Երեկ «Հայելի» ակումբում բանավիճելու հերթը Երջանիկ Աբգարյան-Ալեքսանդր Մանասյան զույգինն էր: Թեման ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրը եւ ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններն էին: Ե. Աբգարյանը՝ որպես ՀՀՇ վարչության անդամ, ու Ա.Մանասյանը՝ որպես «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հ/կ նախագահ, Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարբեր կերպ էին պատկերացնում: Ե.Աբգարյանը պնդում էր, որ հարցը զուտ քաղաքական է, իսկ Ա. Մանասյանն էլ Ղարաբաղի հարցով բանակցողներին առաջարկում էր կիրառել իրավաքաղաքական տարբերակ: «Նման կարգի ակնթարթային քննարկումները չեն կարող գործին օգուտ տալ: Պետք է Հ1 հեռուստաալիքով մի կարգին ծրագիր լինի, որտեղ էլ իշխանություններն ընդդիմադիրների հետ բանավեճում կարող են գտնել խնդրի կարգավորման ճիշտ տարբերակը: Մենք ԼՂՀ-ի շուրջ գրավել կամ զբաղեցրել ենք անվտանգության գոտի, որը ձեւակերպվել է, թե մենք գրավել ենք Ադրբեջանի տարածքները: Մինչդեռ այդ հողերում կա հանրապետություն ու բանակ»,- ասում է Ա. Մանասյանը: Բանախոսը հիշեցնում է, որ իրավական փաստաթղթերով Ղարաբաղը մերն է եղել, եւ բանակցություններում Ադրբեջանին ու համաշխարհային հանրությանն անընդհատ պետք է հիշեցնել այս մասին: «Եթե ՄԱԿ-ը որոշել է, որ խորհրդային երկրներին ճանաչում է իրենց սահմաններով, ուստի Ղարաբաղի դեպքում խնդիրը պետք է քննարկվի քաղաքական հարթությունում»,- վստահեցնում էր Ե.Աբգարյանը: Իսկ Ա. Մանասյանն ի պատասխան հակադարձեց` ասելով, թե` «Նման որոշում չի եղել: 1991-ին խոշոր տերություններն են նման որոշում ընդունել: Մինչ ՄԱԿ-ը կճանաչեր Ադրբեջանին, այդ տարիներին Ղարաբաղն արդեն կայացած պետություն էր»: Բանավեճը բավական բուռն էր, ուստի Ե.Աբգարյանն անպատասխան չթողեց Ա. Մանասյանի վերոնշյալ հայտարարությունը. «Եթե տեղյակ չեք, նման բան մի ասեք: 130 տարի է՝ փորձում ենք մեր խնդիրները կարգավորել իրավական հարթությունում եւ միշտ էլ պարտություն ենք կրում: Մենք զավթիչ չենք, սակայն մեզ զավթիչ ենք սարքել: Հայաստանը ԼՂՀ հակամարտության խնդրում բանակցող կողմ է, հակամարտողները երկուսն են`Ադրբեջանը եւ Ղարաբաղը»:
Իսկ ի պատասխան Ա. Մանասյանի այն հայտարարության էլ, թե` 1994-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի համաձայն բանակցությունները եռակողմ են` «Հայաստան-Ադրբեջանը, իսկ ԼՂՀ ընտրված իշխանությունը հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ», Ե. Աբգարյանն ասաց. «Նման որոշում չկա: Այդ կապակցությամբ կա Բուդապեշտի գագաթաժողովը, որով ԼՂՀ-ն ճանաչվել է որպես հակամարտող կողմ»:
Ինչեւէ, բանավեճի թեման գնաց-հասավ 1990-ականների սկիզբները, եւ Մանասյանը հիշեց, որ ներկայիս «օլիգարխների չարի արմատի սերմանողը ՀՀՇ-ն է եղել», եւ, որ նախկին իշխանություններն իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ ԽՍՀՄ-ը քանդելու առաջամարտիկը դառնալու հարցում: «Դրա համար էլ քացիների տակ ընկանք»,- հայտարարեց Ա. Մանասյանը: Ե.Աբգարյանը, բնականաբար, անարձագանք չթողեց նաեւ Մանասյանի այս մեղադրանքները` ասելով, որ եթե իրենց թողնեին, ապա 2001-ին մեր տնտեսական աճին այլեւս տեղ չէր լինելու: Իսկ հիմա, ըստ Ե.Աբգարյանի, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանով անցնող բոլոր ծրագրերից եւ, եթե այսպես «ստատուս քվոն» շարունակվի, ապա «սրա վերջը պատերազմն է»: Բանախոսները շփման եզրեր էին գտնում միայն մի քանի կետերի շուրջ: Նախ, որ Քոչարյանն ու Ալիեւն այսօր լուծում են Ղարաբաղի հարցը, այն դեպքում, երբ ԼՂՀ ժողովուրդը նրանց վստահության քվե չի տվել եւ կարող է չընդունել նրանց կայացրած ցանկացած որոշումը: Իսկ ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ ուզում էին տեսնել ոչ թե մարդ-անհատի, այլ քաղաքական կոնցեպցիայի ընտրություն: