Կլասիկ դպրոցներ` ավանգարդ շեղումներով
Գուցե անցել են այն ժամանակները, երբ դպրոցի տնօրենը մի նախարարի կշիռ ու հարգանք ուներ: Բայց կար ժամանակ, երբ դպրոցն անվանում էին ոչ թե իր իսկական, այլ տնօրենի անունով: Դպրոցի թիվն անգամ նույնացվում էր տնօրենի հետ: Օրինակ, Վարուժանի անվան դպրոցին ասում էին՝ Ամիրյանի դպրոց: Յավուրովի անվան դպրոցին՝ Իսպիրյանի դպրոց: Հիմա դպրոցը փոխվել է, «նորացվել»: Փոխվել են նաեւ տնօրենները, որոնց նշանակման կարգը եւս նորացվել է: Այժմ տնօրենները ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում: Երբ տնօրենի թափուր տեղ է առաջանում, մրցույթ է հայտարարվում: Մասնակիցներին փաստաթղթեր ներկայացնելու համար տրվում է մեկ ամիս ժամկետ: Թեկնածուները պետք է ունենան մանկավարժական կրթություն, երեք տարվա մանկավարժական ստաժ, հանդես եկած լինեն վարչական աշխատանքներով ու հոդվածներով, ճանաչված լինեն որպես մանկավարժ: Այնպես որ, միայն չինովնիկի տիկին լինելը բավական չէ: Տնօրեններն ընտրվում են Մանկավարժական խորհրդի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհուրդը կազմված է 5-9 հոգուց, այդ թվում` դպրոցի երկու մանկավարժները, ծնողական համայնքից ընտրված երկու ծնող եւ 1-3 աշակերտ՝ կախված դպրոցի աշակերտների թվից: Ընտրվելուն պես տնօրենի ուսերին են դնում դպրոցի ամբողջ տնտեսությունը եւ ուղարկում «հեռավոր նավարկության»: «Մարդ եթե գործից չի հասկանում՝ չի կարող աշխատել, շատ շուտ կվարկաբեկվի,- ասում է Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը։ -Այդքան էլ հեշտ չէ աշխատել կոլեկտիվի, աշակերտների, ծնողների հետ եւ զուգահեռաբար զբաղվել ֆինանսական հարցերով, դպրոցի ընդհանուր խնդիրներով: Լարված ու հոգնեցնող աշխատանք է»: Դպրոցի բյուջեն հաստատվում է աշակերտների թվով: Մոտավորապես տարեկան 28.000 դրամ` մեկ աշակերտին: Առաջնահերթ են շենքի վերանորոգման, տանիքի, ջեռուցման խնդիրները, նաեւ` գույքի հարցը, քանի որ ավելի քան տասը տարի դպրոցները ոչինչ չեն ստացել: Դպրոցի բյուջեն երբեք չի բավականացնում այս խնդիրները լուծելու համար:
Տնօրենի ստրատեգիական քայլերից է ճիշտ ուսուցչական կազմ հավաքելը: Մ. Պապոյանի խոսքերով, այսօր շատ ցանկացողներ կան, քանի որ աշխատավարձերը բարձրացվեցին մինչեւ դրույքը 42.000 դրամ: Ֆիզիկական կուլտուրայի, աշխարհագրության, պատմության լավ մասնագետների կարիք դպրոցներում մշտապես կա:
Տնօրենների մասին շրջանառվող լեգենդներ
«Մի թերթում մի անգամ հոդված կարդացի իմ մասին ու շատ զարմացա: Գրել էին, թե Հ. Գալստյանի անվան դպրոցի տնօրենը տուն է կառուցում դպրոցի բակում: Բայց դպրոցը բակ չունի: Սկսեցի հետաքրքրվել, թե տեսնես որտե՞ղ եմ տուն սարքում: Պարզվեց՝ դիմացի մայթի վրա: Վատ միտք չէր, պատկերացրեք, բայց ես դեռ իմ տունը վերանորոգեմ, հետո կերեւա»,- կատակեց Մանվել Պապոյանը: Այնուամենայնիվ, տնօրենը չժխտեց, որ կոռուպցիայի երեւույթը խորթ չէ դպրոցին:
«Ցավոք, երբեմն լինում են այնպիսի փաստեր, որ լեզուդ կարճանում է»: Իսկ կա՞ արդյոք դպրոցի տնօրենների համերաշխություն հասկացողություն։ Ըստ պրն Պապոյանի` «համայնքային տարբերակով` կա: Դա բնական է՝ շատ ենք շփվում իրար հետ, մտերմանում ենք: Նաեւ պայքարը միշտ կա. մեր համայնքից օլիմպիադաներին այսքան աշակերտ մասնակցեց, մեր համայնքում այսինչ միջոցառումն է կազմակերպվում: Բայց չէի ասի, թե ընդհանուր, համատարած երեւույթ է»:
Տասներորդցիների կարգազանցությունները
«Այսօր աշակերտն այնքան համարձակ է, որ ճակատիդ կարող է ասել քո բացը, ինչն ինձ համար ողջունելի է: Այսօր երեխան բավական ազատ է: Բայց ազատությունը ուսուցչի դիմաց դեմագոգություն անելը չէ: Իմ մտավախությունն այն է, որ այդ համարձակությունը չբերի լպիրշության,- ասում է դպրոցի տնօրենը: -Օրինակ, դպրոցներ կան, արգելում են բջջային հեռախոսները: Ես ասում եմ՝ թող ունենա, ի՞նչ է պատահել, բայց երեխան պիտի հասկանա, որ դասի ժամանակ հեռախոսը պետք է անջատի: Տարրական էթիկայի պահ կա»: Դպրոցի համար մի այլ պատուհաս են չհաճախող աշակերտները: Որոշ դպրոցներում ներքին կարգով լուծվում է ավարտական դասարանի աշակերտների բացակայությունների հարցը: Բայց կան տնօրեններ, ովքեր ավելի սուր են դնում բացակայությունների հարցը, որի հետեւանքով լավ աշակերտները կարող են պարզապես փոխել դպրոցը՝ ավելի հարմար պայմաններ որոնելով: «Ես մեր դպրոցում շատ կտրուկ եմ դրել հարցը: Այն երեխաները, ովքեր պետք է մասնավոր պարապեն, թող դա անեն դասերից հետո, ոչ թե դասի հաշվին: Վերջիվերջո, ատեստատը դպրոցից պետք է ստանա երեխան, ի՞նչ է նշանակում՝ ուսուցիչը մտնի դասարան, տեսնի երեխա չկա: Դպրոցը չպետք է այսպես արհամարհվի: Հետո, վերադասից գալիս են ստուգումների, ինչպե՞ս բացատրել, որ երեխա չկա դասարանում»:
Հայտնի երեւույթ կա դպրոցներում նաեւ, երբ բարձր դասարանցիները բարոյապես ու ֆինանսապես ճնշում են իրենցից փոքրերին: Մանվել Պապոյանը երեւույթը չհերքեց եւ նույնիսկ հիշեց իր պրակտիկայից նման դեպք: «Մի երեխայից ժամացույցն էին վերցրել` հետո վերադարձնելու պատրվակով: Երբ լուրերը հասան ինձ, հավաքեցի երեխաներին, ծնողներին, նստեցինք վերլուծեցինք: Շատ խիստ զգուշացրեցի, որ իրար «պատիվ տալու», պարտքով փող վերցնելու դեպքեր չլինեն: Որոշ ծնողներ վիրավորվեցին, թեկուզ էդ գնով, բայց երեւույթը պետք է արմատախիլ անել»:
Բուժկետերի նոր դերը
Համբարձում Գալստյանի անվան դպրոցն այն սակավաթիվներից է, որտեղ «Առողջ սերունդ» ՀԿ-ն փորձում է իրականացնել պատանիների սեռական դաստիարակության ծրագիրը: Դպրոցն արդեն ստացել է հեռուստացույց, տեսամագնիտոֆոն եւ տեսաերիզները, եւ նպատակ կա` առարկան դարձնել բազային: Դասերն անցկացվում են դպրոցի բուժկետում, որտեղ աշխատում է, այսպես կոչված, բուժքույրը, որն իրականում օպտիմալացման արդյունքում կրճատված մանկաբույժ է: