Դեւիսը սուբյեկտիվ է

01/07/2007

Անդրադառնալով ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի վերջին հայտարարությանը, թե` միջազգային հանրությունը չի ընդունելու ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է. «Պրն Դեւիսի զբաղեցրած բարձր պաշտոնը, կարծում եմ, պետք է նրան պարտավորեցնի զերծ մնալ կանխակալության դրսեւորումներից, սակայն հերթական անգամ մենք ականատեսն ենք դառնում հակառակ երեւույթին: Թ.Դեւիսի կարծիքը հատուկ է Եվրոպայի պահպանողական շրջանակներին, որոնք չեն ընդունում համաշխարհային քաղաքականության զարգացման ակնհայտ դրական միտումները: Նման հայտարարությունները կրում են բացառապես ապակառուցողական բնույթ, քանի որ ազդում են հասարակական կարծիքի ձեւավորման վրա` խոչընդոտելով հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»: Այնուհետեւ Ա. Ղուլյանը Թ.Դեւիսին հիշեցրել է, որ ընտրությունները ժողովրդի կամքի արտահայտության ուղղակի ձեւ են եւ ժողովրդավարության կարեւորագույն դրսեւորում: «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը բխում է ԼՂՀ ժողովրդի ու համաշխարհային քաղաքակիրթ հանրության շահերից, եւ այդ զարգացման մակարդակը, բարեբախտաբար, չի որոշվում Թ.Դեւիսի սուբյեկտիվ կարծիքով: Այդ մասին են վկայում ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները, որոնք կարող են օրինակ ծառայել մի շարք երկրների համար, որոնցում իշխանության փոփոխությունը կատարվում է ընդունված միջազգային չափանիշներին հակառակ: Միջազգային կազմակերպությունների եւ քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, դատելով իրենց իսկ կարծիքներից, շահագրգիռ վերաբերմունք չունեն տարածաշրջանի դրական գործընթացների նկատմամբ: Հակված չենք մտածել, որ նրանք գերադասում են կամայականությունն ու անօրինականությունը»: ԼՂՀ ԱԺ նախագահը նաեւ հավելել է, թե նման արտահայտությունները ոչ մի կերպ չեն կարող արգելակել ԼՂՀ-ում իրականացվող ժողովրդավարական գործընթացները, քանի որ ԼՂՀ ժողովուրդը հերթական անգամ ապացուցել է դա` 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունելով ԼՂՀ Սահմանադրությունը, որում հստակորեն ամրագրվել են ժողովրդավարական զարգացման սկզբունքները, որոնցով մեր հասարակությունն առաջնորդվում էր նաեւ մինչեւ հիմնական օրենքի ընդունումը եւ կառաջնորդվի այսուհետ եւս: «ԼՂՀ ընտրությունների նկատմամբ թերահավատ վերաբերմունք ունեցողներին եւ դրանց օրինականությունը չճանաչողներին կարող ենք առաջարկել հաստատված օրենսդրական կարգով, որպես դիտորդներ, մասնակցել ընտրություններին եւ կարծիք կազմել դրանց արդյունքներով: Կարծում եմ, նախքան ենթադրական գնահատականներ տալը արժե թեկուզեւ մեկ անգամ մասնակցել նման ընտրություններին»,- ասել է նա: