«Ես ուզում եմ հիմնավորել, թե ինչու եմ համոզված, որ սրանք քաղաքական նպատակներ հետապնդող նախագծեր են եւ իջեցված են Բաղրամյան 26-ից՝ նախագահականից: Եվ իմ հիմնավորումը հարցի ձեւով եմ տալու: Ինչո՞ւ պիտի այս օրինագծերը քննարկվեն արտահերթ նստաշրջանում»,- երեկվա ասուլիսում հարցնում էր Երեւանի Մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում են երկու՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Առաջին նախագծի դեպքում հեղինակներն առաջարկում են Հանրային հեռուստառադիոընկերությանն ընդհանրապես արգելել իր հաճախականություններով այլ լրատվամիջոցի եթեր տալ: Ներկայումս Հանրայինն է որոշում, թե ում եթեր տա, կամ ընդհանրապես` տա՞, թե՞ չտա: Այդ օրինագծի ընդունումից հետո Հանրայինին արգելվում է եթեր տրամադրել այլ հեռարձակողներին: Իսկ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններն այդ հեռարձակվողներին եթեր տրամադրած մյուս հեռուստառադիոընկերություններին առաջարկում է պետտուրք վճարել բազային տուրքի 70-ապատիկի չափով: Այսինքն` հեռարձակած յուրաքանչյուր եթերի համար՝ 70.000 դրամ: Քանի որ Հանրայինով հեռարձակվում է միայն մեկ «այլ հեռարձակվող»՝ «Ազատություն» ռադիոկայանը, ուզես թե չուզես, պետք է ընդունես, որ այս նախագծերի նպատակը Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դադարեցումն է:
«Սովորաբար արտահերթ նստաշրջանում լսվում են հասարակության համար կենսականորեն անհրաժեշտ կամ այնպիսի նախագծեր, որոնք ժամկետային բնույթ ունեն,- ասում է Մ.Հարությունյանը: -Հիմա հարցս ուղղում եմ այդ արտահերթ նստաշրջանի նախաձեռնողներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Գեւորգ Դանիելյանին չեմ ուղղում, որովհետեւ ինքն ընդամենը կատարածու է՝ այդ ի՞նչ կենսական, հրատապ, հասարակության համար խիստ անհրաժեշտ հարցեր էին լուծում այդ երկու օրինագծերը, որ անհրաժեշտ էր մտցնել արտահերթ նստաշրջանի օրակարգ»:
Եթե օրինագծերը քննարկվեին ոչ թե արտահերթ, այլ հերթական նստաշրջանի օրակարգում, պիտի անցնեին անհրաժեշտ բոլոր ընթացակարգերով: Այսինքն` պետք է քննարկվեին հանձնաժողովներում: Այդ ժամանակ հնարավոր է, որ հրավիրեին համապատասխան ներկայացուցիչներ, պիտի լսեին նրանց կարծիքը, իսկ դա հաստատ աղմուկ կբարձրացներ: Իսկ արտահերթ նստաշրջանը նման երկար ընթացակարգ չի ենթադրում: «Մտցնում են, քննարկում են, հետո որոշում են ընդունում, թե 24 ժամվա ընթացքում պետք է երկրորդ ընթերցմամբ օրինագիծն անցկացվի, ու այդպես արագ ընդունվի,- ասում է Մ.Հարությունյանը: -Այսօրվա խորհրդարանում առնվազն 94 կոճակ սեղմող կա, որոնց բացարձակապես չի հետաքրքրում հարցի էությունը, որոնց միակ մտահոգությունն է շուտ պրծնելն ու տղերքով գնալ մի կտոր հաց ուտելը: Այս հրատապությունն ինձ դրդում է ասելու, որ սա քաղաքական որոշում է` ուղղված է կոնկրետ ռադիոկայանի դեմ: Եթե այդպես չէ, թող Տիգրան Թորոսյանը օրինագծին դեմ քվեարկի, ինչպես ասել էր»:
Հատկանշական է, որ այս երկու օրինագծերը դատապարտող երեկվա ասուլիսը լուսաբանելու չեն եկել հեռուստաընկերությունները: Չկային նաեւ ռադիոընկերությունները: Եվ այս հանգամանքը բանախոսներին հիմք տվեց հայտարարելու, թե ինչպես օրինագծերն են ԱԺ իջեցվել Բաղրամյան 26 հասցեից, այդպես էլ այդ նույն հասցեից հեռուստաընկերություններին են կարգադրել չլուսաբանել իրենց որոշումը դատապարտող քննարկումը: Սա նշանակում է, որ այդ հասցեից էլեկտրոնային լրատվամիջոցների վրա գործում է գրաքննադատություն: «Ազատությունը» միակ ռադիոկայանն է, որը դուրս է իշխանությունների վերահսկողության սահմաններից: «Այս օրինագծերով իշխանություններն ուզում են խոչընդոտել առաջին հերթին «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը,- երեկ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:- Այս փաստը ես կարող եմ համեմատել «Ա1+»-ի փակման հետ: Մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաները մեզ հետ հանդիպման ժամանակ բազմիցս ասում էին, թե ինֆորմացիայի ոլորտին վերաբերող ցանկացած օրինագիծ նախքան խորհրդարան մտնելը կանցնի լայն քննարկում: Մասնավորապես այդպիսի խոստում է տվել Դավիթ Հարությունյանը: Այս խոստումներն էլ չեն կատարվում, նաեւ անտեսվում են ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի՝ փոփոխությունները չընդունելու մասին հորդորները»:
Ի դեպ, այդ փոփոխությունները կառավարությունը հիմնավորում է հեռահաղորդակցության դաշտում գոյություն ունեցող տնտեսական մրցակցության խնդիրներով: Իբր օտարերկրյա ազգային խմբագրությունները եւ այլ ընկերությունները գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում:
««Ազատություն» ռադիոկայանն այդպես ակտիվ գովազդ վաճառող ընկերություն չէ եւ չի խոչընդոտում մյուս ռադիոկայաններին,- ասում է «Ինտերնյուզ» հ/կ նախագահ Դավիթ Սանդուխչյանը: -«Ազատության» բնույթը խիստ տարբերվում է այլ ռադիոալիքներից, սա ավելի շատ լրատվական եթեր է, ուրեմն` մրցակցային խնդիր չկա: Հակառակը` մրցակցային խնդիր կա տեղի ալիքների եւ վերահեռարձակվող ալիքների՝ «OPT»-ի, «PTP»-ի «CNN»-ի միջեւ: Այստեղ իրոք խախտվում է մրցակցային դաշտը, հավասարության սկզբունքը, այս բոլոր ընկերությունները եթեր են վերավաճառում: Այս հարցը մենք, 5 տարի է, բարձրացնում ենք, բայց կառավարության եւ ԱԺ-ի կողմից որեւէ արձագանք չի եղել: Եվ եթե մեր իշխանությունները մտահոգված են Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մրցակցության պայմաններով, ես խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել հենց այս խնդրի վրա»:
Մեր իշխանություններին երբեք չեն հուզել վերահեռարձակվող ալիքները, որովհետեւ դրանք երբեւէ իրենց համար խնդիրներ չեն առաջացրել, Հայաստանի մասին հազվադեպ են նյութեր հրապարակել: Մինչդեռ «Ազատության» թողարկած լրատվությունն առնչվում է մեր ներքին կյանքին, քաղաքական իրադարձություններին, դրա համար էլ հենց սա է իշխանությունների համար վտանգ ներկայացնում: Երեկ երբ տեղի էր ունենում այս քննարկումը, նույն ժամին ԱԺ-ն քննարկում էր այդ օրինագծերը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձայների 79 «կողմ», 16 «դեմ» եւ 7 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է այս փոփոխությունները: ԱԺ կանոնակարգի համաձայն` այս օրինագծերի երկրորդ ընթերցումը պետք է լինի ընդամենը 24 ժամ հետո, այսինքն` այսօր: Եթե այսօր էլ խորհրդարանը կողմ քվեարկի, ապա օրինագծերը պետք է փոխանցվեն նախագահին` դրանք վավերացնելու համար: Իսկ այդ դեպքում միակ հույսն այն կլինի, որ Ռ. Քոչարյանը չվավերացնի այն ու հետ ուղարկի ԱԺ-ին: Սակայն միամիտ կլինի կարծել, թե Ռ. Քոչարյանն, այնուամենայնիվ, վետո կդնի դրանց վրա: Ավելի շուտ` Քոչարյանը կվավերացնի դրանք, ու 10 օր հետո դրանք կմտնեն ուժի մեջ, ու «Ազատություն» ռադիոկայանն այլեւս չի հեռարձակվի:
Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Բելառուսից եւ Ադրբեջանից հետո «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնող հաջորդ երկիրը կդառնա Հայաստանը: