Բաքուն սպառնում է։ Ստիպված

04/07/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ` Դոնի Ռոստովում, որտեղ ընթանում էին Ռուսաստանի նախագահի գավաթի համար ձիարշավի մրցումները: Այդ սպասումներն ավելի մեծացան, երբ հայտնի դարձավ, որ միջոցառմանը ԱՊՀ երկրների ոչ բոլոր նախագահներն են մասնակցելու: Սակայն, չնայած նրան, որ գագաթաժողովի տանտիրոջից` Վլադիմիր Պուտինից բացի, Ռոստով էին ժամանել նաեւ Մոլդովայի եւ Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Վորոնինն ու Իսլամ Քարիմովը, եւ նույնիսկ, չնայած այն բանին, որ Քոչարյանն ու Ալիեւը հայտնվել էին մի սեղանի շուրջ, զրույց տեղի չունեցավ: Ականատեսների խոսքով` նախագահները լուռ էին, կենտրոնացած հետեւում էին ձիարշավի ընթացքին, իսկ եթե անգամ շեղվում էին դրանից, ապա միայն հարեւանների հետ խոսելու համար:

Մնում է միայն ցավել: Առավել եւս, որ բառացիորեն նախորդ օրը խաղաղարար առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ էր ժամանել երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների պատվիրակությունը` Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի գլխավորությամբ: Միամտություն է կարծել, թե գիտության եւ արվեստի գործիչներին կհաջողվեր բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել, սակայն նրանց համատեղ այցը կարելի է դիտարկել իբրեւ հայ եւ ադրբեջանցի հասարակություններին ուղղված նշան, իբրեւ կոչ` վերանայելու իրենց դիրքորոշումները միմյանց նկատմամբ: Սակայն այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ: Եթե Երեւանում, ընդհանուր առմամբ, եթե ոչ դրական, ապա գոնե բավականին չեզոք ընդունեցին այդ ակցիան, ապա Բաքվում ադրբեջանական պատվիրակության հասցեին դավաճանության մեղադրանքներ հնչեցին, իսկ Փոլադ Բյուլբյուլօղլիի մամուլի ասուլիսը քիչ էր մնում տապալվեր արմատական ուժերի ներկայացուցիչների կողմից, որոնք պահանջում են, որ Լեռնային Ղարաբաղն անհապաղ վերադառնա Ադրբեջանի ենթակայության տակ:

Միաժամանակ նրանց այցը Ստեփանակերտ հերթական անգամ ցույց տվեց, թե դեռ որքան են երկու երկրների հասարակությունները հեռու դրանից, որքանով են նրանք անպատրաստ վերականգնելու խաղաղությունը, վստահությունը, բարիդրացիական հարաբերությունները: Կողմերի դիրքորոշումները միմյանց բացառում են: Հայկական կողմը խոսում է՝ Ստեփանակերտի ընտրության նկատմամբ հարգալից մոտեցման, իսկ ադրբեջանական կողմը` տարածքային ամբողջականության մասին: Էլ ի՞նչ կարելի է պահանջել քաղաքական գործիչներից, որոնք, ամեն ինչից զատ, նաեւ ստեղծված իրադրության գերին են: Իսկ հիմա նրանցից որեւէ առաջընթաց պահանջելն անհեթեթություն է: Դա հերթական անգամ պարզ դարձավ Իլհամ Ալիեւի` Ռոստովից վերադառնալուց եւ մտավորականության ներկայացուցիչների ակցիայից հետո Բաքվում նրա ելույթից:

«Հայաստանի կողմից բռնազավթված հողերի ինքնակամ ազատումը Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհն է,- հայտարարել է Ալիեւը` ավելացնելով,- «Հայաստանը պետք է ինքնակամ դուրս բերի զորքերն իրեն չպատկանող հողերից: Միայն այդ ժամանակ պատերազմ չի լինի»: Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի բռնազավթման հետ եւ դրանք կազատի ամեն գնով, ծայրահեղ դեպքում՝ նույնիսկ ռազմական ճանապարհով` չնայած դրա հնարավոր բացասական հետեւանքներին: «Ոչ ոք կորուստներ չի ուզում, սակայն մենք ուժեր ենք հավաքում եւ ցանկացած պահի պատրաստ ենք ցանկացած օպերացիա անցկացնելու: Ադրբեջանը երբեք չի համաձայնի ներկայիս դրությունը պահպանել»,- ընդգծել է նախագահը:

Ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Ժիլինը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանի առաջնորդը նման բան առաջին անգամ չէ, որ ասում է, եւ սովորաբար ռազմատենչ ելույթը հնչում է հայ-ադրբեջանական շփումներից անմիջապես հետո: «Ցանկացած մակարդակով արված այդ հայտարարությունները գործնականում ոչ մի տեղաշարժ չեն բերում հակամարտության կարգավորման հարցում: Դրանով այդ ելույթները՝ մասնավորապես, եւ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակն՝ ընդհանրապես, բացասաբար են անդրադառնում նախագահի վարկանիշի վրա: Ու թեեւ Ալիեւը իրական մրցակիցներ չունի, նա ստիպված է նման սպառնալից հայտարարություններ անել, հակառակ դեպքում Ադրբեջանում կդադարեն նրան «հասկանալ»: Ընդ որում` թերեւս արդարացի կլիներ խոսել ոչ միայն նման հայտարարությունների անհրաժեշտության, այլ նաեւ իրադարձությունների նման ընթացքի հնարավորության մասին»,- ասաց նա։ Քաղաքագետի խոսքերով` սպառազինությունների մրցավազքը կարելի է դիտարկել որպես վախեցնող գործոն, սակայն այն մեծաքանակ զենքը, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքին, հենց այնպես չէ ձեռք բերվել: Այլ բան է, որ երկու պետություններն էլ ի վիճակի չեն երկարատեւ ռազմական գործողություններ իրականացնել, իսկ Ղարաբաղի հարցը մի քանի օրում անհնարին է լուծել: Այնպես որ, վատագույն դեպքում՝ կարող են կարճատեւ ռազմական գործողություններ տեղի ունենալ, որոնք չեն կարող լրջորեն փոխել ներկայիս իրավիճակը: