությունների սակագները կտրուկ եւ մի քանի անգամ բարձրացան՝ ավիաընկերությունների ինքնաթիռների կայանման համար գանձվող գումարներից սկսած՝ մինչեւ ճամպրուկների փաթեթավորման վճարները: Ընդ որում, օդանավակայանի որոշ ծառայությունների վճարները հետո անուղղակիորեն ներառվեցին ավիատոմսերի արժեքի մեջ եւ թանկացրին գինը, իսկ որոշ մասն էլ ուղեւորն անձամբ է վճարում: Ժամանակին ու մինչեւ հիմա էլ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության չափից դուրս թանկարժեք եւ ցածրորակ ծառայությունների մասին շատ քննարկումներ են եղել: Եվ բազմիցս կարծիք է հնչել, որ այդ գործելաոճը մենաշնորհային իրավունքներ ունենալու հետեւանք է: Հիմա այդ իրավունքների ու գործելաոճի ազդեցությունն իր գրպանի վրա է զգում նաեւ «Հատուկ կապ» ընկերությունը:

«Հատուկ կապը» եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը մի քանի անգամ դիմել են օդանավակայանի ղեկավարությանը եւ առաջարկել ավելի ցածր գին սահմանել: Տեղեկացրել են, որ ընկերությունը հիմնականում պետական հիմնարկությունների պատվերներն է կատարում եւ նոր սահմանված գների պատճառով վնասով է աշխատում: Բայց օդանավակայանի ղեկավարությունը հաշվի չի առել նրանց գրությունները եւ չի իջեցրել ծառայության գինը: Իսկ «Հատուկ կապը» ստիպված է եղել պայմանագիրը կնքել այդ գնով, որովհետեւ իր հաճախորդների առաջ ստանձնած պարտավորություններ է ունեցել: «Նրանք մեր նամակներին չեն էլ պատասխանում,- երեկ նիստի ժամանակ հայտարարեց պրն Աֆյանը: -Մենք գնում ենք հանդիպման, չեն էլ ընդունում»:

Հանձնաժողովը «Հատուկ կապի» բողոքի հիման վրա վարույթ է հարուցել, ուսումնասիրել է ընկերության եւ օդանավակայանի ներկայացրած փաստաթղթերը: Վարույթի ընթացքում ԱՄՕ-ի հետ քննարկումների արդյունքում օդանավակայանի ղեկավարներն առաջարկել են ամսավճարի նոր չափ՝ ամսական 550.000 դրամ եւ այն պայմանով, որ «Հատուկ կապն» ինքնուրույն կատարի պայմանագրով նախատեսված ապահովագրության պարտավորությունը: Մինչեւ հիմա այդ պարտավորությունը կատարել է ԱՄՕ-ն: Պարոն Աֆյանը գումարի այդ չափն ընդունելի համարեց: Ընդ որում, «Արմենիա միջազգային օդանավակայաններն» իրավունք ունի բողոքարկել ՏՄՊ հանձնաժողովի որոշումը: