«Ա1+» հեռուստաընկերության փակումից առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը «շա՜տ է սիրում «Ա1+»-ը: Սակայն նա անմիջապես ավելացրել էր, որ եթե «Ա1+»-ը փակվի, ինքը նորը կհորինի: Քոչարյանի այս հայտարարությունից երկու օր անց ՀՌԱՀ-ը «Ա1+»-ը փակելու որոշում կայացրեց: Դրանից անցել է ավելի քան 6 տարի, սակայն նոր «Ա1+» դեռեւս չի «հորինվել»: Փոխարենը հորինվել են մեկ տասնյակից ավելի ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերություններ:
Այսօր փաստացի փակման վտանգի առաջ է կանգնած «Ազատություն» ռադիոկայանը, որի հանդեպ ունեցած իր սիրո մասին Քոչարյանը բարեբախտաբար դեռ չի հայտարարել: Սակայն անցած շաբաթ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի քանի սրտաճմլիկ խոսք ասաց «Ազատության» մասին, հայտարարեց, որ շատ է ցավում նրա համար, այնքան է ցավում, որ անգամ չի ուզում մտածել այն մասին, որ կարող է հանկարծ «Ազատությունը» չհեռարձակվել: Եվ եթե հաշվի առնենք, որ Քոչարյանի սիրո խոստովանությունից երկու օր անց «Ա1+»-ը փակվեց, ապա Օսկանյանի ցավագին ելույթը կարելի է համարել որպես վատ նշան «Ազատություն» ռ/կ-ի համար: Առավելեւս, որ Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է Հայաստանի նախագահի հավանական թեկնածուների շարքում:
Պարզում է` սակայն Օսկանյանն այնքան էլ օրիգինալ չէ իր ցավերով, քանի որ երեկ նման զգացմունքային խոսքեր կարելի էր լսել նաեւ ԱԺ շենքի տարբեր անկյուններում: Սակայն նման զեղումների հեղինակներն այն պատգամավորներն էին, ովքեր առաջին ընթերցմամբ կողմ էին քվեարկել «Ազատության» դեմ ուղղված օրինագծերին եւ երեկ անհամբեր սպասում էին, թե երբ է այն քվեարկության դրվելու երկրորդ ընթերցմամբ, որպեսզի իրենք նորից կողմ քվեարկեին հանուն «Ազատության»: Ու մինչ երեկ պատգամավորներից շատերը կեղծ զարմանքով եւ անմեղսունակ հայացքներով միմյանց հարցնում էին, թե` իսկապե՞ս «կողմ» կոճակը սեղմելու դեպքում «Ազատությունը» կփակվի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ ամբիոնից հաստատեց նրանց «մտահոգությունները»` հայտարարելով, որ իրականում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը կարող է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դադարեցման պատճառ դառնալ:
«Իսկապես կարող է վերաբերել, որովհետեւ դա կախված է տվյալ ընկերության կարգավիճակից: Եթե դա վերաբերում է հեռարձակմանը, այո, կարող է վերաբերել «Ազատությանը», իսկ եթե վերաբերում է նյութը տրամադրելուն, արտադրությանը, ապա չի վերաբերում: Եթե դա պետք է լինի արտադրանք, որը պատրաստի նյութեր կտրամադրի որեւէ ընկերության, ապա այդտեղ որեւէ սահմանափակում չկա` անկախ հեռուստառադիոընկերության կարգավիճակից: Իսկ եթե դա կվերաբերի հեռարձակմանը, երբ հաճախականությունը կտրամադրվի մեկ այլ հեռարձակող ընկերությանը, ապա անպայման կվերաբերի»,- հայտարարեց Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա, եթե «Ազատությունը» պատրաստում է նյութեր, ու ինքն անմիջապես չի օգտվում հաճախականությունից, այսինքն` ուղիղ եթերով չի հեռարձակվում, ապա կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը: Իսկ եթե նա «ուղիղ եթեր է դուրս գալիս ու հեռարձակում է ոչ միայն իր նախապես պատրաստած նյութը, այլեւ ուղիղ եթերն օգտագործելով, ապա այդպիսի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության համար համարվում է արգելված»: Դանիելյանը փորձում էր նաեւ համոզել, թե մյուս հեռուստառադիոընկերություններով հեռարձակվելու դեպքում վերոնշյալ արգելքը չի գործում, քանի որ «ենթադրվում է, որ մյուս ռադիոընկերությունները կարող են ազատորեն պայմանագրեր կնքել ցանկացած հեռարձակող կազմակերպության հետ»: Պարզվում է, այս փոփոխություններով կառավարությունը դեռ «ադալժենի» է անում «Ազատություն» ռ/կ-ին: «Ինչ-որ մի տեղ սա նույնիսկ ավելի զիջող տարբերակ է, եթե նկատի ունենանք, որ այսօրվա օրենքն ընդհանրապես արգելում է որեւէ հեռարձակում, եթե տվյալ ընկերությունը չունի արտոնագիր: Իսկ սա թույլ է տալիս` չունենալով ՀՀ տարածքում գործելու համապատասխան արտոնագիր, այնուամենայնիվ, մասնավոր հեռուստառադիոընկերությունների միջոցով ուղիղ եթեր հեռարձակվել: Սա ոչ թե սահմանափակում է հնարավորությունները, այլ ընդհակառակը` տալիս է նոր հնարավորություններ»,- «մտահոգված» պատգամավորներին հույս էր տալիս Գեւորգ Դանիելյանը:
Իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, չնայած նախարար Գեւորգ Դանիելյանի նկատմամբ ունեցած մեծ զգացմունքներին (որին դիմում էր «իմ շատ սիրելի» արտահայտությամբ), կոչ արեց ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը՝ չհավատալ նրան, քանի որ միանշանակ է, որ` «այս դահլիճում մեծամասնությունն ընդամենը քննարկում է «Ազատություն» ռադիոկայանը փակելու ժամկետները, ձեւերը եւ եղանակները»:
Երեկ առաջարկություններ եղան նաեւ օրինագծերի քվեարկությունը մինչեւ սեպտեմբեր հետաձգելու, իսկ ընդունվելու դեպքում էլ` օրենքը մեկ տարի հետո ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որպեսզի շահարկումներ չլինեն, թե սրանով փորձ է արվում նախագահական ընտրություններից առաջ լռեցնել անկախ լրատվամիջոցին: «Միացյալ Նահանգները 1990-ից սկսած Հայաստանին տրամադրել է ավելի քան 3 միլիարդ դոլար օգնություն: «Ազատություն» ռադիոկայանի կողմից ցուցաբերված օգնությունը հումանիտար օգնություն է… Եթե դուք հրաժարվում եք «Ազատություն» ռադիոկայանից, ուրեմն ընդհանրապես հրաժարվեք Միացյալ Նահանգների ցուցաբերած ընդհանուր հումանիտար օգնությունից»,- իշխանություններին հորդորեց Վիկտոր Դալլաքյանը: «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, թե բոլոր այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն այս փոփոխություններին, չեն «սիրում «Ազատություն» ռադիոկայանը»:
Իսկ թե ով ինչքանով է սիրում կամ չի սիրում «Ազատությանը»` պարզ կդառնա այսօր` քվեարկությունից հետո: