«Հովեր» երգչախումբն արդեն 15 տարեկան է: Այդ երգչախումբը հայկական երաժշտության կատարման ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում ու լրացնում է այն բացը, որը ստեղծվել էր խորհրդային կարգերի ավարտից հետո: Խորհրդային տարիներին երգում էին գրեթե բոլորը, եւ գրեթե բոլորը նույն կերպ էին երգում, քանի որ պարտադրված ոճ ու պաթոս կար, որոնք դարձել էին «խոր» բառի հոմանիշները: «Հովերը» բոլորովին այլ ոճ առաջարկեց. նրանք սկսեցին բեմականացնել միապաղաղ, խրոխտ շարքերով ներկայացված կատարումներն ու լավ երաժշտության վրա հիմնված էքսպերիմենտներ անելու կարիքն զգացին: Երգչախումբը թատերականացրեց երգերը, ստեղծեց ամբողջական ներկայացումներ ու փորձեց հիշեցնել, որ «ազգային երաժշտական հարստություն» ասածը ոչ թե կարծրացած ու միայն թանգարանային նմուշի կարգավիճակ ունեցող բան է, այլ` կենդանի ու շնչող շերտ է, որը կարող է ճյուղավորվել, տարբեր դիմակներ հագնել, եւ, միեւնույն ժամանակ, շարունակել մնալ որպես հարստություն: Ավելի ճիշտ, հենց նոր մոտեցումների շնորհիվ էլ շարունակել աղբյուրի դեր կատարել: Հաճախ, ավանդական տեսանկյունը փոխելով, կարելի է զգալ տեսադաշտի գեղեցկությունը: Տեսադաշտը դրանից միայն շահում է:
«Հովեր» երգչախմբի հայտնվելը շատ տրամաբանական եւ նույնքան էլ դժվար է եղել: Այն ժամանակահատվածում, երբ սկսեց ձեւավորվել ազատ արտահայտվելու անորոշ ցանկությունը, մի խումբ ուսանողներ համախմբվեցին խմբավար Սոնա Հովհաննիսյանի կողքին եւ սկսեցին կատարել այն երաժշտությունը, որի մասին միշտ երազել էին: Սոնա Հովհաննիսյանը հիմա էլ շատ երազանքներ ու գաղափարներ ունի: Նա չի սիրում օգտագործել «նպատակ» բառը, ասում է` գործեր ունենք: «Հովերը» լայն դիապազոն ունեցող խումբ է, կատարում է հայկական հոգեւոր երաժշտություն, մեծակտավ սիմֆոնիկ գործեր, նորագույն միջազգային խմբերգեր, բարոկկո ոճի ստեղծագործություններ: «Հովերը» երիտասարդ եւ ճկուն երգչախումբ է, որն ունի ամուր առանցք ու որոնելու ցանկություն: «Սովետական տարիներին երգչախմբային արվեստը բուռն զարգացում ապրեց, բայց այդ զարգացումը շատ սպեցիֆիկ էր: Կատարվող խմբերգերը կարծես «մարդկային» չէին, շատ պաթետիկ ու արհեստական էին»,- ասում է ստատիկ կատարումները ձանձրալի համարող Սոնան, ով մի քանի տարի առաջ որոշել էր «բալագանային թատրոնի» սկզբունքներին մոտ հսկայական դեկորացիաներով բացօթյա համերգ ներկայացնել ու կատարել Վարդան Այգեկցու առակները: Ցավոք, այդ ցանկությունը չիրականացավ: Հիմա նա մտածում է բացօթյա «Երկու Բ» անվանումով համերգային ներկայացում ստեղծել: «Երկու Բ»-ն երկու երաժշտական մեծությունների` Բախի եւ «Բիթըլզի» անվանումների սկզբնատառերն են: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող Բախն ու «Բիթըլզը» ներդաշնակ կտավ են ստեղծում, եթե, իհարկե, պատրաստ ենք լինում չբավարարվել միայն առաջին հայացքով ու երկրորդ հայացքի կարեւորությունն ենք ընդունում: Հաճախ իր մտահղացումները Սոնան ավանտյուրային է համարում, եւ նրա աչքերը սկսում են փայլել, երբ խոսում է Կոմիտասի պարերգերը ֆիլմի վերածելու կամ նորագույն հայկական խմբերգերը ՆՓԱԿ-ի դահլիճում ներկայացնելու մասին:
– Ինչպե՞ս ստեղծվեցին «Հովերը»:
– 1992 թվականն էր, իմ ուսանողների հետ սկսեցինք հավաքվել ու երգել:
Երաժշտությունը դարձավ այն կրակը, որի շուրջ նրանք խմբվեցին, որպեսզի մի քիչ տաքանան: Առաջին փորձերն անում էինք մեր տանը, հետո՝ ուրիշների տներում, տարբեր դահլիճներում, թատրոններում, հազար ու մի ծակուծուկերում: Այդ տարիներին Երեւանում կարծես թե ոչ մի կետ չէր մնացել, որտեղ մենք չէինք երգել: Երկարատեւ թափառել ենք, մոմի լույսի տակ էինք երգում: Սկսել ենք ֆրանսիական իմպրեսիոնիստների ստեղծագործություններից, որոնք երբեւիցե չէինք լսել: Մենք երիտասարդ էինք եւ ներքին խնդիր ունեինք` ուզում էինք հնչեցնել այն ստեղծագործությունները, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեին եւ երբեք չէին կատարվել Հայաստանում: Ասում են, որ հարմոնիան երաժշտության խելքն է, իսկ մեղեդին` սիրտը: Ընդհանրապես իրար հետ միաժամանակ խոսելն ու հնչողության հարմոնիա ստեղծելը հատուկ է մարդուն: Դա հարմոնիկ մտածողություն է, որը շատ գրավիչ բան է:
– Իսկ ե՞րբ սկսեցիք այդ հարմոնիկ շարք մտցնել նաեւ թատերային բեմավիճակները:
– Հենց առաջին մեր համերգի ընթացքում մենք թատերականացված բաժին ենք ունեցել: Այսինքն, թատրոնի տարրերը հենց սկզբից ենք օգտագործել, քանի որ ցանկացել ենք խմբերգային արվեստի զարգացման հեռանկարը, ներքին միտումները տեսնել: Հետո, երբ գնացինք Իտալիա, տեսանք, որ այդ մոտեցումը շատ տարածված է, ուղղակի մենք չգիտեինք դրա մասին, քանի որ շփումներ չկային: Երբ գնում ես, տեսնում ու լսում ես ուրիշներին, ինքդ էլ հասկանում` թե որտեղ է քո հնարավորի ու անհնարինի սահմանը, սկսում ես խարխլել ու քանդել սահմանները, քո արածի արձագանքները տեսնել:
– Իսկ հայ հանդիսատեսի կողմից արձագանք տեսնո՞ւմ եք, թե՞ որոշակի անտարբերություն կա արվեստի մարդկանց արածի նկատմամբ:
– Հիմա ես զգում եմ այդ արձագանքը, քանի որ պատվերներ ենք ստանում եւ՛ պետությունից, եւ՛ տարբեր փառատոների կազմակերպիչներից: Արվեստն, ընդհանրապես, վեհ եւ պոետիկ երեւույթ է, այն չի կարող իջնել, նսեմանալ եւ ասել` լսիր ինձ: Ոչ, դու ինքդ պետք է գաս, տոմս գնես ու լսես:
– Երգիչը նաեւ պետք է դերասա՞ն լինի:
– Իհարկե, նույնիսկ եթե երգիչը բեմում չի շարժվում, նա պետք է անհատականություն լինի: Մեր երգչախմբում հետաքրքիր մարդիկ են երգում: Հասկանո՞ւմ եք, նրանք անհաջողակներ, չստացված երգիչներ չեն, որոնք ստիպված են լինում գալ երգչախումբ, քանի որ սոլիստներ չեն դարձել: Ես սկբունքորեն դեմ եմ սոլո կատարողներին, նախընտրում եմ աշխատել երաժիշտների հետ, եւ դրա համար շատերն ինձ մեղադրում են:
– Իսկ մեղադրանքների հիմքն ինչո՞ւմ է:
– Ասում են, որ մենք ոչ պրոֆեսիոնալ երգչախումբ չենք, քանի որ մեր երգիչներն իրենց կրթությունը որպես երգիչ չեն ստացել, այլ, ասենք, պրոֆեսիոնալ դաշնակահարներ կամ ջութակահարներ են: Բայց մենք այդ մեղադրանքները լուրջ չենք ընդունում, քանի որ այնքան շատ գործ ունենք, որ երբ աշխատում ու քրտնում ենք` այդ «ոչ պրոֆեսիոնալ» պիտակը պարզապես սահում ու ընկնում է: Եթե որեւէ մեկը մեզ չի ընդունում, թող չգա լսելու, բայց մեզ ոչ պրոֆեսիոնալ անվանելու իրավունք չունի: Մենք տասը տարի առանց փողի ենք աշխատել, իսկ դա հենց այնպես լինել չէր կարող:
– Իսկ հիմա վարձատրվո՞ւմ եք:
– Արդեն հինգ տարի է, որ մեզ որոշակի գումար է հատկացնում սփյուռքահայ մի կազմակերպություն, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք հյուրախաղերի մեկնել: Եվ հետո մեզ ձայներիզների ձայնագրություններ են պատվիրում: Սթենֆորդի համալսարանը, որի դասախոսները Գեղարդում լսել էին մեր կատարած պատարագը, ձայնագրություն պատվիրեցին: Հետո որոշեցին մեր երգչախմբի այս սեզոնը հովանավորել, մեզ ամսավարձ տրամադրել եւ ֆինանսավորել մեր նոր ձայներիզի թողարկումը:
– Բեմական զգեստները փոփոխելը երգչախմբում նույնքան կարեւո՞ր է, որքան թատրոնում:
– Մեր առաջին զգեստները սպիտակ կտորից էին կարված, որոնք մենք թեյի գույնով էինք ներկել եւ վրան նկարել էինք: Մեր զգեստները շատ քննադատվեցին, շատերն ասացին, որ չի կարելի բեմ դուրս գալ նման հագուստով, ուղղակի մաշիկներով, առանց բարձրակրունկ կոշիկների: Իսկ արդեն անցյալ տարի մենք Մշակույթի նախարարության կողմից հատկացրած գումարով նոր շատ հետաքրքիր, նկարազարդ զգեստներ կարեցինք: Ես ուզում էի, որ մեր զգեստները հայկական, բայց ոչ ազգագրական լինեն: «Տրեխային հայկականությունը» ես չեմ ընդունում ու համարում եմ, որ հայկականը դա չէ: Հայկականն իր զարգացումն ունի, որն անտեսել պետք չէ: Ինչո՞ւ է պետք անընդհատ միայն վերադառնալու մասին մտածել:
– Այդպես ավելի վստահելի եւ հեշտ է:
– Մի շատ լավ խոսք կա` եթե ուզում ես հասնել գետի աղբյուրին, պետք է գետի հոսանքին հակառակ լողաս: Իսկ հոսանքին հակառակ լողալը դժվար է:
– Քանի՞ երգչից է բաղկացած «Հովերը»:
– 24 երգիչներ կան երգչախմբում, բայց եթե փորձենք հաշվել, կստացվի, որ այս տասնհինգ տարիների ընթացքում հարյուրից ավելի մարդ է եկել եւ գնացել խմբից: Դրա հետ մեկտեղ, «Հովերի» հնչողությունը երբեք չի փոխվել, նույնն է մնացել: Մենք մեր հնչերանգն ունենք, որը ոչ մի այլ երգչախմբի հետ շփոթել չի կարելի: Նույն գործը կարող է ուրիշ խումբ կատարել, եւ դա արդեն բոլորովին այլ գույներ ու հնչյուններ կունենա: Շատ ջրեր են հոսել, խառնվել իրար, բայց մեր էմոցիոնալ հիմքը եւ թեթեւությունը պահպանվել են: Մենք ծանր խումբ չենք, մեր երաժշտական դրսեւորումներն ավելի եթերային են, մենք տրամադրություն ենք փնտրում: Գեղեցիկ պահը որսալն ամենակարեւորն է ինձ համար, նույնիսկ, եթե այդ պահը միայն փորձերի ժամանակ եմ զգում:
– Այդ արդյունքին հասնելու համար ղեկավարի անձը շա՞տ կարեւոր է, նա պետք է ուժեղ եւ ճնշող հեղինակությո՞ւն լինի:
– Ես վառ ու էկզոտիկ անհատականություն չեմ, իմ խառնվածքն ավելի թափանցիկ է, գուցե այդ պատճառով էլ ես լավ կատարող եմ: Ինչ ասես կարող է իմ միջով անցել ու թափանցել: Իսկ եթե ես խիտ ներքինով անձ լինեի, չէի կարողանա միջովս անցկացնել տարբեր երաժշտությունները, քանի որ իմ խտացված «ես»-ը դրանք ետ կմղեր:
– Կարծում եմ, քչերը կարող են իրենց թույլ տալ ասել, որ վառ անհատականություններ չեն: Թե չէ` մեզ մոտ բոլորն աննման են ու վառ են:
– Ես կատարող եմ, իսկ երգչախմբի առաջին օրենքը հենց կատարող լինելու մեջ է: Եթե քո «ես»-ը ծալել եւ մի կողմ դնել չկարողանաս, չես կարողանա լսել կողքինիդ, դիրիժորին, հեղինակին, եւ չի կայանա այն հիանալի միստերիան, որը պետք է կայանա: Դեսպոտիկ հարաբերությունները երգչախմբում այլեւս չեն աշխատում, հիմա ղեկավարի ու երգչի հարաբերությունները փոխվել են, նրանք պետք է կարողանան իրար լսել: Եվ դա հրաշալի է:
– Երեւի այդ մոդելը տարբեր տեղերում կարելի է հաջողությամբ կիրառել:
– Արվեստն այդպես է: Արվեստում նպատակներ լինել չեն կարող, նպատակը փակուղի է, սահման է: Քո մտածածը կարող է հինգ վայրկյան հետո կորել ու փչվել, բայց երաժշտական օվկիանոսը մնում է: Ես երջանիկ եմ զգում, երբ ամեն անգամ մտնում եմ այդ օվկիանոսը: Երգչախումբը շատ հետաքրքիր օրգանիզմ է. նրա աշխատանքը մեկ մարդուց կախված չէ, բայց այդ նույն մարդու լինել կամ չլինելը փոխում է ընդհանուրը: Երբ քեզ ընդհանուրի, երաժշտական ընթացքի մի մասնիկն ես համարում, գերագույն հաճույք ես զգում: Դա շատ մեծ պարգեւ է: Ֆրանսիացիները զարմացան, երբ տեսան, որ մեր երգիչները շատ երիտասարդ են, նրանք ասացին, որ իրենց մոտ երիտասարդները հոգեւոր երաժշտություն քիչ են կատարում, իսկ մենք կատարում ենք: Մենք ունենք այդ ուժը, այդ հոգեւոր հարստությունը: Ուզում եմ, որ մեր հարստությունն ապրի, այսօրվա արդիականության ռիթմի մեջ մտնի, հուզի մեզ, ստիպի մեզ վերապրել: Զարմանալի է թվում, թե ինչո՞ւ ենք թողնում այդ հարստությունն ու ցածրորակ պլաստմասսայե բաներից ենք բռնվում: Ախր, մենք բարձր որակի գործեր ունենք, որոնք պահել ենք ու չենք ուզում ժամանակակից կյանք մտցնել: Ես պատրաստ եմ գլխիվայր շուռ գալ, միայն թե կարողանամ «օսլայված» հանդիսատեսի սրտին հասնել, հուզել նրան: Հասկանո՞ւմ եք, արվեստի մարդն իրեն պետք է հերքի ու այրի, որպեսզի հանդիսատեսի հետ ինչ-որ բան կատարվի: