Օսկանյանը չի ուզում մտածել

01/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Անդրադառնալով այս օրերին խորհրդարանում «քննարկվող» «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին, որոնց արդյունքում ՀՀ տարածքում դադարեցվելու է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում նշեց, թե «փոփոխությունները վերաբերում են հեռարձակողին, հաղորդողի հետ այն չի առնչվում, այնպես որ, սխալ է այն կարծիքը, թե այդ փոփոխություններն ուղղված են «Ազատության» դեմ»:

Գ. Սահակյանի համոզմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի շուրջ ստեղծված «աժիոտաժն ինչ-որ թեւից է գալիս», իսկ թե ո՞ր՝ չգիտի: Նա չի նկատել ռադիոկայանի կողմից որեւէ քաղաքական ուժի դեմ հատուկ ուղղվածություն, այդ պատճառով էլ նրա համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ են օրենքի փոփոխությունները որակում «Ազատության» դեմ իրականացվող հատուկ քաղաքականություն: «Եթե ցանկանային «Ազատության» հետ հաշվեհարդար լինել, օրենքից բացի շատ ուրիշ ճանապարհներ էլ կան,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորն ու հավելել,- Մեր կուսակցությունը եւ անձամբ ես մշտապես հարգել ենք մեր լրատվամիջոցներին: Իմ մասին շատ վատ բաներ են գրում, բայց ես դրան վատ չեմ վերաբերվում: Մեզ վրա մեր լրագրողները պետք է սովորեն, որ ավելի բարձր մակարդակի հասնեն»: Երեկ, մոտավորապես այն ժամին, երբ Գալուստ Սահակյանը փորձում էր համոզել, որ ԱԺ-ում «քննարկվող» օրինագծերն ուղղված չեն «Ազատության» դեմ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն «Ուրբաթ» ակումբում լրագրողներին պատմում էր, թե ինքն ինչքան է կարեւորում լրատվամիջոցների դերը, դրա համար էլ Ստամբուլում ասուլիս է կազմակերպել, որին մասնակցել են 40-ից ավելի լրագրողներ, Թուրքիայում հայտնի հաղորդաշարերին է հյուրընկալվել եւ այլն: Իսկ ինչպե՞ս է գնահատում Վ. Օսկանյանը Հայաստանում ազատ խոսքի ճնշման հերթական փորձը: «Գիտե՞ք, դա քննարկման փուլում է: Ես մոտիկից հետեւում եմ, որովհետեւ դա ինձ հետաքրքրում է՝ առաջին հերթին որպես արտաքին գործերի նախարար, որովհետեւ արտերկրի հետ շփումներում այդ հարցը բարձրանալու է, եւ հարցեր են տալու»,- ասաց նա: Նրա այս խոսքից հասկանալի դարձավ, որ թերեւս ինքն էլ չէր կասկածում, որ օրինագծերն ընդունվելու են: «Ես միայն հետեւյալը կարող եմ ասել եւ հուսալ, որ ինչպիսի օրենք էլ մենք ընդունենք, հետքայլ չի լինի խոսքի ազատության հարցում»,- իր հույսերի մասին ասաց Վ. Օսկանյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, սահմանափակվի «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը, միջազգային ի՞նչ արձագանքներ է սպասում Վ. Օսկանյանը: «Ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածել այդ մասին: Չե՛մ ուզում մտածել»,- եղավ պատասխանը: «Ինձ համար ցավ կլինի, եթե «Ազատություն» ռ/կ-ն հանկարծ եթերում չլինի,- նշեց Վ. Օսկանյանը՝ հավելելով,- Ես կարծում եմ, որ «Ազատությունը» ժողովրդավարության համար իր նպաստն է բերում»: Իսկ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կիսո՞ւմ է Վ. Օսկանյանի կարծիքը: «Կարծում եմ՝ կառավարությունում կան մարդիկ, ովքեր կիսում են իմ կարծիքը»,- պատասխանեց նախարարը: Նրա այս հայտարարություններից ընդամենը 1-2 ժամ անց ԱԺ-ն կատարեց իրեն տրված հրահանգն, ու կոճակ սեղմողներն անցան գործի եւ «բիրիքով» ընդունեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնք հայրենի իշխանությունների առաջ կանաչ լույս են վառում «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու համար: «Կողմ» են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու խոսքի ազատության աննկուն մարտիկ ՀՅԴ-ն: Բացի «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից, դեմ են քվեարկել նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Իսկ արդարադատության նախկին նախարար, ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «ձեռնպահ» է քվեարկել: «Ազատության» փոխանցմամբ՝ քվեարկությունից առաջ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Երեկ Գոդֆրին հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: «Մենք բարձրացրինք այդ հարցը եւ ասացինք, որ Միացյալ Նահանգները հպարտ է ռադիոկայանի աշխատանքով իր երկարատեւ պատմության ընթացքում, եւ եթե նման օրենքն ուղղված է «Ազատություն» ռադիոկայանի դեմ, մենք չենք հասկանա, թե ինչպե՞ս այդ օրենքը կաջակցի ժողովրդավարության նպատակներին»,- հանդիպումից հետո ասել է Է. Գոդֆրին:

Երեկ Է. Գոդֆրին ռադիոկայանի հեռարձակման դադարեցման հնարավորության կապակցությամբ իր կառավարության մտահոգությունն է հայտնել նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին` նշելով, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ազատության» հեռարձակման հնարավորությունը բարձր է գնահատվել Արեւմուտքում եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Իսկ Տ. Թորոսյանը նշել է, թե օրինագիծը ոչ մի առնչություն չունի «Ազատության» հեռարձակման հետ, եւ, որ որեւէ հիմք չկա մտածելու, թե նման կապ կա, կամ «Ազատությունը» ԱԺ ընտրություններում բացասական ազդեցություն է ունեցել: Իսկ ռադիոկայանի հեռարձակման շարունակման կամ դադարեցման հարցերն, ըստ Տ. Թորոսյանի, ԱԺ լիազորություններից դուրս են, եւ նա Գոդֆրիին խորհուրդ է տվել այդ խնդրով դիմել հասցեատերերին: