Մատենադարան-«Հիլլ» խայտառակ համաձայնագրի եւ պայմանագրերի կնքումից հետո, ինչպես հայտնի է, մեծ աղմուկ բարձրացավ։ Ակնհայտ էր, որ իր ազգային արժեքների հանդեպ ոչ անտարբեր մտավորականության ընդվզումը գնալով ավելի մեծ ընդգրկում էր ստանում։
Ի վերջո, Մատենադարանի այժմ արդեն նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը հետ կանգնեց նշված հաստատությունում պահվող անգին ձեռագրերի ու մանրանկարների թվային պատճեններն օտարներին տալու վտանգավոր գործարքից։ ՀՀ կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Լեւոն Մկրտչյանին դա, ըստ երեւույթին, շատ է զայրացրել. Մատենադարանի տնօրենն ինչո՞ւ պետք է այդքան լիազորություններ ունենար, որ առանց ԿԳ նախարարին հարցնելու կամ նրա կամքն անտեսելով, այդպես վարվեր։ Համենայնդեպս, եթե Ս. Արեւշատյանը թողնում էր տնօրենի պաշտոնը, նրա տեղում պետք է ապահովվեր այնպիսի մեկի ներկայությունը, որը պատրաստ կլիներ անդրադառնալ «Հիլլի» հետ գործարքին եւ այն իրականություն դարձնել։
Այս մասին նախարարն, իհարկե, պաշտոնապես չարտահայտվեց։ Փոխարենը՝ հրապարակայնորեն ու հստակ կերպով չբացառեց «Հիլլի» հետ վերոհիշյալ կամ դրան նման գործարքը (ըստ նախարարի՝ «Հիլլին» նամակ են ուղարկել…)։ Միաժամանակ մշակվեց ու գործողության մեջ դրվեց Մատենադարանի կառավարման հարցում թավշյա հեղաշրջում իրականացնելու ծրագիրը։ Ծրագրի էությունը, կարծում ենք, հետեւյալն է.
1. Քանի որ Ս. Արեւշատյանը թոշակի է գնացել, եւ օրակարգում է նոր տնօրենի ընտրության հարցը, գրեթե ամեն կերպ ապահովել այդ պաշտոնում սեփական թեկնածուի հայտնվելը։
2. Վերացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության գիտական խորհուրդը (հետապնդելով դրանից բխող մոտակա եւ հեռագնա նպատակներ), Մատենադարանի գիտխորհուրդը փոխարինել չինովնիկներով լցոնված Մատենադարանի խորհրդով։
Վերը նշված ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը կանգ չի առել նույնիսկ կոպիտ անօրինությունների առջեւ։ Խոսենք փաստերով. չնայած Մատենադարանի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության 12. 09. 2002թ. թիվ 1885-Ն որոշման, ինչպես նաեւ Մատենադարանի կանոնադրության ուժի մեջ եւ անփոփոխ լինելուն, Լ. Մկրտչյանը 2007թ. մայիսի 15-ին ստորագրել է թիվ 455-ԱԲ հրամանը։ Նշված փաստաթղթին կից հավելվածը Մատենադարանի կոլեգիալ կառավարման մարմնի (Մատենադարանի խորհրդի) կանոնակարգն է, որը բազմաթիվ առումներով հակասում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին։
Ավելին. հակասում է նաեւ Մատենադարանի կանոնադրությանը, որն, ի տարբերություն կանոնակարգի, հաստատված է ոչ թե նախարարի հրամանով, այլ կառավարության որոշմամբ, հետեւաբար ունի իրավաբանական ավելի բարձր կարգավիճակ։
Միաժամանակ ընդգծենք, որ վերոհիշյալ կանոնակարգում բառ անգամ չկա Մատենադարանի գիտական խորհրդի մասին։ Եթե մայիսի 15-ի դրությամբ դեռ չփոփոխված կանոնադրության համաձայն, ինստիտուտի (Մատենադարանի) կոլեգիալ կառավարման մարմինը ինստիտուտի գիտական խորհուրդն էր, ապա նախարարի հրամանի հավելված-կանոնակարգով կոլեգիալ կառավարման մարմինը Մատենադարանի խորհուրդն է։ Ոչ միայն արանքից հանվել է «գիտական» բառը, այլեւ սահմանվել է խորհրդի բոլորովին այլ կազմ։ Նրա անդամներն են Մատենադարանի հիմնադրի (ՀՀ կառավարության) առաջադրած անդամները (3 հոգի), պետական լիազորված մարմնի) ՀՀ ԿԳ նախարարության) առաջադրած անդամները (9 հոգի), Մատենադարանի տնօրինության կողմից ի պաշտոնե ներկայացված անդամները (10 հոգի), ինչպես նաեւ Մատենադարանի ընդհանուր ժողովի կողմից՝ գիտահետազոտական խմբերի ղեկավարներից եւ ավագ գիտաշխատողներից ընտրված անդամները (ընդամենը՝ 17 հոգի)։ Որպեսզի պարզ լինի իրավիճակը քվեարկության ժամանակ, նշենք, որ Մատենադարանի տնօրինության կողմից ի պաշտոնե ներկայացված անդամների մեծ մասը նախարարության կամքը հլու-հնազանդ կատարող է, այս առումով չի տարբերվում նախարարության առաջադրած անդամներից։
Նկատի ունենանք նաեւ այն, որ մայիսի 15-ին դեռ չփոփոխված կանոնադրության համաձայն, Մատենադարանի տնօրենն ընտրվում էր գիտական խորհրդի եւ գիտական անձնակազմի համատեղ ընդլայնված ժողովում, ինչը մեկ անգամ եւս վկայում է գիտահետազոտական ինստիտուտի, համենայն դեպս, Մատենադարանի ղեկավարի ընտրության հարցում առաջնությունն առավել մեծ չափով գիտնականներին տալու հանգամանքը, դրա անհրաժեշտության գիտակցումը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության կողմից։
ԿԳ նախարարն այնքան է շտապել իր ծրագրի իրագործման ու նպատակներին հասնելու հարցում, որ չի զգուշացել անգամ բացահայտ աչքակապությունից, Մատենադարանի կանոնադրությունը ոտնահարելուց եւ անօրինություններից։ Դարձյալ խոսենք փաստերով: Կանոնակարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնում (1.1) նշված է, որ սույն կանոնակարգը սահմանում է պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ Մատենադարանի խորհրդի եւ գործադիր մարմնի ձեւավորման ընթացակարգը եւ գործառույթները՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 18-ը, 19-ը եւ 20-ը, Մատենադարանի կանոնադրությունը, մասնավորապես՝ 23 ա, 24, 25, 29 ա-դ կետերը։ Կանոնակարգը գրողը երեւի մտածել է, որ դրանք («հիմքերը») կարդացող չի լինի, սակայն…
Մենք կարդացինք վերը նշված հոդվածները եւ կետերը, եւ ահա թե ինչ պարզվեց։ Նախարարն իր հրամանի հավելված-կանոնակարգով, չունենալով դրա իրավունքը, սահմանել է ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Մատենադարանի խորհրդի ձեւավորման ընթացակարգը (տվյալ պարագայում նույնացված է կարգի հետ)։ Փաստորեն, կանոնակարգով կանխորոշվել է Մատենադարանի խորհրդի ձեւավորումը՝ վերջինիս անդամների՝ ում կողմից առաջադրված եւ ընտրված լինելը, նրանց 3+9+10+17 հարաբերակցությունը եւ ընդհանուր քանակը։ Նշված օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձեւավորման եւ գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ»։ Փաստորեն, քաջատեղյակ լինելով իր հրամանի հավելված-կանոնակարգից ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող հիշյալ օրենքի 18-րդ հոդվածի վերը մեջբերված դրույթին ու դեմ գնալով դրան, կոլեգիալ մարմնի ձեւավորման կարգը սահմանվել է նախարարի հաստատած կանոնակարգով։ Հետն էլ հղում է կատարվել նույն (18-րդ) հոդվածի վրա՝ այն ներկայացնելով իբրեւ այդ կանոնակարգի հիմք։ Այս խայտառակությունը նույնիսկ զավեշտ չես անվանի։
Հերթով, մեկ առ մեկ անդրադառնանք նաեւ Մատենադարանի կանոնադրության 23 ա, 24, 25, 29 ա-դ կետերին, որոնք նույնպես հիմք են ներկայացվել վերոհիշյալ կանոնակարգի։ Դրանցից առաջինի համաձայն՝ տնօրենն ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի եւ գիտական անձնակազմի համատեղ ընդլայնված ժողովում։ Հետեւաբար՝ կանոնակարգը կանոնադրության վրա հիմնված լինելու պարագայում դա պետք է արտահայտեր։ Մինչդեռ կանոնակարգի 2.2 կետի «դ» ենթակետի համաձայն, Մատենադարանի տնօրենն ընտրվում է Մատենադարանի խորհրդի ժողովում, ինչպես նշեցինք, չինովնիկներով լեցուն բոլորովին այլ մարմին է։
Կանոնադրության 24-րդ եւ 25-րդ կետերը նույնպես հիմք չեն կարող հանդիսանալ նշված կանոնակարգի համար։ Ճիշտ հակառակը՝ կանոնակարգը հակասում է իրենից ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող կանոնադրության հիշյալ կետերին։ Ի վերջո, կանոնակարգը դարձյալ ոչ միայն չի բխում, այլեւ հակասում է կանոնադրության 29-րդ կետի «ա» ենթակետին, ըստ որի, գիտական խորհուրդը մասնակցում է ինստիտուտի տնօրենի ընտրությանը։
Կանոնակարգում իբրեւ «հիմք» ներկայացված 29-րդ կետի մյուս (բ-դ) ենթակետերը, ինչպես նաեւ հիշյալ օրենքի 19-րդ եւ 20-րդ հոդվածները վերաբերում են բոլորովին այլ խնդիրների, հետեւաբար նույնպես հիմք չեն կարող հանդիսանալ կանոնակարգով հաստատված հիշյալ թավշյա հեղաշրջման՝ Մատենադարանի կոլեգիալ կառավարման մարմինը, նրա ձեւավորման կարգը, կազմը փոխելու, գիտխորհուրդը վերացնելու համար։
Չբավարարվելով իր հրամանի հավելված-կանոնակարգով, հավանաբար հասկանալով, որ այն անօրինական թղթի կտոր է, Լ. Մկրտչյանը կամ նրա ղեկավարած ԿԳ նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1885-Ն որոշման մեջ լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ։
Որքան էլ զարմանալի է, ՀՀ կառավարությունը 2007թ. հունիսի 21-ին ընդունել է անօրինության եւ անհեթեթության գլուխգործոց այդ խայտառակ փաստաթուղթը։ Դարձյալ խոսենք փաստերով։
Որոշման 1-ին կետով Մատենադարանի կանոնադրության 20-րդ կետը լրացվել է նոր («թ») ենթակետով, ըստ որի, ԿԳ նախարարությունը հաստատում է ինստիտուտի խորհրդի կազմը եւ կանոնակարգը։ Որոշման նախագծին կցված «Տեղեկանք-հիմնավորման» մեջ այս կապակցությամբ նշված է ընդամենը հետեւյալը. «Իսկ կանոնադրության՝ նախարարության իրավասությունները սահմանող կետում չի նախատեսվել խորհրդի կազմի եւ կանոնակարգի հաստատման լիազորությունը, ինչը հակասում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին»։ Թե օրենքի ո՞ր հոդվածի ո՞ր կետին կամ գոնե ո՞ր հոդվածին, բացարձակապես չի նշված, ինչը, կարծում ենք, պատահական չէ. օրենքը պարզապես չի նախատեսում նախարարության կողմից կանոնակարգի հաստատման լիազորություն, հետեւաբար խոսք չի կարող լինել հակասության մասին, ինչը վերացնելու անհրաժեշտությունը, իբրեւ «հիմնավորում», նշված է Լ. Մկրտչյանի ներկայացրած տեղեկանքում։
Ավելին. օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի համաձայն, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի աշխատակարգի (կառավարության որոշման մեջ այս բառը փոխարինվել է «կանոնակարգ» բառով) հաստատումը ոչ թե նախարարության, այլ հենց այդ մարմնի (տվյալ պարագայում՝ խորհրդի) լիազորությունն է։ Այսինքն՝ կառավարության որոշման նախագիծը մշակվել, ապա եւ կառավարության որոշումն ընդունվել է հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի ոտնահարմամբ, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնից վերջինիս լիազորությունը խլելով։
Բացի այդ, եթե ընդունենք, թե ԿԳ նախարարությունն իրավասու է հաստատելու Մատենադարանի խորհրդի կազմը, ապա անվիճելի է, որ խորհրդի կապի հաստատումն այլ բան է, խորհրդի ձեւավորման կարգ սահմանելը՝ բոլորովին այլ բան։ Նախարարի հաստատած հիշյալ կանոնակարգով խորհրդի ձեւավորման կարգ է սահմանված։
Հիշյալ որոշման նախագիծը ներկայացնելով ՀՀ կառավարություն, նախարարը փորձել է օրինականացնել ավելի վաղ՝ 2007թ. մայիսի 15-ին կանոնակարգի հաստատմամբ թույլ տրված անօրինությունը, ինչպես նաեւ՝ վերացնել Մատենադարանի գիտական խորհրդի լինել-չլինելու առումով կանոնադրության եւ կանոնակարգի միջեւ եղած հակասությունը։ Սակայն այդ փորձը չափազանց անհաջող է ստացվել. նախարարն ավելի է խրվել անօրինության ճահճում, ավելին՝ իր հետեւից քարշ է տվել կառավարությանը։
Վերը նշված հակասությունը վերացնելու համար, ՀՀ կառավարության հիշյալ որոշման 2-րդ կետով Մատենադարանի կանոնադրության 23-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Դրանով կատարված փոփոխություններից մեկն էլ այն է, որ ինստիտուտի (Մատենադարանի) տնօրեն ընտրվում է ոչ թե ինստիտուտի գիտական խորհրդի եւ գիտական անձնակազմի համատեղ ընդլայնված ժողովում (ինչպես նախկինում), այլ՝ ինստիտուտի խորհրդի նիստում։ Որոշման հաջորդ կետով կանոնադրության 24-րդ հոդվածի փոփոխությամբ «ինստիտուտի գիտական խորհուրդն» բառակապակցությունից «գիտական» բառը հանված, դուրս է շպրտված։ Վերը նշված երկու փոփոխությամբ գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդը կանոնադրությունից ընդհանրապես հանված, վերացված է։ Ի՞նչ է նշանակում Մատենադարանի նման գիտահետազոտական լուրջ ինստիտուտի, կարելի է ասել՝ Հայաստանում հայագիտության թիվ 1 կենտրոնի գիտական խորհրդի վերացումը։ Այն պարագայում, երբ մեր երկրում հայագիտությունը ղեկավարության կողմից գիտության ռազմավարական ճյուղ կամ գերակա ուղղություն է հայտարարված, սկսվում է հայագիտության «ապամոնտաժո՞ւմը»։
Ինչպես ԿԳ նախարարն ու նախարարությունը, այնպես էլ ՀՀ կառավարությունն անտեսել են, որ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական եւ գիտատեխնիկական գործունեությունը համակարգող եւ կարգավորող կոլեգիալ մամին է»։ Այլ կերպ ասած, եթե չկա գիտական խորհուրդ, ապա գիտական կազմակերպության (տվյալ պարագայում՝ Մատենադարանի) գիտական գործունեության համակարգումն ու կարգավորումը բարձիթողի վիճակում է լինելու կամ էապես իրականացվելու է չինովնիկների կողմից։ Մինչդեռ նրանց մեծ մասը, ինչպես կյանքի փորձն է ապացուցում, գիտությունից չի հասկանում, ավելին՝ առաջնորդվում է ոչ թե գիտության, այլ բոլորովին այլ շահերով։
Անդրադառնալով որոշման նախագծին կից ներկայացված «Տեղեկանք-հիմնավորման» մեջ նշված ընդամենը երկու «հիմնավորումներից» մյուսին, փաստենք, որ այն խարսխված է կեղծիքի վրա։ Ըստ այդ «հիմնավորման», Մատենադարանի կանոնադրությունը կառավարության կողմից հաստատվելու պահին (12. 09. 2002թ.), որոշման մեջ չեն սահմանվել լիազոր մարմնի (ՀՀ ԿԳ նախարարության)՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները։ Հեշտ է համոզվելը, որ հիշյալ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են ոչ թե նախարարության լիազորությունները, այլ՝ հիմնադրի (ՀՀ կառավարության) բացառիկ լիազորությունները։ Միաժամանակ նշենք, որ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախարարության լիազորությունները, չնայած տեղեկանքի «հիմնավորմանը», նշված են կառավարության 12. 09. 2002թ. որոշման, ավելի ճիշտ, դրա հավելված հանդիսացող Մատենադարանի կանոնադրության մեջ (3-րդ գլխի 20-րդ եւ 22-րդ կետեր)։
Անօրինության առումով կառավարության հիշյալ որոշման ամենաաղաղակող կետը թերեւս 4-րդն է։ Դրանով Մատենադարանի կանոնադրության 25-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել։ Վերջինիս համաձայն, «Խորհրդի անդամներն են՝ գիտական քարտուղարը, գիտական խմբերի ղեկավարները եւ հրավիրյալ անդամները»։ Ընդգծենք, որ սա կանոնադրության այն միակ կետն է, որով սահմանված է ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմնի՝ գիտական խորհրդի ձեւավորման կարգը։
Այդ կարգն ուժը կորցրած ճանաչելով, գիտական խորհուրդը վերացնելով եւ այն փոխարինելով կոլեգիալ կառավարման այլ մարմնով՝ ինստիտուտի խորհրդով, կառավարությունն իր հիշյալ որոշմամբ կանոնադրության մեջ չի կատարել լրացում՝ ինստիտուտի խորհրդի ձեւավորման կարգի վերաբերյալ։ Մինչդեռ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձեւավորման եւ գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանված են պետական կազմակերպության կանոնադրությամբ»։ Այսօր կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձեւավորման կարգը, օրենքի նշված պահանջի ոտնահարմամբ, սահմանված չէ կանոնադրությամբ։ Այն սահմանված է միայն նախարարի հրամանի՝ հիշյալ կանոնադրությունը եւ օրենքներին հակասող հավելված-կանոնակարգով, որը հենց այդ հակասության պատճառով իրավական ուժ չունի։
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հակասելու եւ խորհրդի ձեւավորման կարգը չսահմանելու պատճառով իրավական ուժ չունի նաեւ ներկայիս՝ փոփոխված կանոնադրությունը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջի («Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին») խախտմամբ ընդունված լինելու պատճառով իրավական ուժ չունի նաեւ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշումը, որը հակասում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին։
Ս.թ. հուլիսի 10-ին նշանակված է Մատենադարանի տնօրենի ընտրությունը։ Նրան ընտրելու է այն խորհուրդը, որը ձեւավորված է կամ ձեւավորվելու է հիշյալ խայտառակ, օրենքին հակասող կանոնակարգով եւ ոչ թե այն կարգով, որը, հիշյալ օրենքի պահանջի համաձայն, պետք է սահմանված լիներ կանոնադրությամբ։
Այս պարագայում ինքնին հասկանալի է, որ նշված խորհուրդն անօրինական է, ոչ լեգիտիմ, հետեւաբար լեգիտիմ չի կարող լինել նրա ընտրած տնօրենը։ Մինչդեռ անօրինական է, ոչ լեգիտիմ խորհրդով Մատենադարանի ոչ լեգիտիմ տնօրեն ընտրելով, անկասկած սասանվելու է գիտահետազոտական եւ միջազգային լայն ճանաչում ունեցող այդ հաստատության վարկն ու հեղինակությունը։ Ո՞ւմ է ձեռնտու դա…
Նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը, որն օրենքին հակասող եւ իրավական խոտան է, ընդունվեց նոր կառավարության գործունեությունից շատ չանցած, նրա աշխատանքի հենց առաջին ամսում։ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը ՀՀ կառավարությանը դեմ տալով այդ խայտառակ որոշման նախագիծը եւ հասնելով նրան, որ կառավարությունն այն հավանության արժանացնի, նախընտրական տարում, կամա թե ակամա, վարչապետին եւ կառավարությանը կանգնեցրեց, մեղմ ասած, անհարմար վիճակի առջեւ։