Անառողջ կրքեր՝ անվճար դեղորայքի շուրջ

06/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարի ՀՀ բնակիչների համար կենտրոնացված գնումներով կգնվի 1 մլրդ 416 մլն դրամի դեղորայք: Նշենք, որ դեղորայքի համար նախատեսված գումարի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 300 մլն դրամով:

Հիշեցնենք նաեւ, որ նախատեսված պետական միջոցները ծախսվում են եռամսյակային համամասնությամբ: Որքան էլ առողջապահության բյուջեն տարեցտարի ավելանա (օրինակ, այս տարի միայն բուժօգնության առաջին օղակի հատկացումների բաժինը կազմում է 16,7 մլրդ դրամ, երբ 5 տարի առաջ ողջ առողջապահության բյուջեն չի գերազանցել նշված գումարը), ազգաբնակչությունը, թերեւս, դժգոհ է անհրաժեշտ դեղորայքի հատկացումից: Առողջապահության նախարարության (ԱՆ) Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Վարդան Դավեյանը եկել է այն եզրակացության, որ վերջին շրջանում բնակչությունը չհիմնավորված պահանջատիրություն է ցուցաբերում բուժհաստատության նկատմամբ, քանի որ մարդկանց մոտ կարծիք է արմատավորված, թե լավ դեղը միանշանակ թանկ դեղն է: Այս հոգեբանությամբ հիվանդները հրաժարվում են պետության կողմից հատկացված դեղորայքից` նախապատվությունը տալով «բրենդ» ունեցող դեղորայքին: Այս տեսակետը հաստատում է նաեւ թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նա նկատում է նաեւ, որ թյուր եւ աղավաղված տեղեկատվության շնորհիվ (որը հիմնականում տարածվում է ԶԼՄ-ներով) մարդիկ, չգիտես ինչու, համոզված են, որ իրենց սպասարկող պոլիկլինիկայից կարող են յուրաքանչյուր ամիս անվճար ստանալ 7-10 հազար դրամ արժողությամբ դեղորայք: Թիվ 4 պոլիկլինիկան, որը սպասարկում է 24.863 մարդու, ընթացիկ տարում 3,8 մլն դրամի դեղորայք է հատկացրել իր բնակիչներին: Նշենք, որ արդեն 2 տարի է, պոլիկլինիկաները պայմանագիր են կնքում իրենց տարածքի մի քանի դեղատների հետ, եւ հիվանդը պոլիկլինիկայից ուղեգրված համապատասխան դեղատոմսով կարող է նշված դեղատներից ստանալ իրեն հատկացվելիք դեղորայքը: Դժվար է ասել, թե բնակչության որ հատվածն է տեղյակ եւ առնչվել դեղերի տրամադրման վերոհիշյալ կարգին, որովհետեւ, որպես կանոն, տեղամասային բժշկի կողմից նշանակվում է այնպիսի դեղ, ինչը տվյալ բուժհաստատությունը չի կարող ապահովել, եւ այդ դեղորայքը քաղաքացին ձեռք է բերում իր միջոցներով եւ, ամենայն հավանականությամբ, այն դեղատնից, որի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցում է տվյալ բուժհաստատությունը: Անկասկած, սեփական քաղաքացիների առողջությամբ մտահոգ պետության որդեգրած դեղերի հատկացման այս գործընթացը պոլիկլինիկաների ղեկավարության համար «փողեր լվանալու» շատ հարմար տարբերակ է: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այնպիսի ընդգրկուն տարիքային խմբի, ինչպիսին մինչեւ 7 տարեկան երեխաներն են, որ իրավունք ունեն 100 % անվճար դեղորայք ստանալ, ոչ մեծ հնարամտության դեպքում կարելի է եռամսյակ առ եռամսյակ դեղատոմսեր «նկարել» եւ պետությունից կլորիկ գումարներ ստանալ: Միանշանակ, բժիշկը պարտավոր է այնպիսի դեղ նշանակել, որը կարող է տեղավորվել տվյալ բուժհաստատության բյուջեում, իսկ եթե բժիշկը նշանակում է դեղորայք, որն ընդգրկված չէ դեղերի հիմնական ցանկում (հիմնական դեղերի ցանկում ընդգրկված են 250 անուն դեղեր), ապա համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա բուժհաստատությունը պարտավոր է ապահովվել նշված դեղամիջոցով: Նշենք նաեւ, որ կենտրոնացված գնումներով դեղորայքը ձեռք է բերվում մի շարք հիվանդությունների` օրինակ, պարբերական, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետ, երիկամային, էպիլեպսիա, չարորակ նորագոյացություն եւ այլ հիվանդությունների դեպքում: «Այս տարի առաջին անգամ երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներին կհատկացվի «Մեդֆորմին» դեղահաբը: Անվանաքանակական փոփոխություններ են կատարվել նաեւ չարորակ նորագոյացությունների համար: Վերջին 2 տարվա ընթացքում ուսումնասիրելով հիվանդների շարժը, իսկ հիվանդությունները ճշմարիտ գիտություններ չեն, կարելի է ասել, որ տատանումներ միշտ լինում են` եւ անվանումների, եւ քանակների մեջ»,- նշում է Վարդան Դավեյանը: Վերջինիս դիտարկումներով, դժգոհությունների առաջացման մի քանի հիմքեր կան: «Դեղհատկացումը բուժօգնության մի մասն է: Այսինքն, խոսքը դեղի հենց այնպես հատկացման մասին չէ: Սովորաբար հիվանդները դիմում են այլ բուժհաստատություն, ստանում են դեղի նշանակում որեւէ այլ բժշկի կողմից եւ այդ ոչ պատշաճ դեղատոմսով դիմում սպասարկող պոլիկլինիկա եւ պահանջում ապահովել նշված դեղորայքով: Պոլիկլինիկան չի կարող առաջնորդվել այլ բուժհաստատության, ասենք՝ մասնավոր գործունեությամբ զբաղվող կամ հիվանդանոցային մասնագետի նշանակմամբ: Պոլիկլինիկայի բժշկի իրավասությունների շրջանակը դեղապահովման խնդրում սահմանափակվում է այն դեղորայքով, որի հատկացման իրավունքն ունի բուժհաստատությունը: Երկրորդ, շատացել է հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղերի պահանջը, որոնք հիմնականում լինում են թանկարժեք եւ երկարատեւ օգտագործման, որը նաեւ ներկա ֆինանսավորման պայմաններում պետությունն իրեն թույլ տալ չի կարող: Մենք պետք է հետեւենք սպառման եւ պահանջարկի ծավալներին, որպեսզի ճիշտ ձեւավորենք դեղորայքի քանակները»,- նկատում է Վ. Դավեյանը: Միջինացնել եւ ասել, որ մեկ հիվանդին այսքան գումարի դեղորայք է հասնում, առանց հաշվի առնելու հիվանդության բնույթը եւ դրա բուժման առանձնահատկությունները, նպատակահարմար չէ, համոզված է Վ. Դավեյանը:

Դեղորայքի գինը ոչ մի կապ չունի նրա ազդեցության հետ

Միանշանակ կարելի է ասել, որ այսօր ԱՆ-ն մեծ գումարներ է հատկացնում կենտրոնացված դեղորայքային գնումների համար: Միայն այս տարի նախատեսված է բաշխել 80 հազար սրվակ ինսուլին, որը պետության վրա կարժենա 400 մլն դրամ: Գաղտնիք չէ, որ դեղորայքը ձեռք է բերվում հայտարարված տենդերների միջոցով, եւ օրենքով պետք է հաղթի հայտ ներկայացրած այն ընկերությունը, որը կառաջարկի ավելի շահավետ պայմաններ: Պետական գնումների գործակալության տվյալներով, այս տարվա հունվար ամսին կենտրոնացված գնումներով դեղորայք մատակարարելու իրավունք են ստանձնել դեղագործական 5 ընկերություններ: Մեր զրուցակից դեղագետը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, վստահեցնում էր, որ առհասարակ բավականին լուրջ խնդիրներ եւ ճնշումներ են տեղի ունենում տենդերային գնումների ժամանակ` արտասահմանյան խոշոր բյուջե ունեցող եւ հայտնի դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից, որտեղ տուժում են հայրենական դեղարտադրող ընկերությունները: Մեր աղբյուրի հավաստիացմամբ՝ «պատերազմ» լինում է հատկապես ինսուլինի եւ օնկոպրեպարատների գնման մրցույթների ժամանակ: Նա պատմում էր, որ պարբերական հիվանդության ժամանակ կիրառվող «Կոլխիտին» դեղամիջոցի հայտարարված մրցույթում այս տարի հաղթել է մի ընկերություն, որը ներկրում է ռումինական «Կոլխիտին», երբ Հայաստանում համեմատաբար էժան գներով արտադրվում է այդ դեղամիջոցը: Անբարեխիղճ մրցակցությունը կանխելու համար դեղագետը համոզված էր, որ պետությունն ինչ-որ առումով պետք է պաշտպանի ներքին սպառողին: Այնպես, ինչպես այսօր վարվում են Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, նույնիսկ Վրաստանում` ներքին կարգով քարոզելով եւ իրացնելով իրենց տեղական արտադրանքը: «Գոյություն ունի հսկայական գիտություն, որը կոչվում է դեղատնտեսագիտություն, որի մասին Հայաստանում տեղյակ են առավելագույնը 10 հոգի: Այստեղ մի նրբություն էլ կա. եթե ստեղծվել է նոր դեղամիջոց` նոր ցուցումներով, ապա դա չի նշանակում, որ հինը գործածությունից պետք է դուրս մղվի: Օրինակ, «Ասպիրինը» 1896թ. է կիրառվում, բայց միայն անցյալ դարի 80-ական թթ. հայտնաբերվեց, որ այն, բացի ջերմ իջեցնելուց, օժտված է նաեւ անոթալայնիչ հատկությամբ: Կամ «Անալգինի» դեմ ներկայումս արշավ է սկսվել: Չի կարելի այս ոլորտում ուժային որոշումներ կայացնել»,- նկատեց մեր զրուցակիցը: Կամ, ինչպես Վ. Դավեյանն էր ասում` դեղորայքի գինը ոչ մի կապ չունի նրա ազդեցության հետ: