«Երբ սովամահ ես լինում՝ ձեռքդ գցում ես փրփուրներին»,- ասում է հաշմանդամ ծերունին

04/07/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փայտացած մարմինը հենակների օգնությամբ մի կերպ քարշ տալով՝ մի ծերունի եկել է խմբագրություն ու խմելու ջուր է խնդրում: Ասում է, որ չգիտի՝ ուր է եկել, բայց գնում է բոլոր հնարավոր ու անհնարին տեղերը, որպեսզի ինչ-որ մեկը ձեռք մեկնի իրեն: Նրա մի ոտքը պրոթեզավորված է, իսկ ձեռքի մատներն` անշարժ: Հրավիրեցինք ներս` լսելու, թե ինչո՞ւ է անիծում էս աշխարհին:

Ծերունին 68 տարեկան Իսպիր Ղազարյանն է, ով այս կյանքից շատ բան չի ուզում, ընդամենն ուզում է ապրել: «Մենակ մարդ եմ, ոչինչ չունեմ: Սովից մեռնում եմ, հասկանո՞ւմ ես: 20.000 դրամ թոշակով եմ ապրում»,- կցկտուր բառերով ասում է նա: Իսպիր պապը երկար տարիներ աշխատել է «Մաքուր երկաթ» գործարանում՝ որպես բեռնակիր: 2005-ին դժբախտ պատահարի հետեւանքով՝ այլեւս ի զորու չի եղել աշխատել: «Աշխատանքի ժամանակ մենակ եմ աշխատել: Շատ մեծ ցեխ էր, ու ես մենակ իմ գործն էի անում: Սիլիցիումը հումքի տեսակ է, որը խառնում են մոլիբդենի հետ: Սամասվալը բերում-դատարկում էր, ես էլ մաղում, մաքրում ու տանում էի: Մի 10 կիլոյի չափ սիլիցիումը բարձրացրի, որ տեղափոխեմ, կոտրվեց, ընկավ ոտքիս: Մի թեթեւ ոտքս կապտել էր, բայց ես շարունակել եմ աշխատել, որովհետեւ շատ չի ցավացել»,- իր հետ կատարվածի մասին պատմում է Իսպիր պապը` վստահեցնելով, որ լուրջ չի վերաբերվել ոտքի կապտուկին եւ նույն կերպ շարունակել է աշխատել: Ասում է, որ այդ տարիքում երբեւէ չի հիվանդացել եւ շատ առողջ է եղել, անգամ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել: «Փառք Աստծո, առանց փորձանքի, առանց մի քերծվածքի կռվից հետ եմ եկել ու շատ առողջ եմ եղել: Մտածեցի՝ ոտքիս ցավն ինքն իրեն կանցնի, բայց էդ սրիկան քանի գնաց` ուռեց: Փետրվարի վերջին շաբաթն արդեն ոտքս ծանրացավ, շատ ուռեց, օր օրի վատացա: Հետիս աշխատողները խորհուրդ էին տալիս հետեւել, գնացի սնղչու մոտ, բայց տեսա, որ չի օգնում, ոտքիս վիճակը վատանում է»,- պատմում է ծերունին` ասելով, որ ստիպված գնացել է հիվանդանոց: Ասում է, որ հիվանդանոց մտնելուն պես առաջին հարցը եղել է հետեւյալը` «Տեր ունե՞ս»: «Ասեցի` տեր չունեմ, բայց ձեր հախը կտամ, մի անհանգստացեք: Տեսան, որ ոտքս ահավոր ուռել, թարախակալել է, անմիջապես տարան վիրահատարան»,- ասում է նա: Այնուհետեւ բժիշկն Իսպիր պապին ասել է, որ պետք է ոտքի միջնամատը կտրեն: Ոտքի մատը կտրելուց եւ մշակելուց 3 օր անց բժիշկը ծերունուն հայտնել է, որ անալիզների պատասխանի համաձայն` նրա մոտ հայտնաբերվել է դիաբետ հիվանդությունը: «Հետո բժիշկն ասեց, թե` պիտի ոտքդ կտրենք: Ասեց` շաքար ունես, կարող է գանգրենա տա, բայց ախր ես ոչ մի բողոք չունեմ: Ես ինձ վատ չեմ զգում, ուղղակի թոշակս քիչ է, կիսասոված ապրում եմ: Եթե ուտելիք լինի` լավ էլ կուտեմ, լավ էլ կխմեմ»: 2005-ի մարտի 15-ին Իսպիր պապի ոտքը հեռացրել են: Ծերունին այլեւս ֆիզիկապես ծանր վիճակում է, իսկ նման հաշմանդամություն ունեցող մարդիկ մշտապես խնամակալի կարիք են զգում: «Ես մենակ մարդ եմ, հասկանո՞ւմ ես, թոշակով չեմ կարում ապրեմ, սովամահ եմ լինում: Աշխատանքի վայրից բյուլետենը նորմալ տվեցին: Օգոստոսին արդեն հրաման էին տվել, որ գնամ թոշակի, ու տենց աշխատանքից ազատեցին, դե՛ արդեն չէի էլ կարա մի ոտքով աշխատել: Հիմա ասում եմ` կամ թոշակ նշանակեք, կամ էլ ակտը տան, որ թոշակ նշանակեն: 2 տարի անցել է, ընկել եմ դռնեդուռ, բայց բոլորն ուղարկում են մեկ սրա մոտ, մեկ նրա մոտ: Ինչքա՞ն կարամ մի ոտքով ինձ քարշ տամ»,- հուսահատված ասում է Իսպիր պապը: Դիմել է «Մաքուր երկաթ» գործարանի ղեկավարությանը` խնդրելով ակտ կազմել, որ դեպքը գործարանում, աշխատանքի ընթացքում է եղել, որպեսզի «աշխատանքային վայրում խեղում ստանալու» համար թոշակ նշանակեն: «Գործարանից ասում են, թե՝ կարող ա դեպքը դրսում է եղել, մենք ի՞նչ իմանանք, որ աշխատանքի մեջ է եղել: Ասում եմ` ես շարունակել եմ աշխատել, որովհետեւ չեմ իմացել, որ ոտքս հեռացման ենթակա է, ինձ շատ նեղություն չի տվել: Եթե իմանայի գլխիս գալիքը, որ ոտքս պիտի հեռացնեն, ինձ ակտ է պետք` աշխատողներին կասեի, որ հետս դեպք է պատահել: Դեպքի ժամանակ հո չէի՞ գոռալու, ճչալու, թե ոտքիս բան է ընկել»,- զայրացած պատմում է Իսպիր պապը` վստահեցնելով, որ դեպքից որոշ ժամանակ անց ցավից կաղալով է քայլել, սակայն որեւէ մեկը չի հարցրել, թե ինչ է պատահել: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, չեմ իմացել, թե օրենքով ինչ պիտի անեի, ես գործարանին չեմ մեղադրում, որովհետեւ, եթե տեղյակ պահեի` կգրեին, բայց շատ ուշ ասեցի»:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի «Դժբախտ դեպքերի մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննություն» հոդված 261-ը սահմանում է. «Կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները եւ դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի հաշվառման եւ ծառայողական քննության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերին, պարտավոր է ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին կամ դատական կարգով»: Մենք զանգահարեցինք «Մաքուր երկաթ» գործարան, եւ, քանի որ տնօրենը բացակայում էր, մեզ պատասխանեց գործարանի տնտեսագետն՝ ասելով. «Մենք արել ենք այն, ինչն օրենքն է պահանջում: «Մաքուր երկաթ» գործարանը տրամադրել է այն, ինչը պահանջում է ՀՀ օրենքը»: Իսպիր պապն իր վիճակն այսպես է նկարագրում. «Խեղդվողը միշտ էլ ձեռքը փրփուրներին է գցում»: Նա ցանկանում է գործարանի կողմից ցմահ հաշմանդամության թոշակ ստանալ, սակայն օրենքը միանշանակ գործարանի կողմն է, քանի որ դեպքը գործարանում տեղի ունենալու մասին փաստեր չկան: «Ախր օրենքները չգիտեի, ի՞նչ իմանայի, որ պետք է գործարանի ղեկավարությանը տեղյակ պահեի: Իրանք ասում են՝ իբր դեպքը դրսում ա եղել: Եթե օրենքները չգիտեմ, ուրեմն սոված պիտի մեռնե՞մ: Եթե գլխիս գալիքն իմանայի…»: Իսպիր պապն այս հարցով դիմել է Էրեբունի համայնքի առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, սակայն այն չի բավարարվել:

Այս պատմությունը վկայում է, որ մեր քաղաքացիներն անտեղյակ են օրենքից, սակայն փաստը մնում է փաստ, որ ծերունին սոցիալապես եւ ֆիզիկապես սարսափելի պայմաններում է ապրում: Նա ասում է, որ իրեն օգնելու համար քանիցս նամակով դիմել է Ռոբերտ Քոչարյանին. «Արդեն գիտեմ, թե երբ որտեղ է լինում, գնում, ժամերով սպասում եմ, որ նամակը մի կերպ իրեն տամ: Գիտեի, որ Եռաբլուր պիտի գա, մի քանի ժամ էս ոտքով սպասել եմ, նամակը տվեցի թիկնապահին, որ փոխանցի: Զատիկի օրն էլ Էջմիածնում եմ սպասել ու տվել իր թիկնապահին, բայց ոչ մի պատասխան»,- ասում է ծերունին` անընդհատ կրկնելով, որ սովամահ է լինում:

Հ.Գ. Ի դեպ, թեեւ Իսպիր Ղազարյանն այդ մասին մեզ ոչինչ չասաց, այդուհանդերձ Աշխատանքի եւ սոցիալական նախարարության «Բժշկափորձաքննական գործակալությունից» մեզ հաջողվեց ճշտել, որ նա շաքարային դիաբետ հիվանդության համար ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ: