Նոր կառավարությունն իր ծրագրում նախատեսել է 2008թ. հունվարի 1-ից 60 տոկոսով բարձրացնել ապահովագրական կենսաթոշակը: Հասկանալի է, որ այդ խոստումը բացառապես նախընտրական նպատակ ունի, սակայն անհասկանալի է,
թե ինչպես է պետական բյուջեն դուրս գալու այդ բեռի տակից: Եվ եթե խորհրդարանական ընդդիմությունը` իր կառուցողական դիրքերից, այդ մասին չի խոսում, ապա դա շատ լավ հասկանում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնավորապես` երեկ Երեւանում հրավիրված ասուլիսում այդ մասին խոսել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելո-Բրանկոն. «Որպեսզի բարեհաջող իրականացվեն կենսաթոշակային բարեփոխումները, որոնց արդյունքում կբարձրանա կենսամակարդակը եւ կսերտանա կապը մասհանումների եւ կենսաթոշակների միջեւ, անհրաժեշտաբար կառաջանան ֆիսկալ ծախսեր, որոնք պետք է իրատեսորեն գնահատել եւ դիտարկել կառավարության այլ գերակայությունների համադրությամբ»,- հայտարարել է Բրանկոն` դիվանագիտորեն հասկացնելով, որ կառավարությունն ի վիճակի չէ կատարել կենսաթոշակը բարձրացնելու իր խոստումները: