«Նաիրիտ գործարանը» ռուսաստանյան որոշ շրջանակների համար շարունակում է մնալ ամենաթեժ «կետը»: Այս անգամ հրապարակում ենք մեր թերթի էլեկտրոնային փոստով ստացած նամակներից մեկը, ինչը նույնքան մտահոգիչ է նաեւ մեր հանրության համար:
«Փուչիկ» ներդրումներ
Հայաստանում վերջերս շատ են խոսում ներդրումներից, որ «ոսկե անձրեւի» պես թափվելու են «Նաիրիտ գործարանի» գլխին: Արդեն 10 ամիս է, ինչ բոլորս ապրում ենք այդ ներդրումների հույսով: Սակայն ամպերը «Նաիրիտ» գործարանի գլխին օր օրի ավելի ու ավելի են խտանում: Հենց այսօր է անհրաժեշտ բարձրացնել գործարանի աշխատակիցների աշխատավարձերը եւ բարելավել սոցիալական պահանջները, քանի որ ոչ հեռավոր անցյալում գործարանը գտնվում էր կրիտիկական պայմաններում: Ծայրահեղ վատ վիճակում է գործարանի քլորի արտադրությունը: Աշխարհում նման արտադրություններին ստիպել են «հեռանալ» բնակելի տարածքներից: Եվրամիությունը մինչեւ 2012թ. Եվրոպայի տարածքում ունի քլորի արտադրության փակման ծրագիր: Անգամ էկոլոգիական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Բայերը» եւ «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների կողմից: Աշխարհում քլորի բոլոր խոշոր արտադրողները հսկայական միջոցներ են ծախսում էկոլոգիական վտանգ ներկայացնող արտադրությունների վրա: Երբ «Ինտերկաուչուկի» հրավերով «Նաիրիտ գործարան» քլորի սարքավորումների եւ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող մասնագետներ էին հրավիրվել, նրանք սարսափի մեջ էին, տեսնելով այն պայմանները, որում աշխատում էին գործարանի բանվորները: Մասնագետների գնահատականներով` գործարանում առաջնահերթ պետք է վերանորոգվի հենց քլորի արտադրամասը: Հայաստանում դեռեւս գործում են ռուսական տեխնիկական ու տեխնոլոգիական նորմերն ու նորմատիվները, մինչդեռ Ռուսաստանում արդեն եռակի անգամ խստացվել է այս ոլորտի վերահսկողությունը: Սակայն գործարանի ներկայիս ղեկավարությունը չի ցանկանում գործարանը փաստաթղթերին համապատասխան տեխնիկական մասնագետներով ապահովել, քանի որ նրանք իրենց առաջ խնդիրն այլ կերպ են դրել` արագ ազատվել գործարանից ու նրա խնդիրներից: Աղետը, որը կարող է ցանկացած պահի պատահել շարքից դուրս եկած սարքավորումների պատճառով, ողջ Հայաստանի համար էկոլոգիական աղետ կդառնա, ինչը համարժեք է ցեղասպանությանը: Հայաստանում քիմիական արտադրության զարգացման համար հատկացված գումարները հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվել: Տատյանա Սերպկովան, ով երկու տարի անընդմեջ մասնակցել է «Նաիրիտ գործարանի» զարգացման եւ վերազինման ծրագրին, ով քիչ ջանք չի դրել «Նաիրիտի» համար գրագետ մասնագետներ պատրաստելու գործում, ով շատ սրտացավ է եղել գործարանի խնդիրների նկատմամբ, «168 Ժամին» տված իր հարցազրույցում բավական մեղմ է արտահայտվել «Նաիրիտում» գողությամբ զբաղվող եւ գործարանն ավերող իրական կերպարների մասին: Սակայն մեր կարծիքով՝ հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալ իսկական «հերոսների» անուն-ազգանունները:
«Նաիրիտ գործարան» մտնող բոլոր ֆինանսական սխեմաները կոշտ կերպով վերահսկվում են իրավասու փոքրիկ մի խմբի կողմից: Ռուսական կողմից դա «ԱՊՀ միջպետական բանկի» փոխնախագահ Սերգեյ Կուլիկովն է եւ նույն բանկի նախագահ Անատոլի Տուրկաձեն: Միջպետական բանկի բոլոր գործարքներն ուղղված են անձնական եկամուտներ ստանալուն, թեեւ այդ մարդիկ ՌԴ պետական պաշտոնյաներ են, իսկ բանկն ու նրա միջոցները հանդիսանում են ԱՊՀ հանրության ունեցվածքը: Միայն նշենք, որ բանկի վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում են Կուլիկովի ընտանիքի անդամներին: Հայկական կողմից «միությունը» լրացնում է նշյալ բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը` բավականին հավակնոտ եւ ոչ միանշանակ մարդ, Հայաստանում լավ հայտնի է իր հին գործունեություններից ունեցած պարտքերով: Կարճ ասած՝ նա զբաղվել է երկրաշարժից հետո Սպիտակի գոտու վերականգնման մատակարարման բիզնեսով: Մասնագետների գնահատականով՝ Մելքոնյանի «մատակարարած» այդքան տեխնիկան եւ շինանյութը Հայաստանին պետք է բավարարեր մոտ 100 տարի: Իրական վիճակը մեզանից ցանկացածը կարող է տեսնել: Այնպես որ, այս մարդիկ պետական փողեր գողանալու բավականին լավ փորձ ունեն:
«Մեծ» նվեր «փոքր» մարդուն
2006թ. օգոստոսին «Նաիրիտ գործարանը» գնելու նպատակով 70 մլն դոլարի վարկ ստանալու համար «ԱՊՀ միջպետական բանկին» էր դիմել ինչ-որ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպություն: Այս գործարքի մասին պաշտոնական տեղեկատվությունն այսպիսին է: Ինչպես մեզ արդեն հայտնի է, գործարքի կնքման պահին այդ կազմակերպության հիմնադիր կապիտալն ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ է կազմել, որը պատկանել է Վահան Մելքոնյանի օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպությանը: Այդ պահին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության տնօրենն է եղել Ֆրանսիայի քաղաքացի ոմն Անդրե Նարսիսյանը, ով Մելքոնյանի հին ընկերներից է: Սկզբնական շրջանում «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպությունը պայմանավորվածություններ է ունեցել արեւմտյան մի շարք քլորոպրենային կաուչուկի գնորդների հետ, որպեսզի նրանք մասնակցություն ունենան «Նաիրիտի» բաժնետիրական կապիտալում, պատասխանատվություն վերցնեն Միջպետական բանկից վերցրած վարկի մասով եւ ներդրումներ ներգրավեն գործարանի վերազինման համար: Սակայն վերջին պահին Միջպետական բանկի չինովնիկների ագահությունը կասեցրել է բոլոր նախնական պայմանավորվածությունները: Չինովնիկների մտադրությունը շատ պարզ է եղել` առնել-ծախել գործարանը:
Հարկ է մի երկու խոսք ասել գործարանի վարկավորման մասին, թե ինչպես է Միջպետական բանկը գումար տվել մի կազմակերպության, որը ոչինչ չի ունեցել եւ վարկը ստացել է գործարանի ակտիվների գրավադրման հաշվին: Աբսուրդ իրավիճակ է: «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության՝ «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերը վաճառելու դեպքում ոչ ոք չի կարող հանձնարարել նրան մարել գործարանի փաստացի պարտքերը: 70մլն դոլարն ամբողջությամբ տրվել է գործարանի գնման համար, իսկ այդ պարտքը գործարանի վզից կախելով հանդերձ, այն գործարանին ոչինչ չի տվել:
«Նաիրիտի» վարկային ծրագիրը ԱՊՀ միջպետական բանկի հետ «Ռայնովիլի» կողմից, Անդրե Նարսիսյանի տված երաշխավորագրով, ստորագրել է Կուլիկովի եղբոր կինը` Նատալյա Բլագովան: Համաձայն օրենքի, լիազորագիր տված անձի մահից հետո այդ լիազորագիրն անմիջապես չեղյալ է հայտարարվում: Այս տարվա գարնանը Նարսիսյանի մահից հետո, այդ լիազորագիրն ակտիվ օգտագործվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության գործարքներում, որոնք որեւէ իրավական հիմք չունեն: Ինչպես մեզ հայտնի է, այս շաբաթ Հայաստան է ժամանել Նարսիսյանի որդին, ով Մելքոնյանի կողմից որպես գործարանի տեր ներկայացվել է ՀՀ կառավարությանը եւ գործարանի կոլեկտիվին: Այս դեպքում հարց է ծագում. կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենն իր պաշտոնը ժառանգություն թողնել: Թերեւս սա հնարավոր է «բանանային» ինչ-որ մի երկրում, իսկ քաղաքակիրթ աշխարհը նման պրակտիկա չունի: Արդյոք հասկանո՞ւմ է երիտասարդ Նարսիսյանը, թե ի՞նչ նվեր է իրեն անում «քեռի» Վահանը. 70մլն դոլարի պարտք Միջպետական բանկին, պարտքեր այլ բանկերին, վարկային պարտավորություններ, քեռի Վահանի կողմից մի քանի անգամ գրավադրված գործարանի ակտիվներ: Եվրամիության հարկային ծառայությունները եւ համապատասխան հետաքննող մարմինները մի՞թե Նարսիսյանին չեն հարցնելու իր ժառանգության աղբյուրների մասին: Ահա եւ ստացվում է` «մեծ» նվեր «փոքր» մարդուն:
Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտ գործարանի» իրական պարտքն այս ութ ամիսների ընթացքում ավելացել է եւս 10մլն դոլարով` հասնելով մոտ 80մլն դոլարի: Ըստ գործարանի տնօրինության հայտարարությունների, գործարանն աշխատում է մեծ վնասներով: Այս դեպքում հարց է ծագում. ինչպե՞ս են 25 տոկոսով բարձրացնելու գործարանի կոլեկտիվի աշխատավարձերը: