Երկու թշնամի, երկու մարդ

04/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Օրերս Երեւանում տեղի ունեցավ «Թշնամիները» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Դավիթ Մաթեւոսյանն է, որ իր ֆիլմի դրամատուրգիական հիմք է դարձրել ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի համանուն փոքր պատմվածքը։ Նա դա արել է իր հոր՝ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի խորհրդով, ով ժամանակին ասել էր, թե Գարշինի այդ պատմվածքը կարող է շատ դիպուկ ու սուր ֆիլմ դառնալ, իսկ նկարահանումներն էլ` մեծ ծախսեր չեն պահանջի։

Ե՛վ պատմվածքի, եւ՛ ֆիլմի սյուժեն շատ պարզ են. երկու զինվոր, երկու մարդ, որոնք հակառակ բանակներում են կռվում, վիրավորվում են եւ մահվան դռան առջեւ կանգնած՝ հասկանում են, որ իրականում ոչ թե տրիվիալ թշնամիներ են, այլ՝ նույն ճակատագրի տեր մարդիկ, որոնք այս աշխարհում ոչ մեկին պետք չեն եւ կարող են իրենց մարդ համարել՝ միայն մոռանալով պատերազմի մասին եւ հիշելով սեփական մարդկային էությունը։ Գարշինը շատ նուրբ, էմոցիոնալ եւ հիվանդագին ազնիվ հեղինակ է, նրան հաճախ կոչում էին «ռուսական Համլետ», քանի որ անընդհատ ուզում էր գտնել ամենաանհարմար ու ցավոտ հարցերի պատասխանները։

Գարշինի հերոսները հաճախ ժամանակից ու կոնկրետ տարածությունից վեր են, նրանք մտահոգվում են չարի ու բարու պայքարով եւ ամեն կերպ փորձում են վերացնել անարդարությունը։ Պատմվածքներից մեկում, օրինակ, հերոսները քաղում են չարը մարմնավորող այլաբանական «կարմիր ծաղիկը»։ Գարշինի համար անարդարության ամենավառ դրսեւորումներից մեկը պատերազմն է։ Ռուս-թուրքական պատերազմի մասնակիցը լինելով, նա տեսել է մարդկային այն սպանդը, որը ճակատագրեր է կոտրում։ Նա նկատել է, որ պատերազմները ծագում են ոչ թե թշնամու հանդեպ ունեցած ատելությունից կամ սեփական ճշմարտության գիտակցումից, այլ՝ անգիտակից կործանիչ ներքին ուժից։ Եվ պատերազմում երբեք հաղթողներ չեն լինում, քանի որ բոլորը պարտվողներ են։ Պատերազմի միակ հակակշիռը մարդկային ամբողջականությունն է, որը մարդուն թույլ չի տալիս մասնատվել ու գազանի վերածվել։

Այս մտքերը պատկանում են Գարշինին, իսկ Դավիթ Մաթեւոսյանը դրանք շատ պարզ ու գրեթե գործողությունից զուրկ ֆիլմ է դարձրել։ «20-րդ դարում, ինչ-որ մի տեղ» տիտրը, որը հայտնվում է ֆիլմի սկզբում, հուշում է, որ հեղինակն ուզում է ընդհանրացնել խնդիրը։ «Թշնամիները հայն ու ադրբեջանցին են, բայց նույն հաջողությամբ կարող էին վրացին ու աբխազը լինել»,- ասում է նա։ Ֆիլմի միայն մի դրվագն է մատնանշում, որ խոսքը Ղարաբաղի պատերազմի մասին է, լսվում են հայերեն եւ ադրբեջաներեն խոսող զինվորականների խոսակցությունները, լեռներով շղթայված գյուղերում հնչում են կրակոցներն, ու պայթում են ականները։ Իսկ հետո լռություն է… Երկու վիրավոր թշնամիները թողնված են միմյանց հույսին։ Հայը (Էդգար Մինասյան) եւ ադրբեջանցին (Աշոտ Ադամյան) նույն անշարժ վիճակում են ու դատապարտված են միասին մահանալ։ Կարելի է մահանալ՝ հայհոյանքը շուրթերին ու զենքը ձեռքին, կամ էլ՝ փորձել իրար պետք լինել։ Նման սյուժեները շատ հետաքրքիր հոգեբանական դիտարկումների առիթներ են տալիս, հերիք է հիշատակել հայտնի ամերիկյան «Մեկ շղթայով շղթայվածները» ֆիլմը, որտեղ հերոսները սկզբում ատում են իրար, իսկ վերջում ընկերանում են, քանի որ հասկանում են, որ մեկի փրկությունը կախված է մյուսի փրկությունից։ Իսկ փրկությունը բոլոր ժամանակներում ու իրավիճակներում էլ մարդ մնալուց է կախված։ Գարշինի ու Մաթեւոսյանի «Թշնամիներում» նույնպես հաղթում է Մարդը, որը դանդաղորեն գլուխ է բարձրացնում մահամերձ հերոսների ներսում։ Թշնամուն օգնելու առաջին փորձն անում է ադրբեջանցին: Նա տարիքով ավելի մեծ ու հասուն է, նա պատրաստ է հայ երիտասարդին մի քանի կում օղի առաջարկել եւ, հասկանալով, որ մահանում է՝ թշնամուն ծածկել սեփական վերարկուով։ «Քեզ թշնամիդ է ծածկել ու փրկել։ Այդպես էլ է պատահում»,- ասում են հայ սանիտարները, որոնք ֆիլմի վերջում անգիտակից վիճակում գտնվող հայ զինվորին դնում են մեքենան ու տանում։ Գարշինի սյուժեն շատ հեշտ կարող է օգտագործվել ցանկացած իրավիճակում, քանի որ այն հեքիաթային ու լուսավոր ավարտ ունի։ Պատահական չէ, որ հեղինակն իր պատմվածքներից շատերը «հեքիաթներ մեծերի համար» է անվանել։ Իսկ հայկական ֆիլմում այդ հեքիաթը տեղ է հասնում առաջին հերթին Աշոտ Ադամյանի շատ նուրբ խաղի շնորհիվ։ Նա պատերազմ դարձած կյանքից հոգնած, իմաստուն մարդու կերպար է ստեղծել, չի խտացրել գույները ու չի մեղմել ներքին կոնֆլիկտը։ Նրա հերոսի մեջ ագրեսիան փոխակերպվել է ու բնական, ինքնաբուխ բարություն է դարձել։ Ի՞նչ կարող են մարդիկ տալ միմյանց։ Միայն մի քանի կաթիլ ջերմություն։ Դա միաժամանակ ամենաչնչին եւ ամենաթանկ բանն է։

Դ.Մաթեւոսյանը սկզբում շատ էր ցանկանում, որպեսզի ադրբեջանցու դերը հենց ադրբեջանցի կատարի, նույնիսկ դիմել էր մի քանի դերասանների, բայց ադրբեջանցիները հրաժարվել էին հայկական ֆիլմում մասնակցել՝ վախենալով ռիսկի դիմել, քանի որ չգիտեին, թե ինչպես կընդունվի այդ քայլն իրենց հայրենիքում։ «Թշնամիներ» ֆիլմը փոքր-ինչ սխեմատիկ է իր կառուցվածքով (ֆիլմում կան նաեւ հայ հերոսի հուշ-երգերի դրվագներ՝ փոքր աղջկա կատարմամբ, որոնք պետք է խորհրդանշեն հայրենի հողի գաղափարը), սակայն շատ հստակ ուղերձ ունի։ Դժվար է ասել, թե ինչպես այն կընդունվի Հայաստանում, քանի որ պատերազմի հետքերը շատերի սրտում դեռեւս թարմ ու ցավոտ են, եւ շատերը պատրաստ չեն վերացարկվել իրական դեպքերից։ Ֆիլմը կարող է հաջողություն ունենալ միջազգային կինոփառատոներում։ «Թշնամիները» Դավիթ Մաթեւոսյանի առաջին լուրջ ֆիլմն է, որը հեղինակից մի քանի տարվա աշխատանք է պահանջել եւ շատ զուսպ բյուջե է ունեցել. անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրել է կինոարտադրությունը խրախուսող «Ֆոկալ» շվեյցարական կազմակերպությունը։ «Ես ուզում էի ասել, որ ցանկացած հանգամանքներում մարդը պետք է մարդ մնա»,- ասում է Դավիթը։ Եվ նա իր ֆիլմում այդ միտքը շատ կոնկրետ ուրվագծել է։