– Պարոն Ավանեսյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար։
– Կարծում եմ, դա ոչ մի կապ չունի նախագահի թեկնածուների առաջադրման հետ։ Տեսնելով, որ մեր ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, որ անարդարություն շատ կա, եւ պետք է օգնել ժողովրդին` սոցիալական վիճակը բարելավելու համար, որոշել եմ առաջադրվել եւ ուղղել այդ բոլոր սխալները։ Ինչ վերաբերում է «ծանր բեռին», կարծում եմ, դա ծանր բեռ չի լինելու, քանի որ նախագահը չի մասնակցում բանակցություններին։ Հանդիպումն անց է կացվում Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ, այդ իսկ պատճառով ծանր բեռ լինել չի կարող։ Ընտրվելու դեպքում այնպես պետք է անեմ, որ Ղարաբաղի նախագահը կամ ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին։ Իմ կարծիքով, Քոչարյանը պետք է կտրուկ հարց դնի` կա՛մ Ղարաբաղն էլ է մասնակցում, կա՛մ չենք մասնակցում։
– Ձեր նախընտրական ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները։
– Իմ նախընտրական ծրագիրը տարբերվում է նրանով, որ նշում եմ իմ ասածների իրականացման ձեւերն ու մեթոդները։ Իմ ծրագիրը լոզունգի տեսքով չէ։
– Կնշե՞ք ձեր ծրագրի երեք կարեւորագույն եւ առանցքային դրույթները։
– Ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, ազատագրված տարածքների պահպանում, ԼՂՀ միջազգային ճանաչում։
– Ձեր կարծիքով՝ թեկնածուների համար հավասա՞ր պայմաններ են ստեղծված նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։
– Պայմանները հավասար են, բայց մենք հավասար հնարավորություններ չունենք:
– Ինչի՞ հետ է կապված քարոզչության շրջանում ձեր պասիվությունը` հանդիպումները շատ քիչ են, պաստառներ չկան, եւ այլն։
– Դա միայն կապված է ֆինանսական միջոցների հետ։ Ես Արցախի Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ելույթներ եմ ունենում` նախատեսված անվճար եթերաժամի շրջանակներում, իսկ վճարովի եթերաժամի հնարավորություն չունեմ։