Կառավարության նոր ծրագրով եկող տարվանից Հայաստանում վերացվելու է պարզեցված հարկի ինստիտուտը: 2008 թվականից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հարկվեն սովորական հարկային ռեժիմով: Նշենք. որպես հարկատեսակ պարզեցված հարկը ներդրվեց մի քանի տարի առաջ` մանր եւ միջին բիզնեսի համար, եւ այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը չէր գերազանցում 50մլն դրամը, կարող էին աշխատել պարզեցված հարկով:
Այն ժամանակ կառավարությունը պնդում էր, որ պարզեցված հարկը հենց փոքր եւ միջին բիզնեսի համար է, որտեղ տնտեսվարողը չի խճճվում հարկային լաբիրինթոսում եւ մի պարզ թվաբանությամբ կարող է ինքն էլ հաշվարկել պետական բյուջեի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները: Սական այս օրենքը սկզբում այնքան էլ հարկատուների սրտով չէր, քանի որ պարտադրում էին գնել մի սարք, որը կոչվում էր` ՀԴՄ (հաշվիչ-դրամարկղային մեքենա), որն էլ պետք է ֆիքսեր տնտեսվարողի շրջանառությունը: ՀԴՄ-ների վաճառքով էլ պատահական մարդիկ չէին զբաղվում, եւ սա հատկապես այդ ժամանակ բավականին շահավետ բիզնես էր համարվում: Հետաքրքիրն այն է, որ օրենքի ջատագովները պնդում էին, թե տարբերություն չկա, թե որ հարկատեսակով են աշխատում տնտեսվարողները, երկու դեպքում էլ հարկվող գումարի չափը նույնն է լինում: Այլ բան է, որ պարզեցված հարկի դեպքում բավականին հեշտացվում ու պարզեցվում է վարվող թղթաբանությունը: Իսկ ահա «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանի մեկնաբանությամբ` պարզեցված հարկով հարկվելու դեպքում գումարն ավելին է կազմում, քան սովորական հարկային ռեժիմով հարկվելու պարագայում: Այս դեպքում տնտեսվարողը կարող է իր ծախսերի նվազեցման հաշվին շատ ավելի քիչ վճարել, քան պարզեցված հարկի դեպքում էր: Ըստ ՓՄՁԶԱԿ-ի հետազոտությունների՝ 2006 թվականին փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից պետբյուջե է վճարվել 104.7 մլրդ դրամ, որը կազմել է պետբյուջեի մուտքերի 27.7 տոկոսը: 2005-ի համեմատ, 2006-ին փոքր եւ միջին բիզնեսից հարկային մուտքերն ավելացել են 15 մլրդ դրամով: Եվ ընդհանրապես ՓՄՁ-ների կողմից բոլոր հարկատեսակների մասով նախորդ տարի աճ է արձանագրվել: Ահա այս ֆոնին անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունը դժգոհում ՓՄՁ-ների՝ հարկերի հավաքագրումների արդյունքներից: Նշենք նաեւ, որ ի տարբերություն խոշոր կամ օլիգարխիկ բիզնեսի, այս ոլորտում բացարձակ արտոնություններ չկան, ուստի ներկայացված թվաբանությունն այս տարվա համար ավելանալու այնքան էլ տեղ չունի: Այլ բան է, որ Կառավարությունը հաշվարկել է, որ ՓՄՁ-ները հին հարկման ձեւին վերադառնալու պարագայում՝ դժվար թե կարողանան իրենց բոլոր ծախսերի տակ «թուղթ դնել», եւ դրա արդյունքում կավելանա հարկվող եկամտահարկի եւ շահութահարկի ծավալը: Իսկ առանց «թղթի» ապրանքների շրջանառության առկայությունն էլ պետք է փնտրել Մաքսային պետական կոմիտեի գործառույթներում եւ այստեղ էլ մեծաքանակ մաքսանենգ ապրանք ներմուծել կարող են միայն արտոնյալ պայմաններ ունեցողները: Եվ այս ստեղծված ճեղքվածքը կառավարությունը փորձում է լրացնել փոքր եւ միջին բիզնեսի հաշվին: Նշենք, որ հարկային օրենքների փոփոխություններից անտեղյակ տնտեսվարողները կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից եւ ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ օրենքների մասին անվճար խորհրդատվություն ստանալ: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ջատագով այս կենտրոնն օրինսդրական փոփոխության հետ կապված եկող տարվա համար արդեն որոշել է իր անելիքները:
«Մեր կառույցն օրենքների վերաբերյալ ձեռնարկատերերի դժգոհությունները կամ առաջարկություններն ընդամենը հավաքագրում է եւ ներկայացնում պետական մարմիններին: «Պարզեցված հարկի մասին» օրենքում այս փոփոխության մասով մեր կառույցը մարզերում ընդամենը խորհրդատվություններ է տրամադրելու` հարկային օրենքների կամ հաշվապահական հաշվառման վերաբերյալ: Պարզեցված հարկով հարկվողները սովորական հարկային դաշտ վերադառնալու համար լուրջ խորհրդատվության կարիք կունենան: Մարզերում, սովորաբար, մարդկանց մտածելակերպն ուրիշ է, նրանք որպես կանոն՝ չեն հավատում օրենքներում փոփոխություններին եւ հարցնում են` ինչո՞ւ, եթե անցյալ տարի այսպես են աշխատել, ապա այս տարի էլ նույն կերպ չեն կարող շարունակել: Մենք պետական աջակցությամբ խորհրդատվական ծրագիր իրականացնողներն ենք, սակայն այս պարագայում միջազգային կազմակերպություններին առաջարկել ենք իրենց գործունեության ընթացքում որոշակի աշխատանքներ կատարել նաեւ մեր բնագավառում»,- մեկնաբանում է Ի. Կարապետյանը: Սա նշանակում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է գումար վճարեն այն կազմակերպություններին, որոնք սովորաբար աշխատում են ՓՄՁԶԱԿ-ի հետ, եւ սրանք էլ անվճար խորհրդատվություն են տրամադրելու բանից անտեղյակ ձեռնարկատերերին:
Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է
ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհում էր կապված ՓՄՁԶԱԿ-ի գործունեության հետ: Վերջինիս կարծիքով` գումարները փոշիացնում են չգիտես ինչի վրա, անունը դնելով՝ խորհուրդ: Իսկ վարկային երաշխավորության ծրագիր ասվածն էլ խիստ հարաբերական է, չգիտես՝ ո՞ւմ, ինչի՞ համար են վարկ տալիս: ՀՀԿ-ական այս պատգամավորը, ով ներկայումս էլ շարունակում է իր օրենսդիր գործունեությունը, այդ պահին ինչ-ինչ պատճառներով ուղղակի դժգոհ էր Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանից եւ փորձում էր անձնական շահը տեղափոխել այլ հարթություն: Որպես նախարար՝ Ճշմարիտյանը նաեւ ՓՄՁԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել: Թերեւս քչերը հավատան, Հայաստանում վերջին 7 տարիներին փոքր եւ միջին բիզնեսում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 2 մլրդ դոլար եւ այն էլ՝ այս միջոցները հիմնականում հատկացվել են մարզային ձեռնարկություններին: Միայն նախորդ տարի գրանցվել է մոտ 10 հազար նոր ձեռնարկություն, որի արդյունքում ստեղծվել է մոտ 14 հազար նոր աշխատատեղ: Մարզերում բիզնես կյանքի առկայությունը ճիշտ եւ ճիշտ համահունչ է երկրի երկնիշ տնտեսական աճի առեղծվածին. ոմանք տեսնում են այդ աճը, ոմանք էլ չեն տեսնում: Ոմանք պնդում են, որ մարզերում կյանքն օրեցօր տանելի է դառնում, իսկ ոմանք էլ համոզված են, որ մարզերը «մեռած» բնակավայրեր են: Ահա այս իրավիճակում, երբ գոնե պաշտոնապես ընդունում են, որ երկրի տնտեսական աճը մարզերին չի հասել, պետական միջոցներից սնվող մի կառույց էլ իր առանձին հաշվարկներն ունի: «Ընդհանրապես լրագրողները մեզ մոտ միայն վատ բաներ են փնտրում: Բայց մենք բարի կառույց ենք, ստուգելը մեր գործը չէ, մենք միայն խորհուրդներ ենք տալիս»,- անկեղծանում է Կարապետյանը:
2002թվականին ստեղծված ՓՄՁԶԱԿ-ի գարծառույթներն են` ֆինանսավորել, ուսուցանել, տրամադրել տեղեկատվություն եւ խորհրդատվություն ՓՄՁ-ներին: Այս աշխատանքները կատարվում են պետական բյուջեի եւ վարկային միջոցների հաշվին: Մեր «Հիմնականում ո՞ր ծրագրերն եք ֆինանսավորում» հարցին ի պատասխան՝ Իշխան Կարապետյանն անընդհատ կրկնում էր. «Դուք լավ չեք պատկերացնում մեր գործունեությունը, մենք չենք վարկավորում, մենք ընդամենը տալիս ենք վարկային երաշխավորություն եւ դեռեւս չենք ունեցել նախադեպ, երբ ձեռնարկատերը չի կարողացել վճարել վարկային պարտավորությունները: Հիմնականում վարկավորվել են արտադրական ծրագրերը: Դրանք արտոնյալ վարկեր են մինչեւ 12 տոկոս տոկոսադրույքով: Մինչդեռ բանկերը բիզնես վարկերը տալիս են մինչեւ 24 տոկոսով»,- ասում է մեր զրուցակիցը: Կարապետյանից պարզեցինք, որ մեր երկրում բիզնես սկսելու համար միջազգային ֆինանսական կազմակերպությունները վարկերի տոկոսների սահմանման մասով պարտավորություններ չեն դնում: Տեղում է որոշվում, թե տվյալ վարկերը քանի տոկոսով տրամադրեն իրենց քաղաքացիներին: Այսպես`Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում կահույքի, էլեկտրատեխնիկայի եւ դեղորայքի առեւտրով զբաղվելու նախաձեռնություն վերցրած քաղաքացին «Անելիք» բանկից ստացել է 3մլն 600հազար դրամ, 3 տարի մարման ժամկետով եւ տարեկան 15 տոկոսով: Իսկ ահա «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն էլ Բերդում լուսանկարչական ժապավենների երեւակման եւ տպագրման ծառայություն կազմակերպելու համար անհատ ձեռներեցին տրամադրել է 2մլն 700հազար դրամ, 2 տարի մարման ժամկետով եւ տարեկան մինչեւ 18 տոկոսով վարկ: Այսինքն` Կարապետյանի նշած 12 տոկոս տոկոսադրույքով վարկերի տոկոսները այնքան էլ «մինչեւ 12 տոկոս չեն»: Եվ սա՝ այն դեպքում, երբ բանկն իր միջոցներից չէ, որ վարկ է տրամադրում, եւ երկրորդ, եթե ձեռնարկությունը չկատարի իր պարտավորությունները, ապա գումարի կեսից ավելին փոխհատուցելու է պետական բյուջեն: Այս տարվա 6 ամսվա տվյալներով՝ 54 ՓՄՁ-ի տրամադրվել են մոտ 399.8 մլն դրամի վարկային միջոցներ, որից վարկային երաշխավորության ծրագրերով` մոտ 218 մլն դրամ, իսկ սուբյեկտների վարկային պարտավորությունների ընդհանուր չափը կազմել է 500 մլն դրամ: Սա վատ տարբերակ չէ, երբ պետությունն իր քաղաքացիներից վարկի տոկոսների հաշվին երկու տարում կարողանում է մոտ 100 մլն դրամ աշխատել: