Բրանկոյի խորհուրդները

04/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՀՀ կառավարության հետ համաձայն չէ միայն մի հարցում, եւ դա գազի գնի սուբսիդավորումն է: Նման տպավորություն ստեղծվեց ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելո-Բրանկոյի երեկ ՀԲ երեւանյան գրասենյակում հրավիրված ասուլիսից:

Մնացած հարցերում, ԱՄՀ-ն, ըստ էության, առարկություններ չունի ՀՀ կառավարության վարած քաղաքականության հետ: Իսկ գազի գնի հետ կապված հարցում ԱՄՀ-ն կառավարությանը խորհուրդ է տալիս աստիճանաբար կրճատել մինչեւ 2009թ. պլանավորած գազի գնի սուբսիդավորումը, որպեսզի ապագայում թանկացումը կտրուկ չլինի: Հիշեցնենք, որ 2006թ. Ռուսաստանը կրկնակի թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը եւ 1000 խ/մ գազի գինը 55 դոլարից դարձրեց 110 դոլար: Այդ թանկացումը, սակայն, սպառողների վրա առանձնապես չազդեց, որովհետեւ անցած տարի մեր կառավարությունը գազի գնի սուբսիդավորման համար ռուսներին հանձնեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Սակայն գազի գնի վերաբերյալ անցած տարի կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2009թ. եւ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը նորից կվերանայի Հայաստանին վաճառվող գազի գինը: Ըստ ամենայնի, նոր գինը մոտ կլինի գազի միջազգային գներին՝ 1000 խ/մ-ի դիմաց մոտ 200 դոլար: Եվ որպեսզի այսպիսի կտրուկ թանկացման դեպքում սպառողը կտրուկ գնաճի վտանգի առաջ չկանգնի, ԱՄՀ-ն առաջարկում է աստիճանաբար դադարեցնել գազի գնի սուբսիդավորումը: «Միաժամանակ գտնում ենք, որ նման իրողություններում լավագույն տարբերակն իսկապես կարիքավորներին պաշտպանելն է»,- երեկ հայտարարեց ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելո-Բրանկոն: Ներկայումս Կառավարությունը սուբսիդավորում է բոլոր գազ սպառողներին` եւ՛ բնակչությանը, եւ՛ խոշոր արտադրողներին, եւ դրանից անհամեմատ ավելի շատ օգտվում են հարուստներն ու ապահովվածները, քան կարիքավորները: ԱՄՀ-ն առաջարկում է կրճատել հատկապես խոշոր սպառողներին հատկացվող սուբսիդիան: Տիկին Կաստելո-Բրանկոյից առաջ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսներին տալու ժամանակ էլ այս մասին շատ է խոսվել, եւ ակնհայտ է, որ մեր կառավարությունը սուբսիդավորելով գազի գինը՝ ավելի շատ սուբսիդավորում է օլիգարխներին, քան մանր սպառողներին: Օրինակ` ցեմենտի արտադրության ոլորտում, որտեղ գործում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտը» եւ Միխայիլ Բաղդասարովի «Միկա-ցեմենտը», գազի գնի սուբսիդավորման արդյունքում ցեմենտի գինը կարող էր նվազել կամ առնվազն մնալ անփոփոխ: Սակայն, ինչպես հայտնի է, ցեմենտը գազի գնի սուբսիդավորմանը զուգահեռ՝ սկսեց թանկանալ: Ավելին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս երկու տարիներին ուսումնասիրել եւ պարզել է, որ ցեմենտ արտադրողները չարաշահում են իրենց գերիշխող դիրքը եւ չհիմնավորած բարձր գներ են կիրառում: Անկասկած, այդ մասին ԱՄՀ-ն նույնպես տեղյակ է:

Իսկ մնացած գրեթե բոլոր հարցերում ԱՄՀ-ն համակարծիք է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հետ: Այնքան համակարծիք է, որ թվում է, թե ԱՄՀ փորձագետները ՀՀ կառավարության անդամներ են, ծայրահեղ դեպքում՝ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականներ: Այս տպավորությունը ստեղծվում է հատկապես այն ժամանակ, երբ նրանք գնահատում են հատկապես դրամի արժեւորման գործընթացը: Կաստելո-Բրանկոն էլ, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի նման, այն կարծիքին է, որ դրամն արժեւորվում է, որովհետեւ դրսից շատ արտարժույթ, մասնավորապես՝ դոլար է գալիս Հայաստան: Եվ քանի որ գնալով ավելանում է Հայաստան մտնող դոլարի քանակությունը, ուրեմն դրամն էլ գնալով պետք է արժեւորվի: Հակառակ դեպքում՝ տեղի կունենա գնաճ: Գնաճը, այսպես թե այնպես, տեղի է ունենում, սակայն չափի մեջ: Ասենք՝ 2007թ. համար ԿԲ-ն սահմանել է 4 (՞1,5%) գնաճ, եւ ԱՄՀ ներկայացուցիչը կարծում է, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կպահպանվի: Միջազգային կառույցներն իրենց վերլուծությունների համար հիմք են ընդունում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Այդ տվյալները սակայն հասարակ սպառողն ուղղակի չի կարող ընդունել, որովհետեւ անցած մեկ տարվա ընթացքում լայն սպառման ապրանքների վրա մենք ոչ թե ընդամենը 3-4 %, այլ կրկնակի, եռակի շատ գումար ենք ծախսում: Այնպես որ, ԿԲ սահմանած, Վիճվարչության հաշվարկած եւ միջազգային կառույցների ուսումնասիրությունների համար հիմք հանդիսացած տվյալներն ամենեւին մեր տնտեսության իրական պատկերը չեն արտացոլում: Իհարկե, ԱՄՀ ներկայացուցիչը թերեւս ՀՀ իշխանություններից մի փոքր տարբերվելու համար չի բացառում, որ գնաճը նախատեսվածից ավելի շատ կլինի, որովհետեւ բարձրանում է ներմուծվող ցորենի գինը: Բացի այդ, տարվա երկրորդ կեսին պետական ծախսումներն ավելի շատ են լինելու, ինչը նույնպես կհանգեցնի որոշակի գնաճի:

Թեպետ դրամի արժեւորումից տուժել են արտահանող որոշ ոլորտներ եւ հատկապես տրանսֆերտներով ապրող տնային տնտեսությունները, բայց ԱՄՀ ներկայացուցիչը չի գտնում, որ այն վտանգում է Հայաստանի մրցունակությունը: Տնտեսությունը շարունակում է երկնիշ աճ արձանագրել, իսկ 2007թ. առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն ավելացել է 25 %-ով: Սակայն միջազգային մասնագետը դրան չի հակադրում այն փաստը, որ տարեցտարի ավելանում են նաեւ ներմուծման ծավալները, այն փաստը, որ տեղական արտադրությունը ներմուծվողի հետ արդեն չի կարողանում մրցակցել իր արտադրանքի բարձր ինքնարժեքի պատճառով: Մրցունակություն ապահովելու եւ արտադրողականությունը բարձրացնելու համար Կաստելո-Բրանկոն առաջարկում է բարեփոխումներ կատարել հարկային ոլորտում եւ կրճատել կոռուպցիան:

«Հարկավոր է դադարեցնել հարկային արտոնությունները, որովհետեւ պարզ չէ, թե որ պահից դրանք արդարացված չեն լինի,- ասում է Կաստելո-Բրանկոն, ով եկել է Հայաստան եւ հանդիպել է նոր ձեւավորված կառավարության անդամների հետ: -Ճիշտ է, ավելացել են հարկային հավաքագրումները, սակայն կարծում եմ, թե հարկային մարմինները կարող էին ավելի շատ հավաքել: Պետք է կրճատել նաեւ կոռուպցիան, որովհետեւ դա բյուրոկրատական համակարգում բիզնեսի համար լրացուցիչ հարկի նման մի բան է դարձել»:

Իսկ ընդհանրապես ԱՄՀ-ն գտնում է, որ կառավարության 2007-2012 ծրագիրն «իրավացիորեն անդրադառնում է այս հիմնախնդիրներից շատերին»: